ՄիջազգայինՔաղաքական

Վաշինգտոնում բողոքի ցոյցեր են տեղի ունեցել ԱՄՆ Կոնգրեսում Իսրայէլի վարչապետի ելոյթի դէմ

«ԱԼԻՔ»- Հազարաւոր մարդիկ դուրս են եկել ցոյցի՝ բողոքելով ԱՄՆ Կոնգրեսում Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանեահուի ելոյթի դէմ: Տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները:

Իրաւապահների տւեալներով՝ ցուցարարների թիւը հասել է մինչեւ 50 հազարի: Հնարաւոր միջադէպերից խուսափելու համար, Վաշինգտոնի ոստիկաններին միացել են Նիւ Եօրքից մօտ 200 ոստիկաններ:

Ցուցարարները հաւաքւել են Կապիտոլիումի շէնքին յարակից Փենսիլւանիայի պողոտայում: Նրանք պարզել են Պաղեստինի դրօշները եւ պաստառներ՝ կոչ անելով հրադադար հաստատել Գազայում եւ դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնութիւնը Իսրայէլին:

Աւելի ուշ, Կոնգրեսում իր ելոյթի ժամանակ Նեթանեահուն անյարգալից արտայայտութիւններ է կատարել ցուցարարների հասցէին: Նա նրնաց «Իրանի օգտակար յիմարներ» է անւանել:

«Որքանով մենք գիտենք, Իրանը ֆինանսաւորում է հակաիսրայէլական ցոյցերը, որոնք տեղի են ունենում հէնց այս շէնքի մօտ»,- ասել է նա։ «Նրանք շատ չեն, բայց նրանք այնտեղ են, ամբողջ քաղաքում»:

Նեթանեահուն մեկնաբանել է ԱՄՆ Ազգային հետախուզութեան տնօրէն Աւրիլ Հէյնսի վերջին յայտարարութիւնը, թէ «Իրանը փորձում է գաղտնի կերպով բողոքի ցոյցեր հրահրել ԱՄՆ-ում՝ կապւած Գազայի հակամարտութեան հետ»։

Related Articles

Back to top button