Փաշինեան. «Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար. Հայաստանի հաշւին Ղարաբաղում թոշակներն ու աշխատավարձերը բարձր են եղել»

Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար: Այս մասին Կոռնիձորում քարոզարշաւի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինեանը:
«Մենք շատ դժւար ճանապարհով ենք գնացել եւ դժւար արձանագրումներ ենք արել, դրանից ամենադժւարը եղել է այն, որ մեր պետութիւնը իր ստեղծման առաջին օրից՝ 1991 թւականից, գտնւել է թակարդում: Մենք այսօր մեր պետութիւնը թակարդից հանել ենք եւ դրել ենք բոլորովին այլ՝ զարգացման տրամաբանութեան վրայ:
Մենք յաղթահարել ենք մաքառման, գոյատեւման տրամաբանութիւնը եւ դուրս ենք եկել զարգացման տրամաբանութիւն: Սուտ է, մինչեւ 2020 թւականը չի եղել խաղաղութիւն, ամէն տարի Հայաստան-Ադրբեջան սահմանին ունեցել ենք զոհ եւ վիրաւոր, մենք երբեք չենք ունեցել խաղաղութիւն: Մենք մեզ խաբել ենք, թէ կարող ենք Ղարաբաղի հարցը լուծել այնպէս, ինչպէս հեռուստացոյցներով մեզ ասել են, դա եղել է ամենամեծ սուտն ու կեղծիքը:
Մեզ խաբել են, թէ մենք Ղարաբաղի համար ենք վատ ապրում, դա սուտ է եղել, իրենք իմացել են, որ սրա հետեւանքը ծանր է լինելու: Հայաստանի հաշւին Ղարաբաղում թոշակներն ու աշխատավարձերը բարձր են եղել, իսկ այն մարդիկ, ովքեր սա մոռանում են՝ ուտող-ուրացող են, երախտամոռ են»,- նշել է նա:



