
Չորեքշաբթի՝ մարտի 13-ի երեկոյեան, նախաձեռնութեամբ ՀՅԴ «Ռուբէն» Երիտ. միութեան եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Ուսանողական միաւորի, մտերմիկ զրոյց-հանդիպում տեղի ունեցաւ Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանի եւ համայնքի երիտասարդների միջեւ՝ «Իրանի եւ տարածաշրջանի վերջին իրադարձութիւնները» թեմայով:
Գեղարդ Մանսուրեանը հանդիպման առաջին բաժնում անդրադառնալով Ամերիկայի կողմից Բարջամի մերժմանը, ինչպէս նաեւ Իրանի վրայ կատարւած ԱՄՆ-ի եւ Իսրայէլի յարձակումների անօրինականութեանն ու թշնամու միջոցով Հորմոզի նեղուցի պաշարմանը, խորհուրդ տւեց ներկաներին չընկնել որոշ լրատւամիջոցների կեղծ յայտարարութիւնների թակարդում եւ որպէս բանիմաց անհատներ ինքնուրոյն դատել հրապարակւող տեղեկութիւնները:
Պատգամաւորն իր խօսքի մի այլ բաժնում դատապարտելով Մինաբի 186 անմեղ դպրոցականների եղերական նահատակութիւնը եւ շեշտելով, որ գերպետութիւնների համար երեխաների կեանքը որեւէ կարեւորութիւն չունի, աւելացրեց, ոչ միայն Իրանը եւ համաշխարհային յարաբերութեան ձեւաչափը երբեք յետ չեն վերադառանլու նախապատերազմական ժամանակաշրջանին, այլ նաեւ մի շարք ոլորտներում նոր իրավիճակ է ձեւաւորւել եւ վստահաբար նոր քաղաքականութիւն են որդեգրւելու յարաբերութիւնների իմաստով։
Նա բանակցութիւնների հետ կապւած Ամերիկայի պահանջները միակողմանի եւ Իրանի հինաւուրց երկրին ոչյարիր համարելով, աւելացրեց, թէ յստակ չի կարելի ասել դարձեալ յարձակումներ տեղի ունենալու են թէ ոչ, սակայն չպէտք է մոռանալ, որ երկրի անկայունութիւնն ու անապահովութիւնը ոչ ոքու օգուտ չի բերելու:
Երկրորդ բաժնում ներկաներն իրենց յուզող հարցումների պատասխաններն ստացան պատգամաւորից եւ իրենց տեսակէտներով կիսւեցին միւսների հետ: Երիտասարդներին հիմնականում յուզում էր համաշխարհային համացանց կապի անջատումը, համալսարանների եւ դպրոցների հեռակայ ձեւաչափի խնդիրները, աշխատանքային ոլորտում գործազրկութիւնները, սարսափելի գնաճը եւ իհարկէ բանակցութիւնների վերջին զարգացումները:
Հանդիպումը վարեց Վանէ Յովսէփեանը:
Թղթակից (Նոր Ջուղա)






