Factor. «Իշխող ուժի միլիոնները. ովքեր են կանգնած ՔՊ-ի խոշոր նւիրատւութիւնների հետեւում»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը 2025 թւականին ստացել է 416․7 մլն. դրամ նւիրատւութիւն, ինչը 3 անգամ աւելի շատ է, քան 2024 թւականին։ Ընդ որում՝ այս գումարի 29%-ը՝ 121 մլն. դրամը, նւիրատւութիւն է գործարարների եւ նրանց հետ փոխկապակցւած անձանց կողմից։ Ընդհանուր առմամբ 2025 թւականի ընթացքում կուսակցութեանը կատարւել է 1688 նւիրատւութիւն։
Դրանցից 44-ը եղել է 2․5 մլն. դրամի չափով, 2-ը՝ 3 մլն. դրամի, 2-ը՝ 4 մլն. դրամի, 11-ը՝ 5 մլն. դրամի, 1-ը՝ 7․5 մլն. դրամի, եւ 1-ը՝ 8 մլն. դրամի չափով։ Նոյն անձից օրէնքով թոյլատրելի առաւելագոյն՝ 1 տարւայ ընթացքում 10 մլն. դրամի չափով, գրանցւել է 1 նվիրատւութիւն, սակայն մաս-մաս՝ 2․5 մլն եւ 7․5 մլն դրամ։
Իսկ ովքե՞ր են իշխող կուսակցութեանը խոշոր նւիրատւութիւն կատարած անձինք։
Factor.am-ի ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս, որ 2025-ին ՔՊ-ի խոշոր նւիրատուների շարքում շատ են գործարարներն ու իշխանութիւնների հետ փոխկապակցւած անձինք։
Պարտապան նւիրատուն
«Օրդ գրուպ» ՍՊԸ-ի սեփականատէր Սամուէլ Օրդուխանեանը 2025-ի ընթացքում ՔՊ-ին նւիրաբերել է օրէնքով առաւելագոյն թոյլատրելի չափը՝ 10 մլն դրամ, որից 2.5 մլն-ը՝ փետրւարին, եւ 7․5 մլն՝ նոյեմբերին։ «Օրդ գրուպ» ընկերութիւնը Երեւանում մի քանի բազմաֆունկցիոնալ համալիր է կառուցել եւ կառուցում, նաեւ յաւակնում է շահագործել Կարմիրսարի կրաքարային մերգելների հանքավայրը, որի նախագիծը Վեդի համայնքի աւագանու նիստի ժամանակ անցած տարի ակտիւ պաշտպանում էր համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան անդամ Գարիկ Սարգսեանը։ Սամուէլ Օրդուխանեանի հայրը՝ Լեւոն Օրդուխանեանը, անցած տարի Երեւանի քաղաքապետարանի հանդէպ հարիւրաւոր միլիոնների պարտաւորութիւններ է ունեցել։ ԴԱՀԿ-ն մի քանի արգելանք է դրել նրա ունեցւածքի վրայ, որոնցից մէկը՝ 825 մլն դրամի. այն մարւել է միայն 2026-ի յունւարի 9-ին։ Ստացւում է, որ ընտանիքում նման խոշոր պարտքի առկայութեան պայմաններում Օրդուխանեանները ֆինանսաւորել են իշխող ուժին։
Սուքիասեանների շրջապատի 52 միլիոնը
52 մլն դրամ կամ ամբողջ նւիրատւութիւնների գումարի մօտ 12․5 %-ը նւիրաբերել են ԱԺ ՔՊ խմբակցութեան պատգամաւոր Խաչատուր Սուքիասեանի ընտանիքի անդամները եւ նրանց պատկանող ընկերութիւնների աշխատակիցները՝ ընդհանուր 11 հոգի, մասնաւորապէս՝ Սուքիասեան եղբայրների զաւակները՝ Ալբերտ Սուքիասեան Խաչատուրի, Մերի Սուքիասեան Սարիբեկի, Արիկ Սուքիասեան Ռոբերտի եւ Խաչատուր Սուքիասեան Էդւարդի, ինչպէս նաեւ՝ Սուքիասեանների ընկերութիւնների ղեկավարները։
Ընդ որում, ինչպէս երեւում է թւերից, երիտասարդ Սուքիասեանները եւ աշխատակիցներն իշխող ուժին նւիրաբերել են իւրաքանչիւրը 5-մլն դրամ։ Աւելին՝ այս ամբողջ գումարը ՔՊ-ին փոխանցւել է հիմնականում 3 օրում՝ 2025-ի հոկտեմբերի 14-16-ը։ Միայն «Սիլ կապիտալ» ընկերութեան տնօրէն Հայկ Բաղրամեանն է փոխանցել 5500 դոլար՝ մարտին (հեղ․՝ համարժէք է 2 մլն 166 հազար դրամի)։ Այդ ժամանակ ՔՊ-ն յայտարարել էր դրամահաւաք Գիւմրիի, Փարաքարի եւ Վաղարշապատի ՏԻՄ ընտրութիւնների եւ կուսակցութեան ընթացիկ գործունէութեան կարիքների համար։



