Թաւրիզի «Տաթեւ» պարախումբը 12-րդ տարին լինելով հմայեց հանդիսականներին

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Արդէն 12 տարիներ են անցել այն հրաշալի օրւանից, երբ Թաւրիզում հիմը դրւեց ՀՕՄ-ի տեղական Կենտրոնատեղիի հովանաւորութիւնը վայելող մի պարախմբի, որը «Տաթեւ» անւանւեց: Պարախմբի ստեղծման ծրագիրը մշակող եւ ՀՕՄ-ի նւիրեալ անդամ Նայիրի Դիլանեանի համադրական աշխատանքին ամբողջական զօրակցողը եղաւ անւանի գեղարւեստական ղեկավար եւ պարուսոյց՝ Թեհրանի «Ակունք» պարային համոյթի անհատական հովանաւոր՝ Կարինէ Մանուչերեանը:
Հինգշաբթի, 9 հոկտեմբեր 2025-ի երեկոյեան ժամը 8:00-ին, Թաւրիզի Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում սկսւեց պարախմբի 12-ամեակի համոյթը, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի: Ծրագրին ներկայ էին հոգեւորականաց դասը, Թեմական խորհուրդը՝ գլխաւորութեամբ ատենապետ Գագիկ Ջորջեանի, Պատգամաւորական ժողովի անդամները՝ գլխաւորութեամբ Արմինէ Վահրամեանի, Իրանի Իսլամական խորհրդարանի հիւս. իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը, Թեհրանից ժամանած հիւրեր, ՀՕՄ-ի հիւրընկալ վարչութիւնը, Թաւրիզի միութիւնների եւ կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, եւ թաւրիզահայ մշակութասէր բազմութիւն:
Բացման խօսքով, երեկոյի պաշտօնական եւ հարազատ մասնակիցներին ողջունեց համոյթի կազմակերպիչ յանձնախումբի անդամ Նայիրի Դիլանեանը: Նա հակիրճ ակնարկ կատարեց անցնող 12 տարիների զոհողութեան, որը յանձն էր առել ՀՕՄ-ի վարչութիւնը, նւիրեալ ծառայութեամբ եւ անձնական մեծ ներդրումով՝ անւանի գեղարւեստական ղեկավար եւ պարուսոյց Կարինէ Մանուչերեանի: Նայիրի Դիլանեանը յիշեց բարերարներին եւ բոլոր նրանց, ովքեր զօրավիգ են հանդիսանում պարախմբի աշխատանքներին, ինչպէս շօշափելի նւիրատւութիւն կատարող Էլպիս Գասպարեանին, Էդւին Միրզայեանին, Արա Սուքիասեանին, Սեդա Բաղդասարեանին եւ այլոց: Նա յատկապէս ասաց. «Կարինէ Մանուչերեանը երբ կազմեց մեր պարախումբը 12 տարիներ առաջ, մեր առաջին փորձը կատարւեց այսօրւայ նման՝ հոկտեմբեր 9-ին: Տարբեր առիթներով ելոյթներ է ունեցել պարախումբը, իսկ իր հնգամեակի առիթով, Ս. Թադէի վանքում «Սասունցի Դաւիթ» էպօսն է իրականացրել, ուխտաւոր ժողովրդի մեծ խանդավառութիւն պատճառելով: Իւրաքանչիւր թաւրիզահայ այդ յուշը իր հոգով ապրել է: Այդ առումով, «Տաթեւ»-ի 12 ամեակը շնորհաւորում եմ բոլորիս: Պիտի յաւելեմ նաեւ ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի շնորհակալութեան խօսքը, երբ ի մի գալով տօնում ենք պարախմբի 12-ամեակը»: Նայիրի Դիլանեանը նաեւ ընթերցեց հատւածներ այն անձերից, որոնք շնորհաւորական ուղերձներ էին յղել սոյն ելոյթին: Նա պատմական ակնարկ կատարելով անցած տարիների աշխատանքին, յիշեց անւանի գեղարւեստական ղեկավարներ՝ Վանուշ Խանամիրեանին, Գագիկ Գինոսեանին, որոնց հետեւել էր «Ակունք» եւ «Տաթեւ» պարախմբերի վրայ իր կնիքը թողած Կարինէ Մանուչերեանը, «որ նւագների եւ շարժումների միջից յետ կեանքի է բերում մեր պատմութիւնը: Այն ներկայացնում է հանդիսատեսին, նախ դաստիարակելով հայ պատանուն եւ երիտասարդին: Այստեղ, բեմում, եթէ ականատեսն էք լինում այլ ազգերի պարերին, թանկագին Կարինէն դրանց ընտրութեան ժամանակ անգամ, ընտրում է ազգայինը. այնպիսի պարեր, որոնք ժամանակի որոշ իրադարձութիւնից յետոյ են լոյս աշխարհ եկել», ասաց նա, յիշելով համաշխարհային Բ. պատերազմից յետոյ լոյս աշխարհ եկած պարեր, որոնք տւեալ ազգերին վերադարձնում էին կեանքի:
