ՀՅԴ Մամուլ

«Դրօշակ»-ի առաջնորդող. Որ ճանապարհն է ընտրելու մեծամասնութիւնը

Սոյն թւականի յուլիսի 28-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հրապարակայնօրէն յայտարարեց. «Ինչպէս մենք մտանք Ղարաբաղ ու Լիբիա, նոյն կերպ կարող ենք մտնել Իսրայէլ։ Չկայ պատճառ, թէ ինչու մենք չպէտք է դա անենք»: Ադրբեջանի պաշտօնական ներկայացուցիչները անհամաձայնութեամբ եւ անթաքոյց դժգոհութեամբ հակադարձեցին «աւագ եղբօր» այս յայտարարութեանը: Արդեօ՞ք սա առիթ չէր, որ Հայաստանի իշխանութիւնը եւս որոշ գնահատականներ ներկայացներ միջազգային ահաբեկչական կոալիցիայի ցեղասպանական ոճրագործութեան այս ինքնաբացայայտման վերաբերեալ: Իհարկէ համապատասխան առիթը ընձեռւել էր, բայց այն օգտագործելու համար Հայաստանի իշխանութիւնը պէտք է լինէր գոնէ Ադրբեջանի իշխանութեան չափ քաղաքականապէս որձ, եւ ինքնուրոյն: Միւս կողմից ծանօթ գործելակերպ է, երբ Հայաստանի իշխանութիւնն իրեն խուլի տեղ է դնում երբ անհրաժեշտ է հակադարձել, երբ ոտնձգութիւններ են թոյլ տրւում իր ներկայացրած պետութեան եւ ժողովրդի դէմ: Իրականում նման յայտարարութիւնները, ադրբեջանցիներից ոչ պակաս, անյարմար վիճակում են դնում Հայաստանի իշխանութեանը՝ «խաղաղասիրական, եղբայրական» մտայնութիւնների եւ մոլորութիւնների համար:

Յիշենք, որ 2020 թւականի պատերազմից յետոյ Հայաստանի իշխանութիւնը ծպտուն չհանեց Թուրքիայի վճռորոշ դերակատարութեան մասին, թէեւ տիրապետում էր բազմաթիւ ակնյայտ փաստերի: Ընդհակառակը, երկու շաբաթ չանցած ՔՊ-ականները խանդավառւած յայտարարում էին, թէ այլեւս ոչինչ չի խանգարում Թուրքիայի հետ տնտեսական եւ քաղաքական ակտիւ գործակցութեան համար: Ակնյայտօրէն այդ քաղաքականութեան նախագիծը հաստատւած էր վաղուց եւ թերեւս միայն Արցախի անկախ գոյութեան փաստն էր խանգարում հայութեան թիկունքում կայացւած այդ դաւադիր գործարքի իրագործմանը: Յարաբերութիւնների գործնականացման երկրորդ օրինակը վերաբերում է հէնց Ադրբեջանին: Համաձայն, իր խոստովանութեան դեռեւս 2018 թւականին Փաշինեանը «իմացել էր», որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում: Մենք տեսնում ենք ներդաշնակւած գործողութիւններով այս ծրագրի գործարկումը նշեալ շրջանից մինչեւ 2020 թւականի պատերազմ եւ դրանից յետոյ:

Փաշինեանը, օրինակ, մինչեւ պատերազմը հասարակութեան «ականջում եփում էր» այն միտքը թէ գլխաւորը Արցախի ժողովրդի անվտանգութիւնն ու մարդկային իրաւունքներն են, յայտարարում էր, որ պատերազմում պարտութիւնը դեռեւս պարտութիւն չի նշանակում, այնուհետեւ մերժեց կէսից պատերազմը դադարեցնելու եւ ազատագրւած տարածքների յանձնման դիմաց Արցախը պահպանելու Ռուսաստանի նախագահի առաջարկը: Նա աւելի շատ տարածքներ յանձնեց ոչ թէ պատերազմի ստեղծած ռեալ իրողութիւնների, այլ բանաւոր պայմանաւորւածութիւնների հիման վրայ, ստորագրեց փաստաթուղթ, որով ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս, մատը մատին չխփեց սեփական իշխանութեամբ եւ միջազգային հարթակներում պաշտպանելու համար ամիսներ շարունակ շրջափակման մէջ գտնւող արցախցիներին, 2023 թւականի սեպտեմբերի 19-ին անմիջապէս յայտարարեց, թէ Հայաստանը ոչ մի միջամտութիւն չի ունենայ Արցախի նկատմամբ սկսւած ագրեսիային, իսկ այնուհետեւ արիւնալի ագրեսիայի մէջ ներքաշւած արցախահայութեան վերաբերեալ յայտարարեց, թէ վերջինիս ֆիզիկական վտանգ չի սպառնում: Այնուհետեւ, զուգահեռաբար, Ալիեւը Ադրբեջանում, իսկ Փաշինեանը Հայաստանում ձեռնարկեցին Արցախի տարբեր մակարդակի քաղաքական-վարչական ղեկավարների, բարձրաստիճան զինւորականների հալածանքն ու ձերբակալութիւնները: Ալիեւը Բաքւից, իսկ Փաշինեանը Երեւանից ամէն փորձ գործադրում են փաստելու համար, թէ Արցախի հարց այլեւս գոյութիւն չունի, Փաշինեանը շատ վաղուց մոռացել է Արցախ բառը եւ փոխարինել այն Ադրբեջանի համար ընդունելի Լեռնային Ղարաբաղ եզրով, ցայսօր նա որեւէ հանդիպում չի ունեցել Հայաստանում գտնւող Արցախի որեւէ ղեկավարի հետ վախենալով, թէ Ադրբեջանին դուր չի գայ, նա ձախողում է Արցախի հարցի հետապնդմանն ուղղւած ցանկացած միջոցառում Հայաստանում եւ դրա վերջին փաստը համապատասխան հրահանգով պետական եւ այլ կազմակերպութիւնների մերժումն էր դահլիճ տրամադրել ազգային ուժերին՝ Արցախի անկախութեան օրը նշելու համար:

Ադրբեջանի ղեկավարութիւնը յայտարարում է, թէ Հայաստանի հետ խաղաղութեան հասնելու համար պէտք է տեղի ունենայ սահմանազատում եւ սահմանագծում կոչւած հայկական տարածքների միակողմանի զիջումների գործընթացը եւ Փաշինեանը իրականացնում է սա, Ադրբեջանը յայտարարում է, թէ խաղաղութեան պայմանագիր ստորագրելու համար պէտք է լուծարւի ԵԱՀԿ Մինսկի խումբը, փոխւեն Հայաստանի Հռչակագիրն ու Սահմանադրութիւնը եւ նոյնը կրկնում է Հայաստանի իշխանութիւնը: Հայաստանի իշխանութիւնը ոչ միայն լռում է, երբ Ադրբեջանը Հայաստանի տարածքը ներկայացնում է որպէս Արեւմտեան Ադրբեջան, այլեւ շտապում է ժխտել Հայոց Ցեղասպանութիւնը, խեղաթիւրել հայոց պատմութեան դասագրքերը՝ ի օգուտ Թուրքիայի եւ Ադրբեջանի: Հայաստանի իշխանութիւնը պապանձւած է, երբ Ադրբեջանն օրը ցերեկով Արցախում իրականացնում է մշակութային ցեղասպանութիւն… Թերեւս հաստատելու համար իրենց խառնախմբից մէկի խօսքը, թէ աւելի լաւ է լինել թուրքի շուն:

Ըստ aravot.am կայքէջի նոյն օրւայ հրապարակման 2024 թւականի յուլիսի 30-ին, Թեհրանում ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէին. «վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականութեան պահպանման անհրաժեշտութիւնը եւ յայտարարել. «ԻԻՀ-ն Զանգեզուրի ճանապարհը համարում է ի վնաս Հայաստանի եւ հաստատակամ է իր այս դիրքորոշման մէջ»:

Խամենէին շեշտել է, որ օտարները չպէտք է սահմանափակումներ ստեղծեն հարեւանների հետ յարաբերութիւնների համար եւ յաւելել է, որ երկրների անվտանգութիւնն ու խաղաղութիւնն ապահովւում է սեփական ուժերին եւ մերձաւորներին ապաւինելով: Նա ընդգծել է, որ «երկու երկրների միջեւ համագործակցութիւնը հաստատակամօրէն կը շարունակւի՝ հիմնւած սահմանւած շահերի վրայ եւ այլոց քաղաքականութիւնից անկախ»: Ինչ է պատասխանել սրան Հայաստանի ղեկավարը յայտնի չէ, իսկ յայտնի չէ, որովհետեւ նա ընդունակ չէր Հայաստանի ինքնիշխանութեան եւ շահերի վերաբերեալ նոյն ոգով արձագանգել դիմացինին: Ըստ էութեան սա ոչ թէ երկխօսութիւն է, այլ Իրանի Իսլամական Հանրապետութեան փաստական առաջնորդի զգուշացումը Հայաստանի ղեկավարին՝ յատկապէս շեշտելով, որ Հայաստանի իշխանութիւնը պարտաւոր է պաշտպանել իր Երկրի տարածքային ամբողջականութիւնը, որ իրենք տեղեակ են այսպէս կոչւած, Զանգեզուրի միջանցքի վերաբերեալ Հայաստանի իշխանութիւնների գաղտնի պայմանաւորւածութիւնների մասին եւ դէմ են լինելու դրա իրագործմանը, որ օտար տէրութիւնները չպէտք է թելադրեն եւ սահմանափակեն Հայաստանի իշխանութիւններին՝ վարելու անկախ, ինքնուրոյն քաղաքականութիւն հարեւանների հետ: Սրան էլ Իրանի Առաջնորդը յաւելել է այն դասը, որից, դժբախտաբար, հեռու է Հայաստանի խամաճիկ ղեկավարը. «Երկրների անվտանգութիւնն ու խաղաղութիւնն ապահովւում է սեփական ուժերին եւ մերձաւորներին ապաւինելով»:

Շատ յայտարարութիւններ տեսակէտներ, որոնք հնչում են Ռուսաստանից նոյնպէս պէտք է ընկալել որպէս յիշեցումներ եւ զգուշացումներ Հայաստանի իշխանութեանը: Օրինակ այն մասին, որ Ռուսաստանը չի պատրաստւում լքել Անդրկովկասը եւ Հայաստանի իշխանութիւնը թող չփորձի իրենց փոխարէն այստեղ տեղաւորել ՆԱՏՕ-ական ուժերի: Օրինակ այն մասին, որ ինչպէս եռակողմ, այնպէս էլ երկկողմ մակարդակով եղել են մի շարք գրաւոր եւ բանաւոր յայտարարութիւններ ու պայմանաւորւածութիւններ, որ Զանգեզուրով պէտք է անցնեն ճանապարհներ եւ ոչ միջանցքներ եւ դրանք պէտք է գտնւեն Հայաստանի գերիշխանութեան ներքոյ, որոնց վրայ գտնւող մաքսակէտերն էլ կը վերահսկւեն Հայաստանի եւ ապա Ռուսաստանի մաքսատների կողմից: Այս մասին մէկ-երկու տարի առաջ խօսում էր նաեւ Նիկոլ Փաշինեանը, սակայն Արեւմտեան «հովանաւորների» թելադրանքով այս ծրագիրը մերժւում է եւ դրա փոխարէն, ժողովրդից գաղտնի, Հայաստանի իշխանութիւնը համաձայնւել է միջանցքի գաղափարի հետ, որը կը վերահսկեն ադրբեջանցիները եւ գուցէ թուրքերը: Այս մասին հնչել են վերջինների ներկայացուցիչների յայտարարութիւնները, եւ այս դէպքում էլ Հայաստանի իշխանութիւնը որդեգրել է խուլ ձեւանալու քաղաքականութիւնը:

Ակնյայտ է, որ Հայաստանի այս իշխանութիւնը հաստատւել է երկրում որպէս Արեւմտեան նախագիծ, շարունակում է ծառայել Հայաստանը Ադրբեջանա-թուրքական եւ Արեւմտեան շահերի ֆորպոստի վերածելու քաղաքականութեանը: Այդ քաղաքականութիւնը ներկայումս դարձել է աւելի ագրեսիւ եւ դինամիկ, կապւած Ուկրաինական ճակատում ռուսական ուժին հակակշռելու նպատակի հետ: Արեւմտեան նոյն տերերի թելադրանքով Հայաստանի իշխանութիւնը երկիրը վերածում է երկրորդ Ուկրաինայի, երբ ինքը ոչ այդ հնարաւորութիւնը եւ ոչ էլ «դուխն» ունի որեւէ դիմակայութիւն կազմակերպելու համար: Իրականում այդ նախագիծը ծառայում է շատ աւելի գլոբալ ծրագրի՝ Միջին միջանցք անւանւած հաղորդակցական եղած եւ նոր ուղիների տնօրինմանը, որոնց կայացմամբ մէկ կողմից պէտք է չէզոքացւի Ռուսաստանի ու Չինաստանի տնտեսական եւ քաղաքական ազդեցութիւնը, միւս կողմից Միջին միջանցքով Արեւմուտքը իրար կը շաղկապի Եւրոպան եւ Ասիան, կը տնօրինի այս տարածաշրջանը քաղաքականապէս, ինչպէս նաեւ այստեղ գտնւող բնական հարուստ եւ հազւագիւտ պաշարները:

Սա իհարկէ նոր ծրագիր չէ, այլ նախագծւել է դեռեւս խորհրդային տարիներին, սակայն այժմ գործնականացման փուլ է մտել, յատկապէս վերջին տասնամեակների ու տարիների աշխարհաքաղաքական փոփոխութիւններից յետոյ: Ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանին վերաբերող հատւածին, ապա մէջբերենք մէկ միտք Եգոր Լիսովենկոյի յօդւածից, որը հրապարակւել է «Ритм Евразии» (Ռիթմ Եւրազիի) կայքէջում, սոյն թւականի օգոստոսի 7-ին. «Վաշինգտոնը ակտիւօրէն ձգտում է իր վերահսկողութեան տակ վերցնել Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքով, այդ թւում, այսպէս կոչւած, Զանգեզուրի միջանցքով բեռների տարանցման հարցի լուծումը։ Դ. Օ‘Բրայէնը (ԱՄՆ պետքարտուղարի՝ Եւրոպայի եւ Եւրասիայի հարցերով օգնական) (Դրօշակ) նշել է՝ Բաքւի եւ Երեւանի միջեւ խաղաղութեան հասնելը եւ տրանսպորտային նոր հաղորդակցութիւնների բացումը, որոնք թոյլ կը տային ստեղծել առեւտրային երթուղի՝ շրջանցելով Ռուսաստանը, կարեւոր նշանակութիւն ունեն ոչ միայն Հարաւային Կովկասի երկրների, այլեւ տարածաշրջանի այլ պետութիւնների համար: Ակնյայտ դարձաւ՝ Վաշինգտոնն ամէն ինչ անելու է, որպէսզի այն երթուղին, որը պէտք է Ադրբեջանը միացնի Նախիջեւանին Հայաստանի հարաւով, այնուհետեւ Թուրքիայի հետ, չյայտնւի ՌԴ ազդեցութեան տակ»:

