
Չորեքշաբթի՝ մայիսի 6-ին, Նոր Ջուղայի հայոց ազգային «Արմէն» տարրական դպրոցի օրիորդաց եւ տղայոց բաժինների Աշակերտական խորհուրդների անդամներ՝ Անիա Քամարզարեանը, Նարէ Շահիջանեանը, Քեւին Թորոսեանն ու Էմիլ Մարկոսեանը, ուղեկցութեամբ դպրոցի տնօրէններ՝ Սքարլետ Հայրապետեանի եւ Արսինէ Դաւթեանի, այցելեցին Սպահանի հայոց թեմի Բարեսիրական մարմնի գրասենեակ, որտեղ մարմնի ատենապետ Կարօ Յովսէփեանին յանձնեցին դպրոցի կողմից կազմակերպւած նւիրահաւաքից գոյացած գումարը՝ անօգնական ընտանիքների օժանդակութեան գործին ծառայեցնելու նպատակով:
Նշելի է, որ հաւաքագրւած գումարի մի բաժինը յատկացւել է մի շարք դպրոցականների օժանդակութեանը, իսկ խոշոր մասը տրամադրւել է թեմի Բարեսիրական մարմնին:
Ընթացքում տնօրէնութիւնը եւ աշակերտները բացատրեցին իրենց կողմից կազմակերպւած սոյն բարեգործական աշխատանքի ընթացքի մասին, իսկ Կարօ Յովսէփեանը գնահատելով դպրոցականների այս նախաձեռնութիւնը, վստահութիւն յայտնեց, որ նման մատաղ սերնդի շնորհիւ երաշխաւորւած կը լինի համայնքի, ազգի եւ հայրենիքի ապագան:
Վերջում պրն. Յովսէփեանը Աշակերտական խորհուրդների ներկայացուցիչներին յանձնեց գնահատագիր:
Հանդիպմանը ներկայ էին նաեւ Բարեսիրական մարմնի գործավարութիւնը՝ Վիկտորիա Յովսէփեանն ու Արմինէ Փանոսեանը:
Թղթակից (Նոր Ջուղա)






