Իշխան Սաղաթէլեան. «Մենք պայքարել ենք, պայքարում ենք եւ պայքարելու ենք»

«Անընդհատ որ գոռում են՝ «մեզ ուզում են գիւլեն, սպանեն», վստահեցնում եմ՝ իրենք մեզ պէտք են ողջ եւ առողջ, գիւլելով պատժելու ցանկութիւն չունենք»,- յուլիսի 10-ին դատարանի բակում, ուր ընթանում էր ՀՅԴ ՀԵՄ անդամ 18-ամեայ Անդրանիկ Չամիչեանի գործով դատական նիստը, լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ին վերագրւող իբրեւ «ահաբեկչութիւն» կազմակերպելու մեղադրանքներին:
«Դաշնակցականների տները խուզարկութիւններ անելը, նման մեթոդներով մեր հետ վարւելը նոր երեւոյթ չէ, անցնող հինգ տարւայ մէջ պարբերաբար է եղել է, բայց հիմա ՀՅԴ երիտասարդներին մեղադրել ահաբեկչութիւն կազմակերպելու մէջ, մի նոր ծաւալի, նոր մասշտաբի խուժանութիւն է, որն արւում է Նիկոլ Փաշինեանի հրահանգով եւ ուժային կառոյցների անմիջական կազմակերպմամբ եւ մասնակցութեամբ։ Նպատակը շատ պարզ է։ Դաշնակցութիւնը, որպէս ազգային, համահայկական կուսակցութիւն, որպէս կայացած համակարգ, սրանց յանձման եւ մեր պետականութեան վերացման քաղաքականութեան դէմ պայքարող հիմնական ուժերից է։ Սրանք փորձում են ձերբակալութիւններով, վարկաբեկելով մեկուսացնել Դաշնակցութեանը՝ փորձելով ջարդել այն դիմադրութեան օջախները, որ գոյութիւն ունեն… շատ կարճ ժամանակ յետոյ պարզւելու է, որ ոչ միայն ահաբեկչութեան նախապատրաստութիւն չկար, այլ նաեւ ամէն ինչ սարքւած էր, նաեւ այն քննիչների, մարդկանց կողմից, ովքեր փորձում են այս ամէնը վերագրել մեզ»,- ասաց Իշխան Սաղաթէլեանը։
«Նիկոլ Փաշինեանի հետ ունեն գրաւոր պայմանաւորւածութիւն, այն կապիտուլիացիայի պայմանագիրը, որին Նիկոլ Փաշինեանն ասում է՝ «խաղաղութեան պայմանագիր», շատ յստակ այդ փաստաթղթում ձեւակերպումները կան, որ ազգային ուժերին, այն ուժերին, որ փորձում են նաեւ ռեւանշիստական անւանելով սահմանափակել նրանց գործունէութիւնը, Փաշինեանն ունի գրաւոր պայմանաւորւածութիւն Ալիեւի հետ՝ այդ գործընթացը իրականացնելու համար, որովհետեւ ու՞մ համար պարզ եւ յայտնի չի, եթէ կայ Դաշնակցութիւնը, թուրքերն ու ադրբեջանցիները չեն կարող Հայաստանում իրենց լաւ զգալ, չի կարող Հայաստանը թրքացւել։ Մենք 135 տարի պայքարել ենք մեր ժողովրդի իրաւունքների, մեր պետութեան, անկախութեան, ինքնիշխանութեան համար, եւ այո՛, այդ պայքարը կանգ չի առնելու, որեւէ կերպ կանգ չի առնելու, իսկ ինչ վերաբերւում է Դաշնակցութեան փակելուն, եթէ այս երկրում մի բան պէտք է փակւի ու գործունէութիւնը կասեցւի, դա՝ ՔՊ-ն է։ Իսկ փորձերը Դաշնակցութեանը կասեցնելու այս 130 տարւայ մէջ շատ են եղել, հիմա այդ փակողները չկան, բայց Դաշնակցութիւնը կայ ու լինելու է, որովհետեւ մեր նպատակը բխում է մեր ժողովրդի հաւաքական շահերից, մեր պետութիւնից, իսկ մենք բացի պետութիւնը պաշտպանելուց, այլ բան չենք արել»,- ասաց Իշխան Սաղաթէլեանը։
«Դաշնակցութիւնը մէկ անձի, մէկ հոգու շուրջ ստեղծւած խմբակ չէ՝ ի տարբերութիւն իրենց։ ՀՅԴ-ն ազգային, ընկերվարական, յեղափոխական կուսակցութիւն է, սա համակարգ է ու, այո՛, Դաշնակցութիւնը հայ ժողովրդի իմունիտետն է, որն իրենք չեն կարող կոտրել։ Չի՛ ստացւելու, մենք այս բռնաճնշումների միջով անցել ենք միշտ, անցնելու ենք, այստեղ առաջինը մեր պետութիւնն է, մեր հայրենիքն է ու դրա համար մենք ցանկացած զրկանքների եւ զոհողութիւնների պատրաստ ենք, հետեւաբար այս ամէնը կանգնելու է իրենց կոկորդին»,- նշեց Իշխան Սաղաթէլեանը։
«Շատերը նաեւ լկտիաբար այս օրերին թիկունքից հարւածելով, ինչ-որ ամէն ինչ մանիպուլացնելով, թէ իբր մենք ասում ենք՝ սպասէք ժողովուրդ, ոչ մի բան պէտք չի անել, ես պարզ ասում եմ՝ ո՞վ իրաւունք ունի, Հայաստանի ո՞ր քաղաքական ուժը կամ քաղաքական գործիչն է վաստակել այդ իրաւունքը, որ կարող է Դաշնակցութեանը, ինձ մեղադրել, որ մենք անցնող տարիների ընթացքում ոչ մի բան չենք արել, ասել ենք՝ ժողովուրդ ջան, նստէք, սպասէք։ Ես շատ-շատերին անւանական մեղադրելու իրաւունք ունեմ։ Հիմա մի կողմից մեղադրում են, թէ՝ ոչ մի բան չէք արել, միւս կողմից էլ մեղադրում են՝ դէ լաւ, ինչ-որ շարժում եղել է, դուք էք համակարգել, ձախողել էք, էդ ո՞նց հասկանալ։ Չեմ ուզում ամէն մի փսլնքոտի անդրադառնամ, բայց մենք մեր անցած իւրաքանչիւր օրւայ համար պարզ ճակատով մեր ժողովրդին կարող ենք բացատրութիւն տալ»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը։ «Մենք պայքարել ենք, պայքարում ենք եւ պայքարելու ենք, իսկ ինչ վերաբերում է սրանց հեռացման ճանապարհներին, ասել եմ ու շարունակում եմ պնդել, պէտք է հասնենք մի կետի, կազմակերպենք մեր ժողովրդին, համաժողովրդական ընդվզման միջոցով հեռացնենք այս իշխանութիւններին, դրա ե՛ւ հնարաւորութիւնները կայ, ե՛ւ ճանապարհը կայ, պարզապէս պէտք է ֆէյսբուքից դուրս գալ, ժողովրդի հետ աշխատել, գործուն քայլեր ձեռնարկել եւ անկապ դիւիդենտներ կամ փարւելու փոխարէն գործ անել ու հասնել այդ կէտին․ ՀՅԴ-ն գնում է այդ ենք ճանապարհով»,-ասաց Իշխան Սաղաթէլեանը։
Arfd.am