Այլ

Ծերացման դանդաղեցման մեխանիզմ ընդհատուն քաղցելու միջոցով

Մոլեկուլեար կենսաբանների ինտերնացիոնալ թիմը կարեւոր բացայայտում է կատարել՝ կապւած ծերացման պրոցեսի հետ։ Հետազօտութիւնը, որի արդիւնքները հրապարակւել են Nature պորտալում, ցոյց է տւել, թէ ինչպէս է ընդհատուն քաղցելը դանդաղեցնում ծերացումը եւ բարելաւում առողջութիւնը։

Աւելի վաղ յայտնի էր, որ կալորիականութեան սահմանափակումը եւ ընդհատուն քաղցելը երկարացնում են ինչպէս լաբորատոր կենդանիների, այնպէս էլ մարդկանց կեանքը եւ բարելաւում նրանց առողջութիւնը, գրել է Planet Today-ը։ Բայց այժմ գիտնականները պարզել են, որ այդ էֆեկտները կապւած են բնական նիւթի՝ սպերմիդինի հետ։ Դա պոլիամին է, որն օգնում է բջիջներին մաքրւել եւ պաշտպանել օրգանիզմը սիրտ-անօթային եւ նէյրոդեգեներատիւ հիւանդութիւններից։

Հետազօտողները յայտնաբերել են, որ քաղցելու տարբեր ռեժիմների դէպքում սպերմիդինի մակարդակը բջիջներում բարձրացել է։ Իսկ երբ գիտնականներն արգելակել են սպերմիդինի սինթեզը, քաղցելու դրական էֆեկտները թուլացել են։

Սպերմիդինը օգնում է ներառել աուտոֆագիայի պրոցեսը, երբ բջիջները վերամշակում եւ հեռացնում են վնասւած կամ անպէտք բաղադրիչները։ Այն ազդում է նաեւ յատուկ սպիտակուցի վրայ, որը մասնակցում է այլ սպիտակուցների սինթեզի կարգաւորմանը, ինչը նոյնպես կապւած է կեանքի երկարացման հետ։

Ընդհանուր առմամբ, հետազօտութիւը ցոյց է տալիս, որ սպերմիդինը կարեւոր դեր է խաղում այն մեխանիզմներում, որոնց շնորհիւ ընդհատուն քաղցելը կարող է դանդաղեցնել ծերացումը եւ բարելաւել առողջութիւնը՝ նոր ուղիներ բացելով պոտենցիալ թերապիաների համար։

NEWS.am Medicine

Related Articles

Back to top button