Արման Թաթոյեան. «Փաստաբանները չպէտք է վախենան կատարել իրենց աշխատանքը. այս հարցը պահելու եմ իմ մշտական ուշադրութեան ներքոյ»

«Միասնութեան թեւեր» քաղաքական նախաձեռնութեան ղեկավար, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանը ֆէյսբուքի իր էջում անդրադարձել է ԲԴԽ վերջին աղմկյարոյց յայտարարութեանը:
«Փաստաբանը կոչւած է պաշտպանելու մարդուն, բայց երբ նա ինքն է ստիպւած լինում պաշտպանւել, նշանակում է՝ ինչ-որ բան սխալ է գնում։
Բարձրագոյն դատական խորհուրդը հանդէս է եկել յայտարարութեամբ, որով առանձնացրել է կոնկրետ փաստաբանի՝ Արա Զոհրաբեանի անունը, եւ փաստացի հասկացրել է. եթէ քննադատում ես դատարաններին, ուրեմն «կասկածելի անձ ես, ներգրաււած ես ինչ-որ սխեմաների մէջ»։
Փաստաբանն այն մարդն է, ում աշխատանքը անյարմար հարցեր տալն է, սխալներ ցոյց տալը, բարձրաձայն ասելը այն, ինչ ուրիշները նախընտրում են չնկատել։
Սա արտօնութիւն չէ, սա փաստաբանի պարտականութիւն է։ Առանց դրա դատաիրաւական համակարգը դադարում է աշխատել։ Որակեալ պաշտպանութեան իրաւունքը մարդու հիմնարար իրաւունք է, որը չի կարելի նսեմացնել կամ կասկածի տակ դնել։
Ի՞նչ է ստացւում։
Նախ ԲԴԽ-ն հրապարակայնօրէն նշում է կոնկրետ փաստաբանի անուն եւ ասում, թէ իբր նրա քննադատութիւնը «սխեմա» է։
Սա արւում է նրա համար, որ միւս անգամ փաստաբանները մի բան ասելուց առաջ աւելի երկար «մտածեն»՝ արդեօ՞ք արժէ ասել այնպիսի բան, որը ԲԴԽ-ին դուր չի գայ։
Սրա նպատակն է նաեւ փաստաբաններին թիրախաւորելով` չէզոքացնել ու այդ կերպ թուլացնել նրանց, որպէսզի քաղաքական շարժառիթ ունեցող գործերով հեշտ կայացւեն մեղադրական դատավճիռները։
Փաստաբանների նկատմամբ հետապնդումներն ամենեւին էլ չեն նշանակում նրանց ձերբակալութիւն. այդ հետապնդումները նախեւառաջ տեղի են ունենում նրանց հրապարակային պիտակաւորմամբ` որպէս «կասկածելի անձինք»։
Երբ մարմինը, որը ստեղծւել է դատարանների անկախութիւնը պաշտպանելու համար, սկսում է փաստաբաններին անուններով թիրախաւորել, նշանակում է գործում է իր սահմանադրական առաքելութեանը հակառակ: Այն ոչ թէ դատական համակարգն է պաշտպանում, այլ իշխանութեանը՝ դատական վերահսկողութիւնից։
Փաստաբանները չպէտք է վախենան կատարել իրենց աշխատանքը։ Այս հարցը պահելու եմ իմ մշտական ուշադրութեան ներքոյ:
Ակնյայտ է, որ այն դատարանը, որը չի դիմանում քննադատութեանը, չի կարող ուժեղ լինել։ Իշխանութեանը հէնց այդպիսի դատարաններ ու ԲԴԽ էլ պէտք են»:



