Գիտնականներն ստեղծել են բարդ կենսանիւթ սնկերի հիման վրայ
«ԱԼԻՔ» – Նիդեռլանդացի հետազօտողների խումբը ներկայացրել է օրգանական նիւթ, որն ունի ինքնավերականգնման իւրատեսակ յատկութիւն, սա մեծ առաջընթաց կարող է ապահովել կենսանիւթերի ստեղծման ոլորտում, գրել է Horizon ամսագիրը։
Նոր նիւթը բարդ կոմպոզիտ է, որի հիմքում սնկային բջիջների եւ փայտանիւթի սինթեզն է։ Հիմնական բաղադրիչներչն են հիդրոգելը եւ միցելիումը՝ սնկերի համակարգ, որը սովորաբար թաքնւած է հողի մակերեսին, գրել է Planet Today-ը։
Հետազօտողները յատուկ ուշադրութիւն են դարձրել սնկային բջիջների՝ լայն սենսորային ցանցեր ստեղծելու ունակութեանը։ Այդ առանձնայատկութիւնը լայն հեռանկարներ է բացում նոր նիւթը տարբեր ոլորտներում կիրառելու համար։
Գիտնականները մշակել են 3D-տպիչի յատուկ տեխնոլոգիա եւ թանաք՝ յարմարեցւած կենդանի օրգանիզմների հետ աշխատելու համար։
Նիւթը մեծ հետաքրքրութիւն է ներկայացնում աերոտիեզերական եւ աւտոտրանսպորտի արդիւնաբերութեան համար, որտեղ կարեւոր է կրիտիկական կառուցւածքների երկարակեցութիւնը։ Նիւթի ինքնավերականգնման յատկութիւնը կարող է բարձրացնել տարբեր բաղադրիչների ծառայութեան ժամկէտը եւ նւազեցնել սպասարկման ծախսերը։
Նիդեռլանդացի գիտնականների հետազօտութիւնը ցուցադրում է կենսատեխնոլոգիաների աճող դերը նոր նիւթերի ստեղծման գործում։ Կենդանի օրգանիզմների եւ աւանդական բաղադրիչների համադրումը ճանապարհ է բացում «խելացի» նիւթերի համար, որոնք կարող են հարմարւել շրջակայ միջավայրի փոփոխութիւններին եւ վերականգնւել վնասւածքներից յետոյ։