Սիրանուշ Սահակեան. «Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը Բաքւում պահւում է՝ որպէս պատանդ»
Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական նախկին ղեկավարութիւնը շարունակում է մնալ ադրբեջանական գերութեան մէջ. Արցախի նախկին երեք նախագահները, ՊԲ նախկին հրամանատարը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալը, նախկին պետնախարարն ու արտգործնախարարը, ԱԺ ներկայիս նախագահը։
Ադրբեջանական կողմը նրանց ապօրինաբար ձերբակալել է 2023 թւականի սեպտեմբերի 19-20-ն Արցախի դէմ սկսւած ռազմական գործողութիւններից յետոյ՝ սեպտեմբերի 27-ից սկսած: Նրանց տեղափոխեցին Բաքու, բոլորին տարբեր յօդւածներով մեղադրանքներ առաջադրւեցին եւ 4 ամսով կալանաւորեցին։
Օրերս Բաքւի դատարանը նրանց կալանքի ժամկէտը կրկին երկարաձգեց, այս անգամ՝ արդէն 5 ամսով։
Ի դէպ, Արցախի դէմ պատերազմ սանձազերծելով՝ Ադրբեջանը կատարել է բազմաթիւ յանցագործութիւններ, սպանելով խաղաղ բնակչութեանը, այդ թւում՝ նաեւ երեխաների։ Սեպտեմբերի 19-ից յետոյ Ադրբեջանի զինւած ուժերի կողմից միայն Սառնաղբիւր գիւղում սպանւել է 5 երեխայ, սակայն որեւէ ադրբեջանցի պատասխանատւութեան չի ենթարկւել։
168.am-ի հետ զրոյցում Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնի նախագահ, իրաւապաշտպան Սիրանուշ Սահակեանը խօսելով Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարութեան կալանքի երկարաձգման, այս պահին նրանց հայրենիք վերադարձնելու ճանապարհների մասին, ասաց՝ Բաքւում այս հայերի կալանքի ժամկէտի վերջին երկարաձգումը ցոյց տւեց կամայականութեան գերադրական դրսեւորում։
«Իհարկէ, ակնյայտ էր, որ նրանք ապօրինաբար են պահւում, եւ հայեցողաբար ժամկէտներ են ընտրւում, սակայն ես աննախադէպ կորակեմ կալանաւորման ժամկէտի երկրաձգումը աւելի երկար ժամկէտով, քան եղել էր սկզբնական խափանման միջոցի ժամկէտը։ Այստեղ մէկ անգամ եւս գործ ունենք վատթարացման հետ, ինչը հակադրւում է միջազգային ստանդարտներին։ Միջազգային ստանդարտները նշում են, որ, եթէ անգամ կալանաւորման վաղ փուլում կայ յանցագործութեան կատարման վերաբերեալ հիմնաւոր կասկած, շարունակական անազատութիւնից զրկելու պարագայում ապացուցման բեռը ծանրանում է, քանի որ քննութեանը զուգահեռ՝ նւազում են քննութեանը խոչընդոտելու կամ խափանման միջոցներ կիրառելու այլ հիմքերը»,- նշեց Սիրանուշ Սահակեանը։
Շարունակելով միտքը՝ Սիրանուշ Սահակեանը յաւելեց՝ պետութիւնը պէտք է ցոյց տայ, որ պատշաճ ջանասիրութիւն է ցուցաբերել քննութիւնն արդիւնաւէտ, սեղմ ժամկէտներում կազմակերպելու համար։ Եւ եթէ այս ջանասիրութիւնը չկայ, բայց քննութեան անհրաժեշտութիւնից ելնելով՝ երկարաձգում են պահանջում, ապա նման խնդրանքները դատարանի կողմից պէտք է մերժւեն՝ ի շահ անձնական ազատութեան իրաւունքի։
«Այս դէպքում մենք տեսնում ենք, որ 4 ամիսը փոխարինւեց հինգ ամսով, եւ նոյն անհեթեթ հիմնաւորումն է բերւում, որ քննութեան անհրաժեշտութիւնից ելնելով՝ պէտք է երկարաձգել։
Իրական պատճառն այն է, որ նրանք պահւում են՝ որպէս պատանդներ, եւ նրանց վերադարձի գինը ՀՀ իշխանութիւնների կողմից Ադրբեջանի ապօրինի պահանջների բաւարարումն է։ Իհարկէ, այս բաւարարման համար նրանք այլ լծակներ ու խոստումներ ունեն, սակայն դրանցից մէկը նաեւ այնտեղ պահւող հայերի վերադարձի հարցն է, ինչը խիստ էմոցիոնալ ու հոգեբանական կոնտեքստ ունի, եւ այն գտնւում է թէ՛ ներքին, թէ՛ արտաքին լսարանի ներքոյ»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ երբ հետեւում է ՀՀ ղեկավարների հանդիպումներին միջազգային տարբեր գերատեսչութիւնների ներկայացուցիչների հետ, այս հարցը նրանց կողմից բարձրաձայնւո՞ւմ է, Սիրանուշ Սահակեանը պատասխանեց՝ հաղորդագրութիւններում կարծես թէ նշւում է, որ հարցը քննարկւել է, սակայն ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների ու արդիւնքների մասին տեղեկատւութիւն չկայ։
«Այստեղ գործընթացները թափանցիկ չեն, հաշւետւողականութեան մեխանիզմները եւս բացակայում են։ Սակայն մէկ բան ակնյայտ է, որ դրանք քննարկւում են մեծ քաղաքական բանակցութիւնների կոնտեքստում։ Այսինքն՝ եթէ այս պահին օրակարգում կայ սահմանազատման ու սահմանագծման կամ խաղաղութեան պայմանագրի հարցը, ապա դրա կոնտեքստում շօշափւում է նաեւ հայրենադարձումը։ Երբ այս գործընթացներն իրենց տրամաբանական աւարտին հասնեն, որպէս ժեստ՝ Ադրբեջանը նաեւ կը կատարի իր «մարդասիրական» յանձնառութիւնը։ Որեւէ կոնկրետ միջոց, որն անկախ այդ բանակցութիւնների արդիւնքից եւ քաղաքական հարցերի հանգուցալուծումից՝ ապահովի այս անձանց ազատ արձակումը՝ ուղղակի գոյութիւն չունի»,- եզրափակեց Սիրանուշ Սահակեանը։