Ռուս պատգամաւոր. «Փաշինեանն ու Ալիեւը միաժամանակ ձեռնարկում են քայլեր, որոնք սրում են իրավիճակը տարածաշրջանում»

«ԱԼԻՔ» – ՌԴ Պետդումայի պատգամաւոր Վիտալի Միլոնովը Alpha News-ի հետ զրոյցում մեկնաբանել է Ադրբեջանի հակառուսական քայլերը:
«Այնպիսի տպաւորութիւն է, որ Ադրբեջանը առիթ էր փնտրում Ռուսաստանի հասցէին նախապէս պատրաստւած քայլեր ձեռնարկելու համար։ Միակ բանն այն է, որ առիթը շատ թոյլ է: Եւ ես դա նոյնիսկ առիթ չէի անւանի, քանի որ ռուս ուժայինները Ռուսաստանում գտել եւ մերկացրել են ադրբեջանցիներին սպանողներին։ Այսինքն՝ մարդիկ, որոնց հիմա ձերբակալել են, ադրբեջանցիներին սպանող մարդիկ են, եւ փոխանակ երախտագիտութիւն յայտնելու, որ արդարութիւնը յաղթել է, Ադրբեջանը, ընդհակառակը, զայրացել է, որ ձերբակալել են ադրբեջանցիներին սպանողներին»,- ասել է Միլոնովը։
Պատգամաւորի խօսքով՝ Փաշինեանն ու Ադրբեջանի ղեկավարութիւնը միաժամանակ ձեռնարկում են քայլեր, որոնք ակնյայտօրէն սրում են իրավիճակը տարածաշրջանում։
«Իրավիճակն այնպիսին է, որ Իրանը ներկայումս ունի իր ներքին խնդիրները, ռուսական բանակն արդիւնաւէտօրէն ազատագրում է Ուկրաինան, ուստի անհրաժեշտ է ստեղծել նոր լարւածութեան օջախ։ Այդ պատճառով էլ Փաշինեանն ու Ադրբեջանի ղեկավարութիւնը միաժամանակ ձեռնարկում են քայլեր, որոնք ակնյայտօրէն սրում են իրավիճակը տարածաշրջանում։
Եթէ գոյութիւն ունեցող պայմանագրով եւ արձանագրութեամբ իրաւապահ գործունէութեան հետ կապւած ինչ-որ հարցեր լինէին, կարելի էր հանգիստ կարգաւորել բոլոր հարցերը, բայց ոչ, Ադրբեջանի խորհրդարանի արդէն 5 կամ 6 պատգամաւոր խիստ կտրուկ, ո՛չ դիւանագիտական, ո՛չ բարեկամական են արտայայտւել Ռուսաստանի Դաշնութեան հասցէին։ Լրագրողներ են ձերբակալւել, ինչն աննախադէպ է։ Ինձ թւում է, որ Ադրբեջանի որոշ ուժեր, համարձակութիւն չունենալով ինչ-որ բան ասելու, փորձում են ինչ-որ գործողութիւններ կատարել, որոնք կը յանգեցնեն յարաբերութիւնների վատթարացմանը։ Եւ դա ամենաքիչը ձեռնտու է այն ադրբեջանցիներին, որոնք ապրում են Ռուսաստանի Դաշնութիւնում, բայց կրկին այդ ադրբեջանցիների շահերի մասին ոչ ոք չի մտածում։ Ցաւալի է, որ որոշ ադրբեջանցի քաղաքական գործիչներ նման սխալ են թոյլ տալիս»,- եզրափակել է Միլոնովը։