Առանց «նախապայմանների» չբացւող սահմանը
ՅԱԿՈԲ ՔՈՉԱՐԵԱՆ
Հայաստանի իշխանութիւնները ջանք չեն խնայում ցոյց տալու, թէ իբր հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման շուրջ գործընթացները տեղի են ունենում առանց նախապայմանների։ Հարց է առաջանում, եթէ այդպէս է՝ ինչո՞ւ չի բացւում հայ-թուրքական սահմանը՝ նոյնիսկ երրորդ երկրների քաղաքացիների ու դիւանագիտական անձնագիր ունեցողների համար։ Չէ՞ որ դրա համար սահմանային բոլոր ենթակառուցւածքներն արդէն վաղուց պատրաստ են։
Հայաստանը հրատապ գնումների շրջանակներում դեռ անցած տարի կառուցեց ու այս տարւայ յունւարին յայտարարեց, որ ամբողջութեամբ պատրաստ է շահագործման Մարգարայի անցակէտը, որով պիտի իրականացւեն սահմանային տեղաշարժերը։
Ակնկալւում էր, որ երրորդ երկրների քաղաքացիների ու դիւանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանը պիտի բացւէր դեռեւս անցած տարւայ կէսերին։ Անցել է մէկ տարի, բայց սահմանը շարունակում է փակ մնալ։ Յայտնի էլ չի, թէ երբ կարող է բացւել։
Ի տարբերութիւն Հայաստանի իշխանութեան, որը բազմիցս յայտարարել է սահմանը բացելու իր անսահման նւիրւածութեան ու պատրաստակամութեան մասին՝ Թուրքիան բացարձակ չի շտապում։ Չի բացում սահմանը՝ չնայած արտաքուստ ցոյց է տալիս, թէ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման համար նախապայմաններ չկան։
Այդ մասին օրերս ընդգծւեց Նիկոլ Փաշինեանի ու Թուրքիայի նախագահի հեռախօսազրոյցի ընթացքում։
«Առաջնորդներն ընդգծել են իրենց քաղաքական կամքն առանց որեւէ նախապայմանի Հայաստանի եւ Թուրքիայի յարաբերութիւնների ամբողջական կարգաւորման վերաբերեալ»,- ասւում էր զրոյցի վերաբերեալ տարածւած պաշտօնական հաղորդագրութեան մէջ։
Այսպիսի յայտարարութիւնից յետոյ, թւում է, թէ սահմանն անմիջապէս պիտի բացւէր։ Բայց, ինչպէս տեսնում ենք, շարունակում է փակ մնալ։ Այն պարզ ու ակնյայտ պատճառով, որ առանց նախապայմանների սահմանը բացւելու վերաբերեալ յայտարարութիւնները կեղծիք են։
Մի կողմից՝ յայտարարւում է, որ յարաբերութիւնների կարգաւորման շուրջ քննարկումներն առանց նախապայմանների են, միւս կողմից՝ Թուրքիայի իշխանութիւնները բազմիցս ասել են, որ դրանք ուղիղ կապ ունեն Ադրբեջանի հետ բոլոր տիպի յարաբերութիւնների կարգաւորման, մինչեւ անգամ, այսպէս կոչւած՝ «Զանգեզուրի միջանցք»-ի բացման ու խաղաղութեան պայմանագրի ստորագրման հետ։
Այդքանից յետոյ, ինչքան էլ կողմերը փորձեն համոզել՝ սրանից աւել, այլ ի՞նչ նախապայման կարող է լինել։
Այդ նախապայմանների պատճառով է, որ չի բացւում սահմանը՝ նոյնիսկ երրորդ երկրների քաղաքացիների ու դիւանագիտական անձնագիր ունեցողների համար։ Տնտեսական գործունէութեան նպատակով սահմանի բացման վերաբերեալ անգամ խօսք չկայ։ Չհաշւած օդային բեռնափոխադրումները։
Օդային բեռնափոխադրումների համար հայ-թուրքական սահմանը վաղուց բաց է։ Բայց դրա նշանակութիւնը զրոյական է։ Ժամանակին որքան էլ այդ քայլը մեծ ձեռքբերում էր ներկայացւում, ինչպէս եւ սպասւում էր, այն ոչինչ չտւեց։
Օդային բեռնափոխադրումներ երկու երկրների միջեւ ինչպէս չկային, այնպէս էլ չկան նաեւ սահմանի բացումից յետոյ։ Թուրքիայի իշխանութիւնները գնալով այդպիսի «զոհողութեան»՝ լաւ գիտէին, որ այն ձեւական բնոյթ է կրելու։
