Սփիւռք

Նժդեհ Գարագաւորեան. «Ֆրանսիայում Աթաթուրքի արձանը կարմիր գիծ է, պէտք է կանխենք արձանի տեղադրումը»

Ֆրանսիայի ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական միութիւնը սոցիալական հարթակներում ահազանգում է, որ ֆրանսիական Էպինէ- սիւր-Սէն քաղաքում նախատեսւում է Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի տեղադրումը:

Դաշնակցութեան երիտասարդական միութիւնը դէմ է այդ նախաձեռնութեանը: Հաղորդագրութեան մէջ նշւում է, որ Աթաթուրքի յուշարձանն արտացոլում է ո՛չ արդարութիւնը, ո՛չ պատմական ճշմարտութիւնը եւ ո՛չ էլ բռնաճնշումների եւ բռնութեան զոհերի նկատմամբ յարգանքը, այլ ամօթը:

Alpha News-ի հետ զրոյցում «ՀՅԴ նոր սերունդ» երիտասարդական միութեան կենտրոնական վարչութեան ատենապետ Նժդեհ Գարագաւորեանը մանրամասներ է հաղորդել: Նրա խօսքով՝ Աթաթուրքի արձանի տեղադրումը նախատեսւած է հոկտեմբերի 26-ին, Էպինէ- սիւր-Սէն քաղաքում, որը Փարիզին շատ մօտ է գտնւում:

«Մենք ամէն բան անելու ենք, որ կանխենք Աթաթուրքի արձանի տեղադրումը: Իսկ եթէ չկարողանանք կանխել, ապա շարունակելու ենք պայքարը ու եթէ երբեմն պէտք լինի խաղալ կարմիր գծերի վրայ, ապա դա մեր մասնագիտութիւնն է ու մենք չենք թողնելու, որ այդ արձանը հանգիստ իր տեղը գտնի այդ քաղաքում:

Նրբութիւնն այն է, որ այդ արձանը ուզում են տեղադրել ոչ հանրային վայրում, փակ, անձնական, սեփական տարածքում, որը մեր գործը բաւական դժւարեցնում է, բայց մենք ամէն բան անելու ենք, որպէսզի քաղաքապետարանի ներգրաւածութիւնը Աթաթուքրի արձանի բացման հետ կապւած զրոյանայ»,- ասել է Նժդեհ Գարագաւորեանը:

Դաշնակցական գործիչը հիմնաւորել է նաեւ, թէ ինչու են դէմ Աթաթուքրի արձանի տեղադրմանը:

«Թէկուզ Աթաթուրքն իշխանութեան է եկել 1915-ից յետոյ, այդուհանդերձ բոլորս գիտենք, որ նա ձեւականօրէն ջարդարար սերունդի, ցեղասպանութեան կազմակերպիչ սերունդի հետ ունեցել է արժէհամակարգային, Թուրքիայի պետականութեան ընկալման մէջ տարբերութիւններ, բայց նա այդ մարդկանցից ոչ մի կերպ չի տարբերւել իր հայատեացութեամբ, իր բռնապետական մոլուցքով եւ արեան հանդէպ իր ծարաւով:

Աթաթուրքը ոչ միայն ծածկել է ցեղասպանութեան փաստերը այն տարիներին, երբ ղեկավարել է Թուրքիան, այլեւ շարունակել է այդ քաղաքականութիւնը, ծածկել է այդ քաղաքականութիւնը: Նա մեր եղբայր ազգերին՝ քրդերին կամ էլ փոքրամասնութիւն կազմող քրիստոնեաներին ջարդել է:

Նա մշտապէս ուզել է կառուցել մոնոէթնիկ պետութիւն, իսկ միւս ազգերին այլ դասակարգերի բաժանել: Աթաթուրքը ոչ միայն ցեղասպանութեան մեղսակիցն է, այլեւ ցեղասպանութիւնը շարունակող հպարտ թուրք ղեկավարն է, որի հետ մենք ունենք խնդիր եւ այս ճակատում մենք նահանջ չենք ունենալու»,- ընդգծել է Նժդեհ Գարագաւորեանը:

Related Articles

Back to top button