ՀամայնքՆոր Ջուղա

Սպահանի քաղաքապետի տեղակալի այցը՝ իրանահայ ազգային-հասարակական եւ գրական բազմավաստակ գործիչ Թաթուլ Օհանեանին

«ԱԼԻՔ» – Սպահանի մտաւորականների հետ հանդիպումների շրջանակում, ինչպէս նաեւ Ֆաջրի տասնօրեակի առիթով, կիրակի՝ փետրւարի 9-ին,  22 Բահմանի նախօրէին, Սպահանի քաղաքապետարանի մշակութային եւ սոցիալական հարցերի տեղակալ դոկտ. Քամալ Հէյդարին այցելելով Նոր Ջուղայի պատմական թաղամասում գտնւող Թաթուլ Օհանեանի բնակարան, նրան է յանձնել Սպահանի վարպետների ձեռամբ պատրաստւած մի յուշանւէր: Իրանահայ անւանի հասարակական եւ ազգային գործչին յանձնւած դաջագործ  խաթամ-շրջանակը պարունակում էր քաղաքային վարչակազմի ուղերձը՝ Թաթուլ Օհանեանի 90-ամեակը բոլորելու եւ նրա անխոնջ ներդրումը մշակոյթի բնօրրան՝ Սպահանում հասրակութեան գիտելիքների ու մշակոյթի զարգացման կապակցութեամբ:

Այս մասին «ԱԼԻՔ»-ի հետ հեռախօսազրոյցի ժամանակ տեղեկացրել է այցի ընթացքում քաղապետարանի բարձրաստիճան պաշտօնեային ընկերակցած Իրանի անւանի լրագող եւ Գինեսի ռեկորդակիր դոկտ. Ռաւանշիդը:

Յատկանշական է, որ այցի մասին լուրը լայնօրէն շրջանառւել է Սպահանի նահանգային մամուլի էջերում այդ թւում «Ռահէ Էսֆէհան» օրաթերթում, որտեղ նշւել է նաեւ իրանահայ ազգային գործչի կենսագրութիւնն ու գործունէութիւնը՝ միութենական, ԲՈՒՀ-ական, եւ ազգային ու հասարակական կեանքում:

Աղբիւրի համաձայն՝ Թաթուլ Օհանեանը պատանեկան տարիներից «Արարատ» միութեան անդամ լինելուց բացի, եղել է Սպահանի եւ ազգային առաջնութիւնների լաւագոյն բասկետբոլիստներից մէկը, իսկ 1982-2000 թւականներին եղել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ:

Նշենք, որ ազգային, հասարակական, կուսակցական եւ գրական բազմավաստակ գործիչ Թաթուլ Օհանեանը 90-ամեակին զուգահեռ բոլորել է նաեւ ազգային-հասարակական գործունէութեան 70-ամեակը: Նա հեղինական է «Խոհեր եւ մտածումներ» գրքի (չորս հատոր) եւ աւելի քան ութսուն պատմական, գրական, մշակութային, սոցիալական եւ քաղաքական յօդւածների, ինչպէս նաեւ հումորային բանաստեղծութիւնների եւ հայերէնի թարգմանած պարսկերէն բանաստեղծութիւնների:

«ԱԼԻՔ»-ը ջերմօրէն շնորհաւորում է ընկ. Թաթուլ Օհանեանին, կուսակցական վաստակաւոր գործչին՝ նրան մաղթելով քաջառողջութիւն եւ ազգային-հասարակական գործունէութեան բեղմնաւոր շարունակութիւն:

Related Articles

Back to top button