Կիրանցում 2 անգամ միջադէպ է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանապահների միջեւ
Թշնամուն զիջումներից յետոյ, Փաշինեանի խոստացած խաղաղութեան առաջին ծիծեռնակը
«ԱԼԻՔ» – Կիրանցում՝ հայ-ադրբեջանական սահմանին, երկու անգամ միջադէպ է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանապահների միջեւ: Միջադէպը գրանցւել է նոր կառուցւող ճանապարհի մօտակայքում: Տեղեկացնում է «Հրապարակ»-ը:
Սահմանազատումից յետոյ Կիրանց տանող կամուրջը, որը միջպետական ճանապարհի մի մասն է, յիշեցնենք, որ յանձնւեց ադրբեջանական կողմին, սկսւեց նոր, այլընտրանքային ճանապարհի կառուցումը: Պարզւում է` ադրբեջանցիները ժամանակ առ ժամանակ միջադէպեր են հրահրում նաեւ այս հատւածում՝ պատճառաբանելով, թէ ճանապարհը կառուցւում է սահմանային խախտումներով:
ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը հաստատել է «Հրապարակ»-ի տեղեկութիւնը:
«Կիրանցի բնակիչներից տեղեկացայ, որ դէպի Կիրանց տանող նոր ճանապարհի վրայ օրերս միջադէպ է տեղի ունեցել։ Ադրբեջանցի սահմանապահները եկել, վէճի մէջ են մտել հայ սահմանապահների հետ՝ ասելով, որ նոր կառուցւող ճանապարհի մի հատւածն անցնում է ադրբեջանական հողի վրայով։ Երէկ (յուլիսի 23) եւ դրա նախորդ օրն էլ Կիրանցի բնակիչներն ականատեսն են եղել, թէ ինչպէս են ադրբեջանցիները հնձում իրենց ցանած ցորենը։ Շատերի համար սա միակ ապրուստի միջոցն է»,- ասել է Դանիէլեանը: