ԱտրպատականՀամայնք

Ս. Ստեփանոս Նախավկայի վանքի ուխտի օրը հոգենորոգ շնչով զօրացրեց ուխտաւորներին

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Հինգշաբթի, հոկտեմբերի 2-ին, Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկայի վանքում տեղի ունեցաւ տարեկան ուխտի սուրբ պատարագը: Այն մատուցեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, առընթերակայութեամբ Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի եւ սպասարկութեամբ բարեշնորհ սարկաւագներ՝ Առլէն Բադալեանի եւ Սեւան Ենովքեանի:

Մայր Արաքսի ափից բարձրանալով, բարեպաշտ ժողովուրդը առաւօտ կանուխ հասաւ Նախավկայի վանքը, եւ գեղաքանդակ դարաւոր տաճարում սկսւեց սուրբ պատարագը: Քառաձայն երգեցողութիւնը կատարում էր «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի:

Ս. Պատարագից անմիջապէս առաջ, առաջնորդ Սրբազանը իր վանական սենեակում հիւրընկալեց Արեւելեան Ատրպատականի Մշակութային հիմնարկութեան ընդհ. տնօրէնի եւ Փոքրամասնութեան պատասխանատուի այցը, որոնք պետական յատուկ տնօրինումներով դասաւորել էին ուխտագնացութեան բոլոր միջոցները:

«Խորհուրդ խորին»-ի երգեցողութեամբ պատարագիչ Սրբազանը դուրս եկաւ վանական իր սենեակից, եւ տաճար մուտք գործեց «Հրաշափառ»-ով, երբ ուխտաւոր հաւատացեալները խոր յուզմունքով աղօթում էին եկեղեցում:

Քարոզի բնաբանը վերցնելով օրւայ Ճաշու աւետարանից, Սրբազան հայրը մեկնաբանեց քրիստոնէական հաւատքը, երբ բոլոր հաւատացեալները պատրաստ են լինելու, այս կեանքում չարչարանքներ կրելու: Նոյն շրջագծում, առաջնորդ Սրբազանը վեր հանեց Ս. Ստեփանոսի պատրաստակամութիւնը, հաւատքի համար նրա կրած չարչարանքների պատճառով: Սրբազանը հայ մատենագրութիւնից մէջբերելով Ս. Բարթողիմէոս առաքեալի այցը այժմու վանքի լեռնալանջը, ներկայացրեց նոյն վայրում, Առաքեալի ձեռամբ բղխեցւած աղբիւրը, որը մինչեւ օրս հոսում է վանքում, եւ յագեցնում բոլոր ուխտաւորներին, ու այցելու զբօսաշրջիկներին:

Շրջանի պատմութեան հին էջերից վերցնելով մի հատւած, նա ներկայացրեց 1876 թւի ճամբորդական մի ուղեգրութիւն, երբ Թաւրիզից մինչեւ Նախիջեւան գնացող մի ազգակից, զգացական ինչքա՜ն դիպուկ պահեր էր արձանագրել, երբ հասել էր Ջուղա՝ Արաքս գետի ափին: Հին ու նոր օրերի շաղախումը կատարելով, առաջնորդ Սրբազանը ներկայ ուխտաւորներին համարեց իսկական բախտաւորները մեր ժողովրդի այժմու զաւակների շարքում, որոնք այսօր առիթն էին ունեցել այցելելու Ս. Նախավկայի վանական համալիրը, դրա չնաշխահիկ տաճարում մոմավառութիւն կատարել, եւ Ս. Պատարագին մասնակցելով աղօթել, ու հոգենորոգ շնչով զօրանալ:

Ս. հաղորդութիւնից առաջ կատարւեց հաւաքական խոստովանանք, եւ ապա Յիսուսի մարմնով եւ արեամբ հաղորդւեցին ներկայ հաւատացեալները, խորիմաստ պահեր ապրելով, եւ զօրանալով իրենց պապենական դարաւոր հաւատքով:

Հանդիսաւոր Ս. Պատարագի աւարտին կատարւեց ջրօրհնէք՝ «Աջովն Սրբոյն Բարթուղիմէոսի առաքելոյն»: «Կիլիկիա» երգի հաւաքական կատարումով եւ «Պահպանիչ»-ով աւարտին հասաւ միօրեայ ուխտագնացութիւնը, եւ բոլոր ուխտաւորները Ս. Աջով օրհնւած ջուր ստացան, Թաւրիզի Խնամակալ կանանց միջոցով բաշխւած:

Թափօրը առաջնորդեց Սրբազան Հօրը վանական խուց, որտեղ դարձեալ Սրբազանը օրհնեց խորանի սպասարկուներին եւ երգչախմբի անդամ-անդամուհիներին: Ուխտի օրը բարւոք իր աւարտին հասաւ, հոգեպէս զօրացնելով բոլոր ուխտաւորներին:

Related Articles

Back to top button