Գուրգէն Պետրոսեանը՝ Ալէն Սիմոնեանի յայտարարութեան մասին. «ՄԱԿ բանաձեւերը որեւէ ձեւով չեն մատնանշում, որ ՀՀ-ն օկուպացրել է այդ տարածքը»
ՀՀ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանն «Ազատութիւն» ռադիոկայանին տւած հարցազրոյցում բացասական պատասխան էր տւել հարցին՝ Ադրբեջանը լեգիտիմ իրաւունք ունի՞ Հայաստանից օկուպացնել տարածքներ, յարձակւել, բայց Արցախի վերաբերեալ շեշտել էր․ «Յարձակւել Ղարաբաղի վրայ եւ Հայաստանից տարածքներ օկուպացնել՝ տարբեր բաներ են իրաւունքի տեսակէտից։ Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողութիւն, որի տակ ինքն ունէր առնւազն 3-4 ՄԱԿ-ի բանաձեւ»։
ԱԺ-ում նա դարձեալ անդրադարձել էր այս հարցին՝ նշելով, որ Արցախն Ադրբեջանի միջազգայնօրէն ճանաչւած տարածք է եղել։ Աղդամն իր հայրենիքը համարող Ալէն Սիմոնեանի նման յայտարարութիւններն այս օրերին քննարկւում են ոչ միայն Հայաստանում, այլեւ Ադրբեջանում․ ադրբեջանական մամուլի գլխագրերում Սիմոնեանի ձեւակերպումներն են։
Հայ-գերմանական իրաւաբանների ասոցիացիայի նախագահ, միջազգային իրաւունքի մասնագէտ, Էռլանգէն–Նիւրնբերգի համալսարանի դասախօս Գուրգէն Պետրոսեանն այն կարծիքին է, որ քաղաքական տեսանկիւնից Ալէն Սիմոնեանը նման յայտարարութիւններ չպէտք է անի։
«ՄԱԿ-ի բանաձեւերն ասում են, որ հայկական ուժերը պէտք է դուրս գան այն տարածքներից, որոնք Արցախի՝ նախկին ԼՂԻՄ-ի տարածք չեն եղել։ 4 բանաձեւերը մատնանշում են, որ հայկական ուժերը պէտք է դուրս գան, այսինքն՝ բանաձեւերը որեւէ ձեւով չեն մատնանշում, որ ՀՀ-ն օկուպացրել է այդ տարածքը»,- 168․am-ի հետ զրոյցում ասել է նա։
«Ադրբեջանցիները յիմար չեն եւ Արցախում կատարածը ձեւակերպում են՝ հակաահաբեկչական գործողութիւն։ Աշխարհը չի աջակցում, եթէ պետութիւնների մէջ նոր պետութիւններ են առաջանում։ Բայց միեւնոյն ժամանակ, թէեւ նրանց գործողութիւններն Արցախի նկատմամբ՝ իրենց պրիզմայի շրջանակներում արդարացւած կամ իրաւունքի տեսանկիւնից լեգիտիմ են, դա չի նշանակում, որ էթնիկ զտումը կամ բռնի տեղահանութիւնն իրաւական հիմք ունեն, հակառակը՝ այստեղ իրենք կոպիտ միջազգային իրաւունքի ոտնահարում են կատարել, որն արդէն բերում է իրաւական, քաղաքական պատասխանատւութեան»,- նկատել է նա՝ ընդգծելով, որ թէպէտ ՄԱԿ-ի բանաձեւերը ԼՂԻՄ-ի կարգավիճակը չեն մատնանշում, բայց միեւնոյն ժամանակ այստեղ առաջանում է քաղաքական ճանաչելիութեան հարց։
«Աշխարհը ԼՂԻՄ-ը նոյնպէս դիտարկում էր՝ որպէս Ադրբեջանի մաս, եւ նոյնիսկ Հայաստանը Արցախի կարգավիճակը չէր ճանաչում, բանակցութիւնների ընթացքում կարգավիճակի հարցը միշտ յետաձգւում էր։ Կարգավիճակի հարցի լուծումը թողնւում էր յաջորդ գործողութիւններին։ Քանի որ Հայաստանն արդէն Պրահայում ԼՂԻՄ-ի տարածքը ճանաչեց Ադրբեջանի մաս, այս քաղաքական կամ իրաւաբանական հատւածը փոխւում է, եւ Հայաստանն արդէն չի կարող այդ թեմայի շուրջ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի մասին խօսել, դա կարող է անել միայն Արցախի ժողովուրդը։ Հայաստանի ձեռքերը կապւած են այն պահից, երբ Հայաստանն այդ հատւածը ճանաչում է Ադրբեջանի մաս»,- նշել է դասախօսը:
