Արմէն Բադալեան. «Եթէ չլինէր Իրանը, Ադրբեջանը վաղուց վերցրել էր Սիւնիքն ու Վայոց ձորը»
Միայն Իրանի շնորհիւ է, որ Ադրբեջանը չյարձակւեց Հայաստանի վրայ
«ԱԼԻՔ» – 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում քաղտեխնոլոգ Արմէն Բադալեանն անդրադարձել է Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրութիւններին եւ դրա ազդեցութեանը տարածաշրջանային զարգացումների վրայ:
Այդ համատեքստում նա յատուկ անդրադարձ է ունեցել նաեւ «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային, եւ այդ նախագիծը վիժեցնելու գործում Իրանի Իսլամական Հանրապետութեան առանցքային դերակատարութեանը:
Նա նշել է, որ Արեւմուտքը քննադատում է Վրաստանում կայացած ընտրութիւնները, բայց, օրինակ՝ բռնապետական Ադրբեջանի ընտրութիւնների վերաբերեալ լռում է Երկակի չափորոշիչների նման կիրառումն ըստ փորձագէտի՝ պայմանաւորւած է այն հանգամանքով, որ Ադրբեջանն ինքնուրոյն խաղացող չէ՝ Թուրքիան է նրա յետեւում. «Ադրբեջանն ունի նաեւ գազ»,- նշել է նա:
«Բացի այդ, Ադրբեջանն այն երկիրն է, որը հիմնականում Ղարաբաղի չգոյութիւնից յետոյ, փաստացի ճանապարհ է հանդիսանում եւ շատ լաւ ճանապարհ է հանդիսանում Հարաւային Կովկասով դէպի Կենտրոնական Ասիա գնալու՝ Կենտրոնական Ասիայի տասնեակ-միլիարդաւոր դոլարների հանքահումքային ռեսուրսն Ադրբեջանի տարածքով դէպի Արեւմուտք տեղափոխելու համար»,- յաւելել է քաղտեխնոլոգը:
Անդրադառնալվ «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային, Արմէն Բադալեանը կասկած է յայտնել դրա կեանքի կոչման հնարաւորութեան մասին, դա հիմնականում պայմանաւորելով Իրանի խիստ ընդգծւած բացասական եւ մերժողական դիրքորոշմամբ:
««Զանգեզուրի միջանցք» կոչւածը, չեմ կարծում, որ իրականութիւն դառնայ, քանի որ հէնց այս պահին էլ Արաքսից հարաւ կանգնած է Իսլամական յեղափոխութեան պահպանների կորպուսի 160 հազարանոց ջոկատը։
Եւ պատահական չէ, որ Կապանում իրանական հիւպատոսութիւնը բացւեց, եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան բոլոր ղեկավար գործիչները՝ շարքային դիւանագէտից մինչեւ Իրանի հոգեւոր առաջնորդը, յայտարարել են՝ Հայաստանի սահմանները եւ, յատկապես, այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ը կարմիր գիծ է։ Իսկ մենք տեսնում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը կարողանում է պաշտպանել իր կարմիր գծերը։
Այսինքն, եթէ չլինէր Իրանի Իսլամական Հանրապետութեան կատաղի դիմադրութիւնը եւ դժգոհութիւնը, բնականաբար, Ադրբեջանը, հաւատացէք՝ 2020 թւականի նոյեմբերից յետոյ վաղուց Սիւնիքն էլ էր վերցրել, Վայոց ձորն էլ էր վերցրել, տեղի հայերին կը քշէր, այնտեղ կը բերէր Հայաստանից փախստականներին ուժով կը դնէր, կասէր՝ Հայաստանի տարածք է, բայց «Զանգեզուրի միջանցք» է, կը դարձնէր Ղարաբաղ 2, բայց հակառակ կողմով: Միայն Իրանի Իսլամական Հանրապետութեան շնորհիւ է, որ Ադրբեջանը չյարձակւեց Հայաստանի վրայ: Ո՛չ Ռուսաստանի շնորհիւ, որը տեսնելով, որ Հայաստանի ղեկավարութիւնը «Զանգեզուրի միջանցք»-ը վաճառքի է հանել, ինքն ուզեց վաճառքի մաս կազմել եւ իր հսկողութեամբ դա իրականացնել: Բայց Իրանն անգամ դա թոյլ չտւեց»,- ընդգծել է փորձագէտը:
Հարցին՝ եթէ Հայաստանի իշխանութիւնների համաձայնութեամբ իրականացւի, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը, արդեօ՞ք Իրանը կարող է միջամտել, Արմէն Բադալեանը պատասխանել է. «Իրանը շատ հանգիստ զօրքը կը մտցնի»։