ՀՅԴ Մամուլ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Ընտրութիւնը բոլորինս ու իւրաքանչիւրինս է

Սեպտեմբեր ամսին Հայաստանի ու Արցախի անկախութիւնների հռչակումից յետոյ, մայիսի պէս, այս ամիսն էլ հայութեան համար դարձաւ յաղթանակների ամիս։ Անհնար էր պատկերցնելը, որ մօտ երեք տասնամեակ տեւած այս իրողութիւնից յետոյ սեպտեմբերը կը վերածւի մեր պարտութեան ու ողբերգութեան ժամանակահատւածի։ Եւ այդ անհնարինը հնարաւոր դարձաւ հայոց պետականութիւնների անառիկ բերդը թշնամու հինգերորդ շարասեան կողմից ներսից յանձնելու միջոցով։ Չկայ այսօր Արցախի պետականութիւնը, հայութեան բնօրրանն ամբողջովին հայաթափւած է, իսկ Հայաստանը գտնւում է դարաւոր եւ ցեղասպան թշնամիների ազդեցութեան տակ, ու ապրում է իր ինքնիշխանութեան ու տարածքային կորուստների ժամանակաշրջանը։

Սոյն թւականի սեպտեմբերի 2-ն, Արցախի անկախացման պատմական օրը, գումարւեց Հ. Յ. Դաշնակցութեան կազմակերպած «Վերադարձ. Արցախ լինելո՛ւ է» խորագրով միջազգային գիտաժողովը։ Նոյն օրւայ երեկոյեան «Ազատութեան հրապարակում» տեղի ունեցաւ դարձեալ Դաշնակցութեան կազմակերպած հանրահաւաք՝ նւիրւած Արցախի անկախութեան օրւան։ ՀՀ այսօրւայ իշխանաւորները ոչ միայն պատմական այս իրադարձութեանը պատշաճօրէն չարձագանքեցին, այլեւ սեպտեմբերի 19-20-ին Արցախի դէմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի եւ հայաթափման ողբերգական իրադարձութեանը։ Եւ հակառակը, ՔՊ-ականները քննադատելով սեպտեմբերի 2-ի իրադարձութիւնները, միաժամանակ հրճւանքով գրում էին, թէ քիչ մարդ է մասնակցել հանրահաւաքին։ Եթէ չճանաչէիք այսօրւայ ազգային ողբերգութիւնների հեղինակներին պէտք է հարցնէինք ինքներս մեզ՝ «ովքե՞ր են սրանք»։ Իսկապէս էլ՝ ովքե՞ր են սրանք, որ այսքան անհաղորդ են իրենց ծնած ժողովրդի վշտերին, յոյզերին ու ձգտումներին, թէեւ յանուն իշխանական աթոռների պահպանման պատրաստ են օրը տաս անգամ կռանալ ժողովրդի առաջ։

Ովքե՞ր են սրանք, որ ոչ մի անգամ չմտահոգւեցին, չյուզւեցին Արցախի կորստի համար, 5000 նահատակւած հայորդիների համար, ադրբեջանցիների կողմից Հայաստանի տարածքների այսօրւայ օկուպացիայի համար։ Ովքե՞ր են սրանք, որ որպէս պետականութեան եւ ժողովրդի համար պատասխանատու համահայկական իշխանութիւն Արցախի ողբերգութիւնից յետոյ միջազգային ատեաններում ոչինչ չձեռնարկեցին ադրբեջանաթուրքական ցեղասպանութեան հարցով, բացարձակապէս անտարբեր են Բաքւում դատական դաժան գործընթացի մէջ գտնւող հայ ռազմաքաղաքական ղեկավարութեան ճակատագրի համար եւ ընդհակառակը՝ կատաղօրէն պայքարում են Արցախի դատը հետապնդել ցանկացող արցախցիների, հայկական զանազան կազմակերպութիւնների դէմ, հետապնդում են Արցախի ղեկավարութեանը, իսկ 1700-ամեայ ազգային եկեղեցու դէմ այնպիսի ճնշումներ ու հետապնդում են իրականացնում, որպիսիք տեղի են ունեցել միայն 1930-ականներին։ Ովքե՞ր են սրանք՝ հարցը թերեւս հռետորական իմաստ ունի, որովհետեւ եթէ ՔՊ-ականների կենսագրութեանը նայենք, նման հարցը կը կորցնի իր իմաստը։

