
«ԱԼԻՔ» – Երրորդ պարտադրւած պատերազմի հետեւանքով իրանահայ համայնքի կրած վնասների մասին մեր հրապարակումների այս փուլում փորձեցինք պատգամաւոր Արա Շահվերդեանից տեղեկութիւններ ստանալ արդէն հաւաքագրւած տւեալների վերաբերեալ։
Յիշեցնենք, որ շաբաթ՝ մայիսի 2-ին, նոյն թեմայով հրապարակել էինք պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանից ստացած Սպահանի եւ Շահինշահրի վերաբերեալ տւաալներ։
Ինչ վերաբերում է Թեհրանին, ապա մինչեւ պաշտօնական հրապարակումները մենք օգտւել ենք նաեւ մեր թերթի աշխատակազմի հաւաքագրած տեղեկութիւններից։ Վերջիններս պատերազմական օրերին ուշադիր հետեւելով յարձակումներին՝ փորձել էին ամփոփել հայերին հասցւած վնասների ընդհանուր պատկերը։
Մայրաքաղաքի լայնածաւալ տարածքն ու հայկական բնակավայրերի իւրայատուկ դիրքը հաշւի առնելով՝ յարձակումները բաժանւել էին մի քանի շրջանների՝ կենտրոնական հատւած, ինչպէս նաեւ արեւելեան շրջանի Սասուն, Սարդարապատ եւ Զէյթուն քաղաքամասեր։
Չորս շրջանների շտաբների հետ ժամանակին իրականացւած տւեալների փոխանակման արդիւնքում արձանագրւել են հետեւեալ փաստերը.
– Բարեբախտաբար յարձակումների հետեւանքով հայ համայնքի շրջանում մարդկային զոհեր չկան։
– Սակայն կան վիրաւորներ. ծանր, միջին ծանրութեան եւ թեթեւ վնասւածքներ ստացածների ընդհանուր թիւը կազմում է 13 մարդ։ Հաշւարկներում չեն առանձնացւել պայթիւնի ալիքի հետեւանքով առաջացած վնասւածքները՝ արիւնահոսութեամբ պայմանաւորւած վիրաւորումներից։

– Վնասւել է 11 բնակարան (Մաջիդիէ, Շամս-աբադ, Մահնազ, Բահար, Թորքամանեստան, Վանաք թաղամասերում)։ Վնասւած շէնքերից երկուսը վերանորոգման ենթակայ չէ եւ պահանջւում է հիմնական վերակառուցում։
– Կան նաեւ առաջին հայեացքից մասամբ անվնաս թւացող բնակարաններ, որոնցում, բացի կոտրւած պատուհաններից, զգալի վնասներ են կրել նաեւ ներքին կահաւորումն ու սարքաւորումները՝ որոշ դէպքերում դառնալով անօգտագործելի։
– Վնասւել է 6 աւտոմեքենայ. դրանցից երկուսը ամբողջովին շարքից դուրս են եկել եւ ենթակայ չեն օգտագործման, իսկ երեքը ստացել են ծանր նիւթական վնասներ։
– Յարձակումների հետեւանքով՝ կոտրւած ապակիներով վնասւել են Սուրբ Խաչ մատուռը եւ Սուրբ Մինաս եկեղեցին։
Վերջինս կորցրել է նաեւ իր շրջափակի սենեակներից մէկի տանիքում տեղադրւած օդափոխիչ համակարգը, որը պայթիւնի ալիքի հարւածից վնասւել է։ Սուրբ Խաչ մատուռի հսկայական փայտէ դռներից մէկը նոյնպես լուրջ վնաս է կրել՝ վերին մասի կոտրւածքով:
– Վնասներ են կրել նաեւ հայկական միութիւնները: Իրանահայ ազգային եւ մշակութային միութեան (ԻԱՄՄ) շէնքը գրեթէ վերածւել է աւերակի, իսկ կանգուն մնացած հատւածը գնահատւում է խիստ վթարային։
«Արարատ» մարզաւանը եւս անմասն չի մնացել աւերածութիւններից։ Վնասւել է Սկաուտական միութեան շէնքը, «Սասունցի Դաւիթ» մարզադահլիճի տանիքն ու պատերաի վերնամասի գիպսային ծածկոյթը, ֆուտսալի դաշտը՝ շրջապատող ցանցապատով, թենիսի բաժնի շէնքը՝ վնասւած տանիքով, ինչպէս նաեւ վարչական բաժնի պատուհանները, որոնց ապակիները կոտրւել են պայթիւնի ալիքից։ Այս ամէնը ցաւալի յիշեցում է մարզաւանի վրայով անցած արհաւիրքի մասին։
– Վնասներ են արձանագրւել նաեւ տնտեսական ոլորտում։ Ըստ առկայ տեղեկութիւնների՝ վնասւել են առնւազն չորս հայկական խանութներ։
Ազգային առաջնորդարանի կողմից կազմւող ամբողջական ցանկը դեռ վերջնականապէս հրապարակւած չէ։