Չնայած Հայաստանի իշխանութիւնների ջանքերին ու ցուցաբերած նւիրւածութեանը, ընդհուպ՝ ստորացման ու նւաստացման գնով, որը հերթական անգամ երեւաց Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիւ շնորհաւորելու Նիկոլ Փաշինեանի նախաձեռնութեամբ, վաղուց պարզ է, որ հայ-թուրքական սահմանի բացման, առաւել եւս՝ յարաբերութիւնների կարգաւորման հեռանկարներն ուղիղ կապ ունեն ադրբեջանական գործօնի հետ։ Չնայած դա չի խանգարում, որ թուրքական ապրանքները շարունակեն մեծ քանակութեամբ մտնել Հայաստան։
Վերջին տարիներին անընդհատ նոր ռեկորդներ են գրանցւում։ Այս տարւայ ընդամէնը չորս ամսում Թուրքիայից Հայաստան է ներմուծւել աւելի քան 104 մլն. դոլարի ապրանք։
Նախորդ տարւայ համեմատ աճի տեմպը թուլացել է, բայց թուրքական ապրանքների մեծ հոսքը Հայաստանի տնտեսութեան մէջ ու սպառողական շուկաներում պահպանւում է։
Ամսական Թուրքիայից միջինում 25-30 մլն. դոլարի ապրանք է գալիս Հայաստան։ Գալիս է երրորդ երկրների միջոցով։ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բացակայութիւնը բացարձակ խոչընդոտ չէ դրա համար։
Այնինչ՝ արտահանում Հայաստանից գրեթէ չկայ։ Այս տարի ընդհանրապէս է զրոյացել։
Չորս ամսում Հայաստանից Թուրքիա է արտահանւել ընդամէնը 203 հազար դոլարի ապրանք։
Սա նոյնիսկ դժւար է արտահանում համարել։
Նախորդ տարի գոնէ հասնում էր 3,3 միլիոնի։ Այս տարի դա էլ չկայ՝ 16 անգամով կրճատւել է։
2022 թ. մի պահ պաշտօնական վիճակագրութիւնը Հայաստանից Թուրքիա արտահանումների բաւական ակտիւացում արձանագրեց, բայց յետոյ պարզւեց, որ դա էլ խաբկանք է։ Իրականում ոչ մի արտահանում էլ չկար։ Արտահանումն աւելացել էր գերազանցապէս չմշակւած ոսկու հաշւին, որը Թուրքիայի միջոցով տեղափոխւել էր այլ երկրներ։
Հայաստանից չեղած մատակարարումների դիմաց թուրքական ներմուծումները շարունակում են աւելանալ։ Վերջին տւեալներով, դրանք 51 անգամով գերազանցում են հայկական ապրանքների արտահանմանը։
Մինչ թուրքական շուկան շարունակում է փակ մնալ Հայաստանի տնտեսութեան համար, այդ երկրի ապրանքներն ընդլայնում են իրենց դիրքերը Հայաստանում։ Ու չնայած Հայաստանի իշխանութիւնները շտապում են հնարաւորինս շուտ բացել հայ-թուրքական սահմանը, ոչ մի հիմք չկայ ասելու, թէ դրանից յետոյ առեւտրային յարաբերութիւնների այս պատկերը փոխւելու է։ Ներմուծումների միջոցով Հայաստանը շարունակելու է ֆինանսաւորել Թուրքիայի տնտեսութիւնը, մինչդեռ Հայաստանը, այսօրւայ տնտեսութեամբ ու տնտեսական կարողութիւններով շատ քիչ բան կարող է առաջարկել թուրքական շուկային, եթէ ընդհանրապէս կարող է։
Ոչ մի գաղտնիք չկայ, որ Թուրքիայի տնտեսութիւնը՝ որակի ու մասշտաբի էֆեկտի հաշւին, առանձնանում է էժան ապրանքների մատակարարումներով, ինչը սահմանի բացումից ու յարաբերութիւնների հաստատումից յետոյ կարող է շատ աւելի տխուր հետեւանքներ ունենալ Հայաստանի տնտեսութեան եւ յատկապէս տնտեսական առանձին ճիւղերի համար։ Հայաստանի տնտեսութեան դիմադրողականութիւնը շատ ցածր է, առաւել եւս, հնարաւորութիւնները փոքր՝ թուրքական շուկայում դիրքեր զբաղեցնելու համար։
168.am