ԹեհրանՀամայնքՀարցազրոյց

Ալեքս Կարապետեան. «Բոլորս միասին մասնակցենք Ապրիլեան ոգեկոչման ծրագրերին»

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Հայոց Ցեղասպանութեան 110-րդ տարելիցի Կենտրոնական յանձնախումբը մի քանի ամիս է ինչ ծաւալում է իր աշխատանքները:

Կատարւած աշխատանքների մասին հանրութեանը իրազեկելու նպատակով հարցազրոյց ենք ունեցել յանձնախմբի ատենապետ Ալեքս Կարապետեանի հետ:

Ալեքս Կարապետեանը անդրադառնալով ցայժմ կատարւած աշխատանքների մասին ընդգծեց. «110- րդ տարելիցի որպէս կարգախօս յանձնախումբը ընտրել է. «Ուրանալով անցեալը կը կորցնենք ապագան», քանզի համոզւած ենք, որ հայ ժողովուրդը իր ապագան եւ հզօր հայրենիքի ապագան պէտք է կառուցի իր անցեալը յիշելով եւ դասեր քաղելով:

Անհրաժեշտ է ընդգծել, Ապրիլ 24-ի օրւայ նաեւ յաջորդ օրերի միջոցառումներին մեր սիրելի ժողովրդի խուռներամ շարքերով մասնակցութիւնը, արար աշխարհին ապացուցելու է, որ հայ ժողովուրդը ոչ միայն չի մոռացել իր Սրբադասւած Նահատակների արդար կանչը, այլ՝ միշտ պահանջատէր է մեր ժողովրդի ոտնահարւած իրաւունքների իրականացման:

Անդրադառնալով ծրագրերին պէտք է ասեմ, որ փետրւար ամսից յանձնախումբը իրականացնում է իր աշխատանքները: Այս տարի ապրիլ 23-ի երեկոյեան Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու շրջափակում տեղադրւած Բիւրաւոր նահատակների յուշարձանի մօտ կատարւելու է միայն մոմավառութիւն: Քանի որ այս տարի Ապրիլ 24-ի օրը համընկնում է Իրանում կրօնական սուգի, այդ իսկ պատճառով ապրիլ 23-ի երեկոյեան երիտասարդական համահաւաքը կայանալու է մայիս ամսին: Ապրիլ 24-ի առաւօտեան Ս. Սարգիս եկեղեցում կատարւելու է բարեխօսական աղօթք, ծաղիկներ են  խոնարհւելու Սրբադասւած Նահատակների յիշատակին եւ տեղի է ունենալու քաղաքական համահաւաք: Նոյն օրը երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում նախաձեռնութեամբ՝ Հայ Դատի յանձնախմբի՝ ՀՈՒՍԿ հաստատութեան, ընկալեալ սովորութեան համաձայն տեղի է ունենալու կենտրոնական, բանախօսական-գեղարւեստական ծրագիր:

Այս տարի աշակերտական ծրագրերի իրականացման հարցով ինչ որ նորարարութիւն է կատարւել Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի հետ համադրաբար: Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Դաստիարակչական յանձնախմբի նախաձեռնութեամբ հինգշաբթի՝ ապրիլի 10-ին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում տեղի ունեցաւ տարրական օղակի դպրոցների աշակերտների ձեռքի աշխատանքների միասնական երկօրեայ ցուցահանդէս:

Միջնակարգ օղակի հարցով Թեհրանի՝ Կենտրոն, Սասուն եւ Զէյթուն երեք քաղաքամասերի հայոց դպրոցների աշակերտները կազմակերպել եւ կազմակերպելու են միասնական միջոցառումներ: Ապրիլ 24-ի օրը նոյն օղակի աշակերտ-աշակերտուհիները մասնակցելու են ծաղիկների խոնարհման արարողութեանը:

Նախակրթարան-մանկապարտէզի եւ տարրական օղակների աշակերտ-աշակերտուհիները իւրաքանչիւր քաղաքամասի եկեղեցիներում ծաղիկներ են խոնարհելու Հայոց Ցեղասպանութեան յուշարձանների մօտ:

Քարոզչական առումով յանձնախմբի կողմից արդէն պատրաստւել եւ Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում գտնւող Նահատակների յուշարձանի թիկունքում տեղադրւել է այս տարւայ պաստառը, պատրաստւել են նաեւ յայտագրեր, որոնք տրամադրւելու են միութիւններին, կառոյցներին եւ դպրոցներին»:

Ալեքս Կարապետեանը ընդգծեց, որ. «Յանձնախմբի դիւանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի հետ աշխատանքների համադրութեան հարցով:

Ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպում ենք ունեցել նաեւ միութիւնների ներկայացուցիչների հետ, նրանց քաջալերելով, որ այս տարի աւելի շուքով եւ ըստ հնարաւորին միասնական ծրագրեր իրականացնեն»:

Նա վերջում ընդգծեց. «Բոլորս միասին մասնակցենք մեր Սրբադասւած նահատակների յիշատակին կազմակերպւող ծրագրերին»:

Հարցազրոյցը վարեց ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԸ

Related Articles

Back to top button