Գուրգէն Պետրոսեանը նշել է, որ Հայաստանի կողմից իրաւական գործընթացները վերաբերել են նրան, որ Հայաստանը երբեւէ կողմ չի հանդիսացել, որովհետեւ պաշտօնապէս Հայաստանում չի եղել զօրքերի հաւաքագրում, ՀՀ զօրքերի տեղակայում Արցախում, եղել է Պաշտպանութեան բանակ՝ Արցախում, եւ ՀՀ Պաշտպանութեան նախարարութիւն, դրանք տարբեր գործընթացներ են, որ դեռեւս 90-ականներից եղել են։
«Ադրբեջանի քաղաքականութիւնը վերաբերում է նրան, որ Հայաստանն օկուպացրել է, բայց ես դեռ չեմ տեսնում, որ ՀՀ քաղաքականութիւնը պնդի այն, որ ՀՀ միջամտութիւնն ուղիղ է եղել։ Այնտեղ ոչ ուղիղ միջամտութիւն է, միակ խնդիրը Նիկոլ Փաշինեանի ստորագրութիւնն է, որն ինչ-որ չափով դարձնում է հակամարտութեան կողմ, բայց ՀՀ քաղաքացիները, ովքեր գնացել են Արցախ, կամաւոր են գնացել, պաշտօնական գործընթաց չի եղել։ Սա հաստատւել է նոյնիսկ ՄԻԵԴ-ի որոշմամբ։ ՄԻԵԴ-ը «Չիրագովն ընդդէմ Հայաստանի» գործով նշել էր, որ այո, Հայաստանը դէ ֆակտօ ունի Արցախի նկատմամբ ազդեցութիւն, բայց ՀՀ-ն օկուպանտ չէ։ Սա շատ կարեւոր հանգամանք է»,- ասել է նա։
Հռոմի ստատուտի վաւերացմանն ու Միջազգային քրէական դատարան դիմելու, միջազգային տարբեր ատեաններում եղած գործընթացների վերաբերեալ նա նշեց, որ դրանք պէտք է շարունակւեն՝ անկախ քաղաքական յայտարարութիւններից, քանի որ այլ իրաւական եզրեր են ծածկում․ «Իրաւական տեսանկիւնից նախկին ԼՂԻՄ-ի տարածքի վերաբերեալ գործընթացները շատ դժւար է առաջ տանել, որովհետեւ այդտեղ երկու սկզբունք կայ՝ ինքնորոշման իրաւունք, տարածքային ամբողջականութեան սկզբունք, որոնք իրար հակասող են եւ իրաւական տեսանկիւնից բարդ է գործընթացներ տանել, որովհետեւ այստեղ քաղաքականութիւնը մեծ դերակատարութիւն ունի։ Բայց այն գործընթացները, որոնք վերաբերում են պատերազմական յանցագործութիւններին, էթնիկ զտմանը, հայատեացութեանը, այդ գործընթացներն ունեն բոլոր իրաւական հիմքերը»։
Գուրգէն Պետրոսեանը շեշտել է՝ Հայաստանի կողմից այս հարցին պարբերաբար անդրադառնալը սխալ է․ «ՀՀ-ն պէտք է խուսափի նման հարցերին իրաւական որոշակիութիւն տալ, քաղաքական տեսանկիւնից Ալէն Սիմոնեանն իրաւունք չունի այս թեմային անդրադառնալ, որովհետեւ ինքը պարբերաբար արդարացնում է Ադրբեջանի գործողութիւնները։
Նա պէտք է շեշտադրի, որ Ադրբեջանն այդ գործողութիւնները կատարելիս՝ այս տեսակի ոտնահարումներ է կատարել, որոնք միջազգային իրաւունքի տեսանկիւնից անընդունելի են։ Իրաւական հիմքը կայ, միգուցէ պէտք է դրա մասին բաց խօսել, բայց չեմ կարծում, թէ բարձր մակարդակով պէտք է այդ խօսակցութիւնները տանել»։