Ճիշտ սրանց պէս ու ճիշտ 100 տարի առաջ օտարութեան մէջ կամ օտար հոսանքների ազդեցութեամբ հայ երիտասարդութեան մի հատւած այնքան կտրւեց իր ժողովրդից եւ նրա պատմական ինքնութիւնից, որ օտար մեծադղորդ գաղափարներն ու օտարի շահերը գերակայ նկատեցին սեփական ժողովրդի շահերից, վերածւեցին սեփական երկրի եւ ժողովրդի դահիճների։ Այսօրւայ երիտբոլշեւիկները կամ կոսմոպոլիտները նոյնքան հեռու են, նոյնքան անտարբեր եւ նոյնքան թշնամի են սեփական պատմական ինքնութեան հանդէպ։ Երբեմն պարզ հայ մարդը զարմանում է, թէ ինչո՞ւ է ծաւալւել այս թշնամանքը ազգային եկեղեցու դէմ, ի՞նչ իմաստ ունի Արարատ երեւոյթը մոռացնել տալու մտասեւեռումը, ինչո՞ւ են բոլոր մակարդակի կրթական ծրագրերից կրճատւում եւ դուրս բերւում ազգային եւ ինքնութեան անձնագիր հանդիսացող թեմաներն ու անունները, ինչո՞ւ է յանկարծ Հայոց այբենարանից անհետանում Մեսրոպ Մաշտոցի նկարը։ Երբ այս եւ ոչ պակաս ծանրակշիռ այլ փաստերը դիտարկում ես տրամաբանական մէկ շղթայի մէջ այդ ժամանակ է երեւակւում ճշմարտութիւնն իր ողջ նենգ եւ սպառնալից պատկերով։

Վերջերս Հայաստանի վարչապետը յայտարարեց, որ հռչակում է Հայաստանի չորրորդ հանրապետութեան հաստատումը, որպէս առաջիկայ ռազմավարական անելիք։ Ի՞նչ է իրականում սա նշանակում։ Սա նախեւառաջ նշանակում է, որ Հայաստանի այսօրւայ իշխանութիւնը հրաժարւում է Երրորդ Հանրապետութեան ողջ ժառանգութիւնից՝ նրա արժէքներից, ձեռքբերումներից, նպատակներից, պետական կարգը կազմող բաղկացուցիչներից։ Սա իր հերթին նշանակում է ամբողջովին ջնջել Արցախի էջը եւ նրա հետ կապւած բոլոր խնդիրները, վերանայել պետական կարգը՝ հրաժարւելով գործող հռչակագրից, Սահմանադրութիւնից, Հայաստանի ինքնիշխանութիւնը կազմող կռւաններից, Ազգային եկեղեցու տեղից եւ դերից, հայրենասիրական իդէալներից ու այն բնորոշող պատմական-մշակութային արժէքներից ու այս բոլորը վերանայել համապատասխանեցնելով Հայաստանի իշխանութիւններին ուղղորդող արեւմտեան ուժերի եւ, մասնաւորապէս, թուրքադրբեջանական պահանջներին։

Եթէ անդրադառնանք, թէ ինչերից է հրաժարւել ու հրաժարւում Հայաստանի իշխանութիւնը եւ ինչը ինչ կերպ է փորձում փոփոխել, ակնյայտ կը դառնայ, որ մեր վերլուծութիւնն ու գնահատականը չափազանցւած չեն։ Իսկ եթէ աւելի կոնկերտ բնորոշենք, թէ ինչ է անում եւ ինչ է դեռ պատրաստւում անել Նիկոլ Փաշիեանն իր օտարահպատակ կոսմոպոլիտ ուժի հետ, ապա կը տեսնենք, որ Հայաստանում տեղի է ունենում պետական կարգի տապալում, Հայաստանի ինքնիշխանութեան ենթարկում արտաքին ուժերին։ Նիկոլ Փաշիեանն այս ամենին ձեռնամուխ է եղել վճռականօրէն եւ հետեւողական քայլերով, վստահ լինելով, որ ներքին հաւանական ընդվզումները կը կարողանայ խեղդել՝ յենւելով իրեն ենթակայ ուժային եւ իրաւապահ համակարգերի, ինչպէս եւ արտաքին ուղղակի եւ անուղղակի հովանաւորութեան վրայ։

Այս ազգակործան ծրագրերը նա կը կարողանայ վերջնականօրէն իրականացնել յաղթահարելուց յետոյ գալիք խորհրդարանական ընտրութիւնները։ Ըստ էութեան իշխանութիւնը անթաքոյց մտել է արդէն այդ ընտրապայքարի մէջ՝ երկրորդական եւ երրորդական նկատելով երկրի առջեւ ծառացած ճակատագրական հիմնահարցերը։ Որքան էլ որ իշխանութիւնը փորձում է այդ լրջագոյն մարտահրաւէրի հանդիման ցուցադրել իր ինքնավստահութիւնը, այնուամենայնիւ սարսափի մէջ է՝ նախ որովհետեւ իր այս ազգակործան ու պետականակործան ծրագրերը ընդունելի չեն ժողովրդի մեծամասնութեան համար, միւս կողմից՝ 2021 թւականին տւած երջանիկ ապագայի խոստումներից յետոյ, ոչ մի դրական ձեռքբերում չի կարող մատնանշել։

Հետեւաբար մնում է դիմելը իր գլխաւոր զէնքին կեղծիքին։ Եւ քանի որ գլխաւոր սպասելիքը խաղաղութեան հասնելու ձախողւած հարցն է, նա փորձում է իր ձախողումը ներկայացնել, որպէս յաղթանակ։ Թէեւ Փաշիեանի թիմակիցներն իսկ փորձում են հաւատացնել, թէ այս տարի հնարաւոր է, որ Խաղաղութեան պայմանագիրը ստորագրւի, միւս կողմից Փաշիեանը փորձում է համոզել, թէ նախաստորագրւած պայմանագիրը արդէն իսկ ստորագրւած պայմանագիր է նշանակում։ Եւ այս ամէնը տեղի է ունենում այն պայմաններում, երբ չի դադարում ոչ ադրբեջանցիների ագրեսիւ հակահայկական հռետորաբանութիւնը ոչ Հայաստանի իշխանութիւններին ներկայացւող կոշտ պահանջները, ոչ պատերազմի սպառնալիքը, եւ ոչ էլ բոլոր այս հարցերում Թուրքիայի անթաքոյց հովանաւորութիւնը Ադրբեջանին։

Հայաստանի ապագան փաստացի կախւած է երկու կարեւոր հանգամանքից՝ կը յաջողւի՞ նիկոլականներին հերթական անգամ մոլորեցնել ժողովրդին, թէ՞ ազգային ուժերին կը յաջողւի քաղաքական գաղափարական ազգային նոյն մտահոգութիւններով հարւածելով միեւնոյն թիրախին ժողովրդին հեռացնել իշխանութեան որդեգրած ազգակործան ուղուց։

Ուղղորդւել գաղափարաքաղաքական նոյն մտահոգութիւններով եւ հարւածել նոյն թիրախին բնաւ չի նշանակում բոլոր ազգային ուժերի մեխանիկական միաւորում։ Սա նշանակում է գերնպատակի շուրջ տարբեր ճակատների համակարգւած պայքար մէկ ուղղութեամբ, իսկ եթէ որեւէ մէկը փոխի իր թիրախն ու սկսի թիկունքից հարւածել իշխանութեան դէմ պայքարող ազգային որեւէ ուժի կը նշանակի, որ տւեալ ուժը ուղղակի եւ անուղղակի կերպով ծառայում է Նիկոլին ու եթէ առերեւոյթ նրա հետ էլ չէ վերջինիս վերարտադրութիւնը գերադասում է ազգային որեւէ ուժի յաղթանակից։ Եթէ պատկերաւոր բնորոշենք այսօրւայ այս դաշտը, ապա կարող ենք ասել, որ ականատես ենք խառը կրակոցների։

Կարծում ենք, որ այս ընթացքը պէտք է կանխւի եւ յունաւորւի համակարգւած աշխատանքը, իսկ այլ վարքը ուղղակիօրէն կը բացայայտի ժողովրդի եւ ազգային նպատակների անունից հանդէս եկող երկակի խաղ խաղացողներին։ Իշխանութեան ծրագրւած գործունէութիւնը յուշում ու հարկադրում է նաեւ հակադիր ճակատի կազմակերպմանը առանց ժամանակի ձգձգման։ Փաստենք, որ եօթ տարի սեփական ժողովրդի նկատմամբ բազմաթիւ յանցագործութիւններ իրականացրած ղեկավարութեան համար, առջեւում ոչ թէ սովորական ընտրապայքար է, այլ ինքնապահպանութեան կռիւ, որի ժամանակ բոլոր միջոցները ընդունելի են։

Կասկած չկայ, որ իր թշւառ իշխանութեան աւարտն զգացող այս իշխանութիւնը գնալու է ամէն երեւակայելի ու աներեւակայելի օրինախախտումների։ Արդէն իսկ, ամենաանհեթեթ պատրւակներով երկու սրբազանների, գործարար Սամուէլ Կարապետեանի, եւ այլ ազգային գործիչների ձերբակալութիւնը յուշում է, որ Նիկոլ Փաշիեանը պատրաստ է փաստելու, թէ ունակ է ամենանենգ, ամենաանբարոյ եւ ամենաանօրինական քայլերի։ Խաղասեղանին դրւած է մեծ գրաւ եւ որքան էլ անհաւատալի թւայ թերեւս գալիք ընտրութիւններով մեծապէս որոշւելու է թէ ինչ ճանապարհով է ընթանալու Անդրկովկասի ապագան, որոշւելու է գոլբալիզմի եւ հակագլոբալիզմի բախման արդիւնքն այս տարածաշրջանում, որոշւելու է, թէ ինչ աշխարհաքաղաքական առանցքի է հարելու տարածաշրջանը եւ վերջապէս որոշւելու է՝ տեղ կունենա՞յ Հայաստանը տարածաշրջանային քարտէզի վրայ, թէ իր Յուդա զաւակների ձեռամբ մատաղ կարւի համաշխարհային մեծ տեղաշարժերին։

Այս լինել-չլինելու ճամփաբաժանին բոլորից է պահանջւում վեր կանգնել սեփական շահերից ու յաւակնութիւններից եւ այդ ամէնը զոհաբերել սեփական երկրի ու զաւակների ապագային։ Ընտրութիւնը բոլորինս ու իւրաքանչիւրինս է։

«Դրօշակ» թիւ 9, 2025 թ.

Related Articles

Back to top button