ԱտրպատականՀամայնք

Համբարձման տօնի հանդիսաւոր Ս. Պատարագ Մարալանի սրբավայրում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Հինգշաբթի, մայիսի 14-ի առաւօտեան ժամը 11:00-ին, Յիսուս Քրիստոսի երկինք Համբարձման աստւածային տօնի առիթով, Ատրպատականի հայոց թեմում Սուրբ Պատարագը մատուցւեց Թաւրիզի Մարալան քաղաքամասի ազգապատկան հսկայ այգում գտնւող 14-րդ դարի Ս. Աստւածածին հնավայր մատռան աղիւսաշէն ուխտավայրում, որտեղ է թաղւել Մխիթար Սպարապետի գլուխը: Այնպէս ինչպէս պատմութիւնը տեղեկացնում է, Մխիթար Սպարապետը նահատակւել է 1730 թւին, եւ նրա գլուխը ուղարկել են Թաւրիզի փաշային, նա էլ այն յանձնել է թաւրիզահայութեանը, իսկ սրանք էլ ազգային մեծ յարգանքով այն թաղել են Մարալանի սրբավայրում:

Օրւայ հանդիսաւոր Սուրբ Պատարագը մատոյց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, խորանին սպարակում էր Սեւան սրկ. Ենովքեանը: Երգեցողութիւնը կատարեց «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ-խմբավար՝ Վարդան Վահրամեանի: Առաքելական նամակը կարդաց Քարմէն Աբրահամեանը:

«Հայր մեր»-ից առաջ, առաջնորդ Սրբազանը տօնի խորհուրդը մեկնաբանող պատգամ տւեց, ներկայացնելով Համբարձման տօնի աստւածաշնչական դրւագը, իր բնաբանը վերցնելով օրւայ շարականից: Տօնի հզօր, եւ աշխարհային բոլոր ոյժերը անտեսող ու պարտութեան մատնող պատգամով, առաջնորդ Սրբազան հայրը ներկայ հաւատացեալներին հաղորդեց Համբարձման զօրութիւնը. «Ներկայ սեփական կեանքի եւ համաշխարհայնացած քաղաքական դժւարութիւնների լուծումը, Համբարձման տօնի զօրութեամբ իրականանալու: Յիսուսին խաչողները եթէ իմանային, որ երրորդ օրը նա յարութիւն է առնելու, եւ մանաւանդ քառասուն օր յետոյ երկինք էր համբառնալու, սկիզբից արդէն պարտւած էին զգալու, եւ շատ հաւանաբար հրաժարւելու էին իրենց ձեռքով կատարւածից: Սակայն Յիսուսի առաքելութիւնը, մարդկութեան փրկութեան գործն էր»:

Սրբազանը անդրադարձաւ նաեւ Լիբանանի հարաւային շրջանում սիոնիստական վարչակարգի կատարած յարձակումների ընթացքում, քրիստոնէական եկեղեցիների աւերման, եւ նրանց զինւորականների ձեռամբ Յիսուսի եւ Աստւածամօր արձանների ու սրբապատկերների հանդէպ անարգական արարքներին. «Աստւած թող լինի դատաւորը, նրանց կողմից 2000 տարիներ առաջւայ կատարւածի շարունակութեան: Նրանց նախահայրերը Աստծու Որդուն խաչեցին անարգալից պահւածքով, իսկ հիմա նրանք շարունակում են նոյն անարգանքը, սրբապատկերների եւ տէրունական արձանների նկատմամբ»,- ասաց Սրբազանը:

Հաւատացեալներից շատերը, յատկապէս Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութիւնը վաղ առաւօտւանից էին եկել Մարալանի ուխտատեղին, ուտեստների սեղանները դասաւորել, որովհետեւ տարիների սովորութեամբ, բոլոր ուխտաւորներին ճաշի ապահովութիւնը եւս կատարում են նրանք, գարնանային շքեղ օրերի վայելքը ընծայելով նրանց:

Տիրոջ Համբարձման տօնի աւանդութեան համաձայն, Թաւրիզի եկեղեցիների Խնամակալ մարմինը «Ջան գիւլիւմ»-ի վիճակախաղ էր դասաւորել, երբ բոլոր ժողովուրդը ստացաւ եւ կարդաց իր բախտին գրւած քառեակներ, հայ բանաստեղծների ստեղծագործութիւններից պոկւած: Ապա ատենապետուհի Անի Յակոբեանը վիճակախաղի համարները ներկայացրեց Սրբազան Հօրը, որպէսզի օրհնեալ ձեռամբ քաշի բախտաւոր թիւը: Վիճակախաղի շահողը հանդիսացաւ Սիլւա Ասատրեանը, որը Սրբազան Հօր ձեռամբ ստացաւ իր նւէրը:

Կանանց Խնամակալ մարմինը այս առիթով պատրաստել էր սիրոյ սեղան, այգում, ազգային բարերար տէր եւ տիկին Համազասպ եւ Սեդա Ոսկանեանների նւիրատւութեամբ կառուցւած տաղաւարի տակ, որը բացւեց հոգեւորականաց դասի, Ազգային իշխանութեան ներկայացուցիչների եւ սոյն Մարմնի անդամների համար:

Յայտնենք, որ թաւրիզահայ ընտանիքներ եւ երիտասարդական խմբակներ, սուրբ պատարագից յետոյ խումբ առ խումբ նստեցին այգու ծառերի շւաքի ներքոյ, եւ վայելեցին տարբեր ուտեստներ:

Related Articles

Back to top button