Գերուժերի մրցակցութեան այս դաշտում օգտագործւող գործիքի դեր է յատկացւել Հայաստանին, նրա իշխանութիւնների քաղաքական կախումների եւ նոյնչափ քաղաքական տգիտութեան պատճառով: Նախորդող իշխանութիւններին գրեթէ 30 տարի յաջողւեց Հայաստանը զերծ պահել մեծ քաղաքականութեան մէջ ոտատակ ընկնելուց եւ գործակցել բոլոր գործընկերների հետ, խուսափելով որեւէ մէկի կողմից ընդդէմ մէկ ուրիշի գործելուց: Երիտասարդ դուրսպրծուկները անհայրենիք, ու ընչաքաղց առաջնորդի հետ փորձեցին մտնել հակառակ խաղի մէջ եւ իրենց թանկ ծախել: Փոխարէնը նրանք կործանեցին Արցախն ու սպառնալիքների հողմապտոյտի մէջ նետեցին Հայաստանը, իսկ իրենք յայտնւել են մի իրավիճակում, երբ խաղի դաշտը գնալով նեղանում է, մրցակից բեւեռներից իւրաքանչիւրը պահանջում է կոնկրետ կողմնորոշում դա փաստող իրական քայլերով: Միաժամանակ կողմերից իւրաքանչիւրը նրանց պէս էժան ապրանքի դիմաց չի ցանկանում վտանգել իր շահերը եւ զսպել Հայաստանի կոկորդից բռնած թուրքադրբեջանական տանդեմին:

Ինչ է անում այս դառը ճաշը եփած Հայաստանի ղեկավարը՝ հեծանիւ է քշում, եւ զւարճանում է: Սրանով նա ի՞նչ է ցանկանում ասել, որ ինքը անհոգ է, յատկապէս իրեն յուզող միակ հարցի՝ իշխանութեանը սպառնացող մարտահրաւէրների դիմաց: Իրականում նա փաստում է, որ անելիք չունի տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական գործընթացների մէջ, որոնցում Հայաստանը վերածւել է առեւտրի էժան առարկայի, իսկ Հայաստանը ներկայացնողը անարժէք խամաճիկի, որին պարզապէս տեղեակ են պահում իր իշխանութեանը պատկանող երկրի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին:

Հեծանիւ քշելը, թերեւս, իրեն գժի տեղ դնելու երկրի ղեկավարի հարազատ հնարքի մի դրսեւորումն է, երբ չի իմանում, թէ ինչ անել: Նա իհարկէ փորձում է իրեն կարեւորել տպաւորութիւն ստեղծելով, թէ Հայաստանի խաղաղութիւնը կերտելով է զբաղւած կամ թէ երկիրը տանում է դէպի Եւրոմիութիւն: Նա փորձելու է տպաւորութիւն ստեղծել, թէ ինքը մեծ քաղաքականութեան մէջ դերակատար է, եթէ յաջողւի Հայաստան բերել Ֆրանսիայի նախագահին կամ, հիւր գնալ, օրինակ, Կանադայի վարչապետին եւ յոյս ունի, թէ իր փչած փուչիկներով դեռ յիացողներ կը լինեն Հայաստանի սուտ ինտելիգենտների եւ ազգային արժանապատւութիւնը կորցրած ամբոխի շարքերում: Հայաստանի իշխանութիւնը առեւտրի է հանել երկիրը դիմացը մուրալով քաղաքական հովանաւորութիւն եւ իշխանութիւնը պահպանելու երաշխիք: Երկրի համար ճակատագրական մարտահրաւէրների հանդիման այս իշխանութիւնը իրեն հակառակորդ է տեսնում սեփական ժողովրդին քանի որ իր իշխանութեան նկատմամբ եղած հիմնական խնդիրը հէնց նա է: Մեր ապրած պատմական ժամանակը հնարաւորութիւնների եւ կորուստների ժամանակահատւած է: Այնուամենայնիւ որեւէ անհատ կամ ուժ չի կարող որոշել մի երկրի ճակատագիր, եթէ իր աթոռը յենւած չէ որոշակի զանգւածի ուսերի վրայ: Հայ ժողովուրդի այսօրւայ պայքարը գլխաւորաբար ինքն իր հետ է՝ ինքնակործանում թէ ինքնափրկութիւն որ ճանապարհն է ընտրելու մեծամասնութիւնը:

«Դրօշակ» թիւ 8, 2024 թ.

Related Articles

Back to top button