Էրիկ Յակոբեան. «8 հարց վարչապետ Փաշինեանին»

Civilnet-ի քաղաքական վերլուծաբան Էրիկ Յակոբեանը նախորդ օրը Civilnet-ի անգլերէն թողարկումների էջում «8 հարց վարչապետ Փաշինեանին» խորագրով հրապարակմամբ դիմել էր ՀՀ վարչապետին, Հայաստանի Հարապետիութեան անկախութեան հռչակագրի 35-ամեակի կապակցութեամբ նրա ելոյթը յիշեցնելով:
Էրիկ Յակոբեանն իր գրառման հետ միասին հրապարակելով Արցախի Հանրապետութիւն կատարած Փաշինեանի այցի լուսանկարը, եւ մէջբերում անելով Փաշինեանի «Հայաստանի Հանրապետութիւնն այսօր աւելի անկախ է, քան երբեւէ, աւելի ինքնիշխան է, քան երբեւէ» 3 օր առաջ (օգոստոսի 23-ին) յղած ուղերձի նշւած հատւածից, հարց է ուղղել Փաշինեանին, թէ, ինչպէ՞ս է ստացւել, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը բռնազաւթած բռնապետը կարող է Ձեզ հրամայել փոխել մեր Սահմանադրութիւնը։
Էրիկ Յակոբեանի գրառումը նոյնութեամբ.
«Յարգելի՛ վարչապետ Փաշինեան,
Անկախութեան հռչակագրի ընդունման 35-ամեակի առթիւ Ձեր ելոյթում պնդում էք, որ Ղարաբաղեան շարժումը խորհրդային գաղափարախօսութեան արդիւնք էր եւ իրականում մշակւել ու օգտագործւել է կանխելու համար մեր պետութեան, Իրական Հայաստանի Հանրապետութեան ստեղծումը, ինչպէս Դուք էք անւանում, 29,743 քառակուսի կիլոմետր տարածքով։
Անկեղծ ասած, եթէ այդպէս է, ապա ուզում եմ Ձեզ ուղղել հետեւեալ հարցերը:
– Եթէ ղարաբաղեան շարժումը ներշնչւած էր խորհրդային գաղափարախօսութեամբ եւ յաւակնութիւններով, արդեօ՞ք դա նշանակում է, որ երբ Ստեփանակերտում վանկարկում էիք «Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ», այդ պահին գտնւում էիք խորհրդային գաղափարախօսութեան ազդեցութեան տակ:
– Եթէ այդպէս է, ապա ինչպէ՞ս Ձեզ յաջողւեց դուրս գալ խորհրդային գաղափարախօսութեան ազդեցութիւնից:
– Եթէ Ղարաբաղեան շարժումը խորհրդային նախագիծ էր, ինչո՞ւ խորհրդային առաջնորդները մերժեցին Ղարաբաղի հայերի՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեանը միանալու անթիւ փորձերը:
– Համաձա՞յն էք, որ աւելի քան 4,000 հայ զինւորներ, որոնց ուղարկեցիք պատերազմ եւ որոնք այդպէս էլ չվերադարձան իրենց ընտանիքների մօտ, իզուր են զոհւել:
– Ի՞նչ կասէք Արցախից 150,000 հայերի էթնիկ զտման մասին, չէ՞ որ դրա արդիւնքում ստեղծւեց «իրական» Հայաստանը:
– Ադրբեջանն իրաւունք ունէ՞ր իրականացնելու 150,000 հայերի էթնիկ զտումը Արցախում։
– Ձեր խօսքում նշեցիք, որ «Հայաստանի Հանրապետութիւնն այսօր աւելի անկախ է, քան երբեւէ, աւելի ինքնիշխան է, քան երբեւէ»։ Եթէ այդպէս է, ապա ինչպէ՞ս է ստացւել, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը բռնազաւթած բռնապետը կարող է Ձեզ հրամայել փոխել մեր Սահմանադրութիւնը։
– Երբեւէ մտածե՞լ էք, որ վերջին հինգ տարիների ընթացքում մեր ժողովրդին պատուհասած արհաւիրքների համար պատասխանատւութեան Ձեր բաժինը ստանձնելու անկարողութիւնը իրականում խորհրդային գաղափարախօսութեան ժառանգութիւն է:
Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինեանը Ստեփանակերտի հրապարակում, 2019 թ. օգոստոսի 5