Այլ

Գիտնականները թոքերի բջիջները դեղերով թիրախային բուժման համար նանոմասնիկներ են ստեղծել

Ամերիկացի կենսատեխնոլոգները ոսկու եւ փայտանման օրգանական մոլեկուլների վրայ հիմնւած նանոմասնիկներ են մշակել, որոնք ունակ են ընտրողաբար ներթափանցել կաթնասունների թոքերի հիւսւածքը եւ ճշգրիտ կերպով նրանց մէջ տարբեր դեղամիջոցների մոլեկուլներ հասցնել:

Այդ մասնիկները կարող են օգտագործւել թոքաբորբի բուժման եւ թոքերի բորբոքումները ճնշելու համար, գրում են գիտնականները Nature Nanotechnology հանդէսում հրապարակւած յօդւածում:  

«Ոսկու եւ դենդրիմերների մոլեկուլների հիման վրայ մեր մշակած մասնիկները ունակ են շատ արագ եւ ճշգրիտ կերպով դեղամիջոցի մոլեկուլները հասցնել թոքերի հիւսւածքին: Համակարգչային տոմոգրաֆիայի շերտագրութեան միջոցով կատարւած դիտարկումները ցույց են տալիս, որ փորձարարական կենդանիների երակներ մտնելուց յետոյ ընդամէնը մի քանի րոպէի ընթացքում այդ մասնիկների մեծ մասին յաջողւում է արեան հոսքից ներթափանցել թոքեր»,-ըստ ТАСС գործակալութեան՝ գրում են հետազօտողները։

Նանոմասնիկները մշակել են մի խումբ ամերիկացի կենսատեխնոլոգներ՝ Համակարգային բժշկութեան պրոտեոգենոմիկ հետազօտութիւնների ինստիտուտի (ԱՄՆ) տնօրէն Եան Շնիթցերի գլխաւորութեամբ: Դրանք երկու տասնեակ նանոմետր տրամագծով միկրոսկոպիկ կառուցւածքներ են՝ պատւած այսպէս կոչւած դենդրիմերների շերտով, խիստ ճիւղաւորւած օրգանական մոլեկուլներով, ինչպէս նաեւ APP2 սպիտակուցի մոլեկուլների հետ միաւորւող յատուկ հակամարմիններով։

Այս պեպտիդը մեծ քանակութեամբ արտադրւում է թոքերի բջիջներում եւ առկայ է կաւէոլների (caveola) մակերեսին՝ արեան հոսքից մոլեկուլների կլանման մասնակցող բջջային թաղանթի փոքր ելուստներին: Հետազօտողները ենթադրել են, որ շնչառական օրգանի բջիջների այս յատկանիշը կարող է օգտագործւել՝ նանոմասնիկներ հասցնելու համար կաւէոլներին եւ ստիպել թոքերին հնարաւորինս ակտիւորէն ներծծել այդ կառուցւածքներն ու դա անել աւելի արագ, քան արիւնը նման կառուցւածքներից մաքրող անօթային եւ լեարդի բջիջները:

Այսպէս, գիտնականները պատրաստել են նանոմասնիկների մի քանի տարբերակներ, դրանց մէջ ներկառուցելով ռադիոակտիւ եւ լիւմինէսցէնտային դրոշմներ եւ սկսել են վերահսկել դրանց բաշխումը փորձնական առնետների օրգանիզմում՝ համակարգչային տոմոգրաֆ կիրառելով: Այս փորձերը գիտնականներին օգնեցին ընտրել ոսկու նանոմասնիկների չափը եւ դենդրիմերների կառուցւածքը, որը նրանց հնարաւորութիւն է տալիս արեան մէջ ներարկւելուց ընդամէնը տասը րոպէ անց այս նանոպատիճների աւելի քան 50%-ը հասցնել թոքերի բջիջներ:

Հետազօտողները նշել են, նրանց ստեղծած նանոմասնիկները մէկ-երկու կարգի մեծութեամբ գերազանցում են գոյութիւն ունեցող կառուցւածքներին, որոնք կենսաբաններն ու բժիշկներն աւելի վաղ փորձել են օգտագործել թոքերի եւ այլ օրգանների բջիջներին դեղամիջոց հասցնելու նպատակով: Գիտնականները յոյսով են, որ ստեղծւած նանոմասնիկների հետագայ կիրառումը թոքաբորբի եւ թոքային վարակների բուժման համար մի քանի անգամ կը նւազեցնի դեղերի չափաբաժինն ու օրգանիզմի համար բուժումն առաւել անվտանգ կը դարձնի։

News.am

Related Articles

Back to top button