
Երկրում տիրող իրավիճակով պայմանաւորւած՝ Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդը նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում 2026-2027 ուսումնական տարեշրջանում դպրոցներում եւ մանկապարտէզներում հեռակայ ուսուցման արդիւնաւէտ կազմակերպման ուղղութեամբ՝ նպատակ ունենալով առցանց դասաւանդումը հնարաւորինս դիւրին եւ արդիւնաւէտ դարձնել ուսուցիչների, աշակերտների եւ ծնողների համար։
Այս նպատակով Կրթական խորհուրդը համագործակցութիւն է հաստատել Թեհրանի Ազատ համալսարանի Էլեկտրոնիկայի ֆակուլտետի հետ։
Հարթակի հնարաւորութիւններին ծանօթանալու նպատակով կազմակերպւել են երեք աշխատանքային հանդիպումներ, որոնցից առաջին երկուսն անցկացւել են առցանց, իսկ երրորդը՝ հոկտեմբերի 26-ին, առկայ ձեւաչափով՝ «Շանթ-Մարիամեան» դպրոցի սրահում։
Հանդիպումներին մասնակցել են դպրոցների տնօրէնները, փոխտեսուչները, ինչպէս նաեւ հայերէն ու պարսկերէն առարկաներ դասաւանդող ուսուցիչներ, գրասենեակի պատասխանատուները։
Հոկտեմբերի 26-ի հանդիպմանը ներկայ են եղել Կրթական խորհրդի ատենապետ’ Կարինէ Բալըքճեանը եւ փոխատենապետ’ Քլարա Աղախանեանը, ԿԽ-ի անդամները եւ սոյն աշխատանքները համակարգողներ’ Մարիա Ղազարեանն ու Սերժ Եղիազարեանը։
Դասընթացը վարել են Ազատ համալսարանի Էլեկտրոնիկայի ֆակուլտետի դասախօսական կազմի ներկայացուցիչները՝ ներկայացնելով հարթակի հնարաւորութիւններն ու կիրառման առանձնայատկութիւնները։
Հանդիպման ընթացքում քննարկւել են նաեւ նախորդ ուսումնական տարեշրջանում կիրառւած առցանց հարթակները։
Կրթական խորհուրդը, հիմք ընդունելով ներկայացւած փորձն ու առաջարկութիւնները, շարունակում է նոր հարթակների եւ ծրագրերի ուսումնասիրութիւնն ու քննարկումը՝ տարրական, միջնակարգ օղակներում եւ մանկապարտէզներում հեռակայ ուսուցման կազմակերպման առաւել արդիւնաւէտ լուծումներ ընտրելու նպատակով։
Հանդիպման աւարտին ներկաների համար կազմակերպւել էր համեստ հիւրասիրութիւն։
Թ. Հ. Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ












