Շոգը կարող է սրտամկանի ախտանշան չունեցող իշեմիա յարուցել
Մոնրէալի համալսարանի գիտնականները յայտնաբերել են, որ ծայրայեղ շոգը կարող է մեծացնել սրտամկանի ախտանշան չունեցող իշեմիայի վտանգը: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Annals of Internal Medicine (AIM) բժշկագիտական հանդէսում:
Հետազօտութեանը մասնակցել են միջին տարիքը 28 տարեկան 20 առողջ երիտասարդներ, միջին տարիքը՝ 67 տարեկան 21 առողջ տարեց եւ՝ սրտի իշեմիկ հիւանդութիւնից (CHD) տառապող 70 տարեկան 20 տարեցներ:
Փորձարկւողներին յանձնարարւել է մնալ օդի ջերմաստիճանը փոխելու սարքաւորումներով յագեցած յատուկ սենեակում։ Գիտնականները «տաքացրել են» սենեակը այնքան ժամանակ, մինչեւ կամաւորների մարմնի ներքին ջերմաստիճանը բարձրացել է 1,5 աստիճանով ըստ Ցելսիուսի։
Արեան շրջանառութեան րոպէ ծաւալը (սրտի փորոքների՝ րոպէում արտանետւող արեան քանակը) չափւել է փորձի մեկնարկից առաջ եւ սենեակի ջերմաստիճանի իւրաքանչիւր բարձրացման համար 0,5°C-ով: Արդիւնքները ցոյց են տւել, որ մարմնի ջերմաստիճանի իւրաքանչիւր 1,5°C-ով բարձրացման դէպքում արեան շրջանառութիւնն առողջ երիտասարդների շրջանում աճում է 0,8 մլ/րոպէ/գ-ով, առողջ տարեցների շրջանում 0,7 մլ/րոպէ/գ-ով եւ սրտի իշեմիկ հիւանդութեամբ տարեցների շրջանում՝ 6 մլ/րոպէ/գ-ով:
Հետազօտողները նշել են, որ հանգստի ժամանակ արեան շրջանառութեան աճը վկայում է սրտանօթային գործողութեան ռիսկի բարձրացման մասին:
Միաժամանակ պարզւել է, որ սրտի իշեմիկ հիւանդութիւնից տառապող տարեց մասնակիցների 35%-ի շրջանում գերտաքացումից սրտամկանի ախտանիշ չունեցող սուր իշեմիայի նշաններ են ի յայտ եկել: Այս վիճակը սրտի մկանների բջիջներին թթւածնի եւ սննդանիւթերի խրոնիկ անբաւարար մատակարարման հետեւանքով է առաջանում:
Սրտամկանի սուր կամ անախտանիշ իշեմիայի դէպքում արեան մէջ սրտամկանների թթւածնային քաղցը չի ուղեկցւում ցաւոտ նոպաով եւ յայտնաբերւում է միայն գործիքային հետազօտութեան եղանակների օգնութեամբ։ Սակայն այս վիճակը ոչ պակաս վտանգաւոր է, քան արտայայտւած ծանր իշեմիան՝ այն սրտամկանի ինֆարկտ կամ սրտի կանգ կարող է ի յայտ բերել։
News.am