Պրոֆ. Գէորգ Կարապետեանը՝ «Springer Nature»-ի 2026 թւականի գիտական յօդւածների «Լաւագոյն խմբագիրների» ցանկում

«Ամիր Քաբիր» համալսարանի Էլեկտրատեխնիկայի ֆակուլտետի դասախօս, պրոֆ. Գէորգ Կարապետեանը ընդգրկւել է հեղինակաւոր «Springer Nature» հրատարակչութեան 2026 թւականի «Editor of Distinction Awards» մրցանակակիրների ցանկում։
Այս մրցանակը շնորհւում է գիտական հանդէսների այն խմբագիրներին, որոնք նշանակալի ներդրում են ունեցել գիտական հրատարակութիւնների որակի բարձրացման, գրախօսութեան գործընթացի արդիւնաւէտ կառավարման եւ հետազօտական համայնքի զարգացման գործում։
Գէորգ Կարապետեանը Էլեկտրատեխնիկայի ոլորտի ճանաչւած գիտնական է։ Նա հրապարակել է 1500-ից աւելի գիտական աշխատանք, հեղինակել եւ համահեղինակել է 30 գիրք, ունի 27 գրանցւած գիւտ եւ աւելի քան 40 գիտաարդիւնաբերական նախագծերի իրականացման փորձ։ Վերջին երկու տասնամեակներին նա հետեւողականօրէն ընդգրկւում է նաեւ աշխարհի ամենաշատ մէջբերւող գիտնականների 1 տոկոսի ցանկում։