Նայիրի Դիլանեանը անդրադառնալով «Տաթեւ» պարախմբի ներկայ աշխատանքային կեանքին,ասաց. «Պարախումբը այսօր ներկայացնում է 35 հոգի: Ունէինք նաեւ 15 անձեր, որոնց մեծ մասը թողել է քաղաքը: «Տաթեւ»-ը նոյնն է, նոյն ոգով, նոր անդամների սպասելու տենչանքով», յաւելեց նա, յիշելով նաեւ Մարիա Գասպարեանի եւ Սեպուհ Անտոնեանի անունները, որոնք պարային փորձավարներն էին հանդիսացել պարախմբի կազմութեան առաջին օրերից, ինչպէս նաեւ պարախմբի հագուստների ձեւաւորող վարպետ դերձակուհի՝ Նորա Փանոսեանի անունը:
Այնուհետեւ, շուրջ երկու ժամ պարային ելոյթներով ներկաներին հմայեց «Տաթեւ» պարախումբը երկու տասնեակ պարերով՝ խմբային եւ մենակատարների մատուցումներով: Հիանալի ու յուսադրիչ ներկայացումներ էին մանկահասակների միջոցով բեմադրւած պարերը, որոնք պարախմբի ապագան էին ուրւագծում հանդիսականների աչքերում: «Կակաչ», «Արեւ-անձրեւ», «Հովիւ», «Նինօ», «Շալախօ», «Մոկաց հարսներ», «Մախմուր աղջիկ», «Շատախի շուրջպար» եւ «Սարդարապատ» հայկական պարերի միջեւ տեղ էին գրաւում «Վալս», «Երաժշտական ձայն», «Երկիր», «Սամբայ», «Չարլսթօն», «Գիբսի» եւ իրանական ու ռուսական պարատեսակները, որոնք իրենց հերթին, տւեալ ազգերի շունչը փչեցին հանդիսատես հանրութեան վրայ:
Պարային ելոյթների միջանկեալ բաժիններում, ասմունքի շքեղ ներկայացում կատարեց թաւրիզահայ շնորհալի ասմունքող՝ Նայիրի Դիլանեանը: «Սասնայ պար»-ը զգացական բորբ ապրումներով գրաւեց ներկայ արւեստասէր բազմութեան սիրտն ու հոգին, հայոց լեռներ տեղափոխելով ունկնդիրներին:
Պարերի ներկայացման միջանկեալ պահեր եղան նաեւ հսկայ պաստառի վրայ ցուցադրւող 12 տարիների ընթացքում տեսագրւած եւ լուսանկարւած պահերր, որոնք ցոյց էին տալիս ներկայիս պարող մի քանի տասնեակ անձերի մանկութիւնը կամ պատանեկութիւնը: Աշխատանքը համադրել էր Սեւան Գասպարեանը:
Ելոյթի աւարտական բաժնում բեմ հրաւիրեցին եւ յատուկ գնահատանք ստացան գեղարւեստական ղեկավար Կարինէ Մանուչերեանը, Անի եւ Նայիրի Դիլանեանները, ինչպէս նաեւ խմբի պարուսոյցներ Մարիա Գասպարեանը եւ Սեպուհ Անտոնեանը:
Քաջալերանքի եւ շնորհաւորանքի խօսք արտասանեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: Նա յիշեց, որ Մշակոյթի ամսւայ առիթով մեծ տպաւորութիւն թողեց սոյն ելոյթը, որի իրականացմանը իր մեծ դերակատարութիւնն էր ունեցել Կարինէ Մանուչերեանը: Պատգամաւորը լայնօրէն անդրադարձաւ Կարինէի վաստակին եւ ապագայատեսիլ ծրագրերին:
Եզրափակիչ պատգամ, ու օրհնութեան խօսք արտասանելու համար բեմ բարձրացաւ առաջնորդ Սրբազանը: Նա առաջին հերթին իր բարձր գնահատանքը յայտնեց ՀՕՄ-ի ճամբով «Տաթեւ» պարախմբի հաստատմանն ու զարգացմանը իրենց ներդրումը ունեցած անձերին, յատկապէս Նայիրիին, Կարինէին, նրանց օգնականներին, եւ ընդհանրապէս ՀՕՄ-ի վարչութեանը. «Այս երեկոն, Հայ Մշակոյթի ամսւայ շրջագծում, մեզ հարստացրեց: Վերստին ծաղկեց այն մշակոյթը, որը դարեր շարունակ մեզ ազգայնացրել է, ու մեր մշակոյթի արմատների վրայ մեծացնելով, պտղաբեր դարձրել մեր կեանքը: Այս պարերից շատերը անցեալ սերունդները պարել են հայոց լեռներում, որոնցից շատերը մեր հայրենիքի սահմաններից դուրս են ներկայիս եւ օտարների ոտքերի կոխան: Հողը գողացւել է, արւեստը մե՛րն է մնացել…: Ահա իսկական հարստութիւնը, ազգային ոգին, որը չեն կարող գողանալ մեր թշնամիները» ասաց Սրբազանը:
Նշենք, որ յատուկ յուշանւէրներ յանձնւեցին Կարինէ Մանուչերեանին, Ազգային իշխանութեան ներկայացուցիչների՝ Արմինէ Վահրամեանի եւ Գագիկ Ջորջեանի ձեռամբ, ինչպէս նաեւ գնահատանքի յիշարժան նւէրներ ՀՕՄ-ի վարչութեան կողմից՝ ձեռամբ վարչութեան ատենապետուհի՝ Անահիտ Մարգարեանի:
Դադարի հիւրասիրութեամբ եւ յիշատակի խմբանկարով փակւեց շնորհալի օրը, որի ընթացքում շքեղութեամբ փայլեց Թաւրիզի նոր սերունդը, «Համազասպ Ոսկանեան» սրահի բեմահարթակը լցնելով ապագայի մեծ յոյսերով: