Բուսական կաթի խտացուցիչներն ի վիճակի են ստամոքսի խանգարում առաջացնել
Բուսական կաթը պարունակում է խտացուցիչներ, որոնք ի վիճակի են մարսողական խնդիրներ առաջացնել: Սակայն բուսական կաթն աւելի շատ բջջանիւթ եւ E վիտամին է պարունակում, քան կովի կաթը:
Դրա մասին MedicalXpress (MedX) բժշկագիտական հանդէսին պատմել է ԱՄՆ Ֆրիդմանի սնուցման ոլորտում գիտութեան եւ քաղաքականութեան դպրոցի դոցենտ Դիանա ՄըքՔէյը։
Բուսական կաթը հացահատիկից, սերմերից, ընկոյզից հանուկ (էքստրակտ) է՝ որոշակի համամասնութեամբ ջրով բացւած: Այս կաթը ցուցւած է լակտոզայի նկատմամբ դժւարակրելիութիւնից տառապող մարդկանց։
Այս մթերքը միաժամանակ անփոխարինելի է բուսակերների համար, քանի որ կենդանական ծագման մթերք չի պարունակում:
Փորձագէտը նշել է, որ բուսական կաթ արտադրողները կարող են արտադրանքի մէջ թանձրացուցիչներ եւ կայունացուցիչներ աւելացնել, մասնաւորապէս՝ կալցիումի ֆոսֆատ, դինատրիումի ֆոսֆատ եւ կարագինան՝ դրա խտութիւնը բարելաւելու համար, քանի որ բնոյթով այն աւելի ջրալի է։ ՄըքՔէյի համոզմամբ՝ մարդկանց մեծամասնութիւնն այս յաւելումները մարսելու առումով խնդիր չունի, թէեւ ոմանք կարող են ստամոքսի խանգարում ունենալ: Նման դէպքերում նա խորհուրդ է տալիս փորձել բուսական կաթի մի քանի տեսակներ եւ ընտրել առաւել համապատասխան տարբերակը։
Գիտնականը նշում է, որ բուսական կաթն օժտւած է մի շարք առաւելութիւններով. դրա որոշ տեսակներ աւելի շատ բջջանիւթ եւ E վիտամին են պարունակում, քան կովի կաթը։ Նշւում է, որ սոյայի կաթը սպիտակուցի բաղկացութեամբ նման է կովի կաթին, սակայն բնականաբար կալցիում եւ D վիտամին չի պարունակում։ Բուսական կաթի բոլոր տեսակներն արտադրական գործընթացում հարստացւում են վերոնշեալ նիւթերով։ Դա օգնում է արտադրանքը նմանեցնել կովի սննդային արժէքին:
ՄըքՔէյը միաժամանակ զգուշացնում է, որ բուսական կաթի բաղադրութիւնը զգալիօրէն տարբերւում է՝ կախւած ապրանքանիշից եւ տեսակից։ Նոյնիսկ նոյն ապրանքանիշի ներսում քաղցրացուցիչների եւ յաւելումների քանակը կարող է տարբեր լինել: Ուստի գիտնականը սպառողներին խորհուրդ է տալիս ուշադիր ուսումնասիրել բաղադրութիւնը՝ ուշադրութիւն դարձնելով սպիտակուցի, կալցիումի, D վիտամինի եւ B12-ի պարունակութեանը։
News.am