Հայաստանը՝ նոր պայմաններում

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Մենք պէտք է ունենանք խիզախութիւն՝ ընդունելու, որ Հայաստանում նոր փուլ է։ Մենք մտել ենք մեր պատմութեան նոր փուլ։ Սա նախասիրութիւնների խնդիր չէ, սա իրականութիւն է։ Փորձենք հասկանալ նրա պարամետրերը.
1. Ներքին օրակարգի թիւ մէկ թեման երկար ժամանակ լինելու են կալանքը, մեկուսարանը, ցուցմունքը, կեղծ մատնութիւնը, փաստաբանը եւ այլն։ Զզւելի, գարշահոտ մթնոլորտ։ Նման փուլերում անխուսափելի են կեղծ մատնութիւնները, ուղղորդւած կեղծ ցուցմունքները, զանգւածային ապատիան։
2. Ձեւաւորւած ներքին տոքսիկ մթնոլորտում մենք բաց ենք թողնելու արտաքին պրոցեսները։ Մեր ներքին օրակարգը թոյլ չի տալու դիմակայել արտաքին պահանջներին, հաշւարկել մեզ ներկայացւող պահանջների ռիսկերը եւ լուծման ճանապարհները։
3. Չափազանց դժւարանում է Բաքւի բանտերում պահւող մեր հայրենակիցների համար պայքարը։ «Չափազանցը» շատ մեղմ է ասւած։ Ադրբեջանը բոլոր փորձերին, բոլոր միջնորդութիւններին հակազդելու է՝ ցոյց տալով Հայաստանում կատարւողը։
4. Որակապէս նոր փուլ է մտնում Հայկական աշխարհի մասնատումը։ Եկեղեցու դէմ արշաւն ուղիղ համեմատական է այս պրոցեսին։ Իրարից եւ երկրից օտարանալու ենք իսկական օտարի աստիճանի։
5. Հայաստանի տնտեսութիւնը դառնում է «Հիւսիսային Կորէա»։ Մասնաւոր լուրջ ներդրողների համար մենք դառնում ենք փակ երկիր։
6. Եթէ ՀԷՑ-ի ազգայնացման ծրագիրը իրականացւի, ապա արտաքին քաղաքական ներդրողները փորձելու են կոպեկներով վերցնել Հայաստանի համակարգաստեղծ ձեռնարկութիւնները։ Մի մասը փակւելու է՝ հարեւանների պահանջներով, մի մասն էլ «ազգայնացւելու է» այլ ազգերի (պետութիւնների) կողմից։
Կա՞յ արդեօք ելք
Պէտք է յամառօրէն առաջ տանել ներքին համերաշխութեան եւ ծրագրային մտածողութեան գիծը։ Բոլոր ժամանակներում էլ «Հիմա՛» գոռացողների պակաս չի եղել։ Բայց դա ելք չէ։
Իհարկէ, ամէն օր, հիմա, պէտք է անել կոնկրետ քայլեր, սակայն՝ մտքում ունենալով յստակ ծրագիր եւ քաղաքական միտք։ Թւարկած բոլոր ծայրայեղ ռիսկերը միայն այդպէս կարելի կառավարել, չէզոքացնել։ Պէտք է յամառօրէն աշխատել, որ արդիւնք լինի։
Ու հարցն այն է, թէ ո՛ւմ ինչ արդիւնքն է կարեւոր։ Եօթ տարի է՝ երկիրը մի հանդարտ շաբաթ չունեցաւ։ Վստահ եմ, որ Հայաստանի 90 տոկոսն ուզում է հանդարտ, արժանապատիւ, անհայհոյանք կեանք։ Ուրեմն՝ առաջարկենք, ցոյց տանք ինքներս մեզ այդ ճանապարհը։ Սա բարդ է, բան չունեմ ասելու, սա պահանջում է աշխատանք, ռեսուրս, համակեցութեան կանոններ, աշխատելու մշակոյթ, գրագիտութիւն եւ այլն, բայց ուրիշ յաջող ճանապարհ չկայ։