ՀամայնքՆոր Ջուղա

Նահատակ Յովհաննէս Սիմոնեանի մահւան քառասնօրեակին՝ նրա յիշատակին յուշաքար տեղադրւեց Նոր Ջուղայի հայոց ազգային գերեզմանատան նահատակների յուշահամալիրում

Հինգշաբթի՝ մայիսի 7-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգային գերեզմանատանը տեղի ունեցաւ ԱՄՆ- իսրայէլական ռազմական գործողութիւնների արդիւնքում նահատակւած Յովհաննէս Սիմոնեանի մահւան քառասնօրեակի արարողութիւնը, Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի եւ Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով:

Այնուհետեւ ներկաները նահատակի շիրիմից քայլեցին դէպի գերեզմանատան տարածքում գտնւող նահատակների յուշահամալիր, որտեղ Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների նախաձեռնութեամբ կանգնեցւել է եւս մէկ յուշաքար՝ նահատակ Յովհաննէս Սիմոնեանի յիշատակին:

Այստեղ սկզբում հնչեց Իրանի Իսլ. Հանրապետութեան հիմնը, ապա յուշաքարի օրհնութիւնը կատարւեց քահանայ հօր ձեռամբ: Շարունակութեան մէջ թեմի առաջնորդական տեղապահ Տ. Արտաւազդ Շարոյեանի եւ ազգային մարմինների անունից արտայայտւեց թեմիս նահատակների եւ անձնուրացների հարցերով կապ Զարեհ Ղարախանեանը, իսկ իրենց սրտի խօսքն ասացին՝ Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանն ու Սպահանի Քաղխորհրդի անդամ Շարիաթին:

Զարեհ Ղարախանեանն նշելով, որ նահատակ Սիմոնեանն իր թանկագինը զոհեց ոչ թէ պատերազմի ճակատում, այլ իր գործատեղում՝ աշխատանքի եւ արդիւնաբերութեան խրամատում, այս նահատակութիւնը եւս մի փաստ համարեց յարձակումների անօրինականութեան համար: Այնուհետեւ նա իր խօսքում շեշտելով, որ Սպահանի հայոց թեմի ազգային մարմինները խորը յարգանք են տածում նահատակ Սիմոնեանի յիշատակին եւ բարձր են գնահատում նրա ու միւս նահատակների ընտանիքների տոկունութիւնը, ընդգծեց, թէ երկրի պաշտպանութիւնը ազգային եւ կրօնական սահմաններ չի ճանաչում ու դա իրանեան հայրենիքի համայն ժողովրդի պարտականութիւնն է:

Պրն. Մանսուրեանը ցաւով յիշեց վերջին պատերազմի ընթացքում զոհւած աւելի քան 4000 նահատակներին եւ շեշտեց, որ Իրանի ժողովուրդը արժանի է խաղաղութեան եւ անդորրի մէջ ապրելուն: Նա նկատել տալով, որ թշնամին փորձում է ժողովրդի եւ իշխանութեան միջեւ պառակտում առաջացնելով հասնել իր նպատակին, աւելացրեց, թէ այդպէս մտածողները չարաչար սխալւում են, քանի որ Իրանի ժողովուրդը, այդ թւում նաեւ իրանահայութիւնը միասնական են երկրի պաշտպանութեան եւ հողային ամբողջականութեան պաշտպանման հարցում:

Պրն. Շարիաթին անդրադառնալով հայ նահատակների սխրագործութիւններին եւ յատկապէս գնահատելով նահատակ Սիմոնեանի ընտանիքի տոկունութիւնը, իր ցաւակցութիւնները յայտնեց նահատակի այրուն եւ զաւակներին եւ ծով համբերութիւն ցանկացաւ նրանց:

Վերջում ներկաները նահատակների յուշաքարերի մօտ ծաղիկներ զետեղեցին եւ խնկարկեցին:

Քառասնօրեակի արարողութեանը ներկայ էին նաեւ՝ Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ միութիւնների ներկայացուցիչները, պետական պաշտօնատարներ, նահատակի հարազատներն ու ծանօթները եւ ժողովուրդ:

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button