ՀՐԱՉ ԶԱՐԻՖԵԱՆ, վաստակաւոր ազգային-հասարակական գործիչ, հաւատաւոր գաղափարական։
Մի անուն, որի համար ոչ թէ խօսում են կենսագրական տւեալները, այլ վերջին 50 տարւայ իր գործունէութիւնը։
Յարգւած ու սիրւած էր Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան շրջանակում։
Յարգւած ու սիրւած էր իր կուսակցական ընկերների կողմից։
Մանուկ եւ պատանի հասակից ճաշակեց միութենական կեանքը. եղաւ յանձնառու եւ պարտաճանաչ իրեն վստահւած աշխատանքներում։
Երիտասարդ հասակում անդամագրւեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերին եւ մինչ կեանքի վերջը հաւատարիմ մնաց իր դաւանած գաղափարներին։
Բնաւորութեամբ հանդարտ էր, զուսպ եւ հաշւենկատ, այդ իսկ պատճառով ամենաբարդ պայմաններում կարողանում էր ճանապարհ գտնել եւ լուծումներ առաջարկել։
Հաւանաբար իր այդ նկարագրից էր, որ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի օրերին, թէեւ առաջնագծում էր, սակայն ամենաբարդ պայմաններում կարողացաւ յաղթահարել մահը։
Երկար տարիներ եւ տարբեր շրջաններում եղել է Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան բազմաթիւ միաւորների, յանձնախմբերի եւ Կենտրոնական վարչութեան անդամ։
Կուսակցութեան մէջ նաեւ նոյնն էր։ Երկար տարիներ աշխատել է տարբեր յանձնախմբերում, եղել է Կենտրոնական կոմիտէի անդամ, Հայ Դատի գրասենեակի վարիչ եւ յանձնախմբի ու ազգային կառոյցների անդամ։
Եղել է նաեւ «Ալիք» օրաթերթի տնօրէն։
Վերջին տարիներում իր առողջական վիճակի պատճառով փորձում էր յանձնարարութիւններ չստանձնել, սակայն յանձնառու էր, երբ ինչ որ աշխատանք էր ստանձնում։
Երբ զաւակները որոշեցին հայրենիքում բնակւել, ինքն ու Լիդան եւս որոշեցին Հայաստան տեղափոխւել։
Ուրախ եւ երջանիկ էր իր ընտանիքը համախմբւած տեսնելով։ Հայաստանում եւս ստանձնեց պարտականութիւններ։ Սակայն այդ երջանկութիւնը կարճատեւ եղաւ։
Կարճ ժամանակում անողորմ հիւանդութիւնը քայքայեց նրա առողջութիւնը եւ այս անգամ նա չկարողացաւ յաղթահարել մահը։
Մեր շատ սիրելի ընկեր Հրաչ, կը յիշւես որպէս յանձնառու եւ պարտաճանաչ Դաշնակցական, եւ քո վաստակը իրանահայ կեանքում կը մնայ որպէս լաւագոյն փաստ, քո գործունէութեան եւ նւիրւածութեան։
Քեզ միշտ կը յիշեն ընկերներդ։ Երթաս բարով դէպի յաւերժութիւն։
Հողը թեթեւ լինի վրադ սիրելի ընկեր։
ՀՅԴ Իրանի Հիւսիսային շրջանի
Կենտրոնական Կոմիտէ