ԱտրպատականՀամայնք

Միջին Արեւելքի Քրիստոնեայ զոհերին նւիրւած պետական յարգանք՝ Թաւրիզի ազգային գերեզմանատանը

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Երեքշաբթի՝ հոկտեմբերի 22-ի ժամը 16:00-ին, Իրանի Իսլամական Հանրապետութեան Նահատա­կաց պետական գրասենեակի միջոցով Միջին Արեւելքում տեղի ունեցող պատերազմի հետեւանքով ընկած նահատակաց յատուկ ծրագիր մատուցւեց Թաւրիզի հա­յոց ազգ­ային գերեզմանատան սրահում: Պետական փողերախումբը Իրանի քայլերգի եւ նա­հա­տա­կաց մահերգի կատարումներով ներշնչեց ներկայ բազմութեանը:

Պաղեստինում, Լիբանանում եւ Սիրիայում Սիոնիստական բանակի աւերիչ յար­ձակումնե­րի հետեւանքով նահատակւած բազմաթիւ անմեղների, ինչպէս նաեւ կործանւած ե­կեղեցու եւ նահատակւած քրիստոնեաների համար, մասնաւոր ծրագիր էր նախապատրաստւել, որին ներ­կայ գտնւեցին Ատրպատականի հայոց թեմի առաջ­նորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, Թաւրի­զի աղօթապետի ներկայացուցիչ կրօնաւոր Չաուշին, Ատրպատականի արեւելեան նահանգի Աշուրայի գնդապետ զօր. Աբ­բաս Գօլիզադէ, Նահատակների եւ ազատամարտիկների գրասենեակի տնօ­րէն Սալա­մի, Փոքրամասնութեան պատասխանատուն, Քաղաքապետարանի բարձրաս­տիճան պատասխանատուներ, եւ այլ հիւրեր: Սրահում ներկայ էին Իրան-Իրաք պատերազմի հայ նահատակների հարազատները, ինչպէս նաեւ տե­ղացի հսկայ բազմութիւն, որոնք ե­կել էին հայ համայնքի հետ յարգելու Միջին Արեւելքում նահատակւած քրիս­տոնեա­նե­րի անմեռ յիշատակը:

Թեմական խորհուրդը պաշտօնապէս դիմաւորեց բոլոր հիւրերին, որոնք մեծ յարգանքով ժամանել էին գերեզմանատուն, իրենց խոնարհումը արտայայտելու, Պաղեստինում եւ Լիբանանում զոհւած քրիստոնեաների անմեղ հոգիներին:

Բացման խօսքը կատարեց կազմակերպիչ յանձնա­խմբի պատասխանատու Մոհ­սէնի, իսկ օրւայ պաշտօնական խօսքը տրւեց առաջնորդ Սրբազան հօրը: Նա զգացա­կան խոր ապրումների արտայայտմամբ յայտնեց, որ իր ամենափոքր հասակից միշտ կրել է Միջին Արեւելեան պատերազմական դժւար իրա­վիճակը, որի հետեւան­քով, շուրջ հինգ տարեկան հա­սակում կորցրել էր իր հօրը, իբրեւ նահատակ Բէյ­րութի ռմբահար­ման. «Պատերազմը համաշխարհային ամենավատ ի­րավի­ճակն է, որը ան­ար­դա­րու­թեան հետեւանքով տեղ է գրաւում մարդկութեան կեանքում: Երբ արդա­րութիւնը տեղ գտնի մարդկանց մտքում, խաղաղութիւնը կը լինի բնական ընթացքը աշխարհի: Այս կացութիւնը պատճառ կը հանդիսանայ, որ ծաղկի եղբայրու­թիւնը տար­բեր ազգերի, տարբեր կրօնների եւ իրարից տարբեր բնաւո­րութեամբ ապրող ժո­ղովուրդների մի­ջեւ: Զէնքի եւ ռումբի արտադրութեան փոխարէն, աշխարհի մեծագոյն ազդեցութիւնը ունեցող երկրներ երբեք չեն մտածում մշակոյթի զարգաց­ման յատ­կաց­նել ե՛ւ իրենց փողը ե՛ւ մարդուժը…: Ահա թէ ինչպէս մարդ էակն է, որ աշխարհն ու մարդկութիւնը առաջ­նոր­դում է կործանման: Ինչքա՜ն անմեղ մարդիկ կոտորւում են ամէն օր Գազայում եւ Լիբանանի տարբեր վայրերում»,- ասաց Սրբա­զան Հայրը, խնդրելով ներկաներից, որ իրենց սեփական աղօթքներում յիշեն յատկապէս նահատակւած ե­րեխաներին, որոնք դեռեւս իրենց երազներին չհասած, հրաժեշտ տւե­ցին կեանքին…:

Խօսք տրւեց նաեւ գնդապետ զօր. Աբ­բաս Գօլիզադէի: Նա խորապէս ազդւած Սրբազան հօր պատգամից, վեր հանեց միասնականութեան, արդարութեան եւ խաղա­ղութեան գաղափարները, վերստին շեշտելով դրանց ներկայութեան կարեւորութիւնը աշխարհի կեանքում, ազգերի ու երկրների փոխյարաբերութեան շրջագծում:

Զօր. Գօլիզադէ մասնաւոր յարգանք ընծայեց նաեւ նահատակների յիշատակին եւ մեծարեց նրանց հարազատներին, որոնք ներկայ էին սոյն ձեռնարկին: Աշխարհում խաղաղութեան վերահաստատման համար նա շեշտեց կրօնի դերակատարութիւնը, քրիստոնեաների համար Յիսուսի կերպարով, իսկ մուսուլմաններին՝ Մուհա­մմադ մարգարէի ուսուցումներով: Վերջապէս զօր. Գօլիզադէ ամփոփեց իր ելոյթը ասե­լով, որ այն ինչ վատ է, ժամանակաւոր բնոյթ ունի, դա մնայուն չի կարող լինել, սա­կայն այն ինչ որ լաւ է, այն է յաւիտենականը…:

Ծրագրի աւարտին, բոլոր ներկաները մօտեցան հայ նահատակների շիրիմնե­րին, եւ ծաղիկներ տեղադրեցին նրանց շիրմաքարերի վրայ: Այս առիթով Սրբազան Հայրը «Հոգւոց» աղօթքը արտասանեց, խաղաղութիւն մաղթելով բոլոր ննջեցեալնե­րի հոգիներին:

Related Articles

Back to top button