Բռնապետական երկրում համաժողովի անցկացումը հնարաւորութիւն է տալու Ադրբեջանին մաքրել ցեղասպանի արիւնոտ ձեռքերը, խմբագրել ռեժիմի վարկանիշը
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը
Նոյեմբերի 11-ից 22-ը Բաքւում տեղի է ունենալու ՄԱԿ-ի կլիմայական փոփոխութեան հեղինակաւոր համաժողովը՝ COP29-ը:
Մարդու իրաւունքների եւ ազատութիւնների վատագոյն ցուցանիշներ արձանագրած, նաւթային բռնապետութիւն համարւող Ադրբեջանն ընդամէնը մէկ տարի առաջ էր Արցախում էթնիկ զտումներ իրականացրել, բռնի տեղահանութեան ենթարկելով 120000 արցախահայութեանը:
Բռնազաւթւած տարածքներում Ադրբեջանը շարունակում է հայկական հետքի ոչնչացումը, մշակութային ցեղասպանութիւնը։ Բաքւի բանտերում շարունակում են պատանդառւած մնալ մի քանի տասնեակ հայ ռազմագերիներ, քաղաքացիական անձինք, այդ թւում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը։
Կլիմայական արդարութիւն չի կարող լինել առանց մարդկային արդարութեան եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան:
Բռնապետական երկրում համաժողովի անցկացումը հնարաւորութիւն է տալու Ադրբեջանին մաքրել ցեղասպանի արիւնոտ ձեռքերը, խմբագրել ռեժիմի վարկանիշը։
Համաժողովին մասնակցող միջազգային պատւիրակներից պահանջում ենք ճնշում գործադրել պաշտօնական Բաքւի վրայ՝ ազատ արձակելով ապօրինաբար բանտերում պահւող բոլոր հայ գերիներին եւ Արցախի պատանդառւած ռազմաքաղաքական ղեկավարութեանը:
Այդ պահանջով՝ նոյեմբերի 1-ին, 14։00-ին տեղի կունենայ բողոքի ակցիա, որը կը մեկնարկի ՄԱԿ-ի գրասենեակի առջև, որից յետոյ մասնակիցների երթը կը շարժւի դէպի ՀՀ ԱԳՆ եւ ՀՀ-ում գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ։
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին