Բանակցային 2023 թւականը։ Ի՞նչ սպասել 2024-ից
Աւարտին է մօտենում 2023 թ., սակայն Հայաստանի, Ադրբեջանի եւ միջազգային միջնորդների կողմից ողջ տարւայ ընթացքում հնչեցւած լաւատեսական յայտարարութիւնները, թէ մինչեւ 2023-ի վերջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարող է «խաղաղութեան պայմանագիր» ստորագրւել, այդպէս էլ կեանքի չկոչւեցին։ Աւելին, անցնող տարին նշանաւորւեց Ադրբեջանի եւս մէկ լայնամասշտաբ ռազմական ագրեսիայով, որի հետեւանքով Արցախն ամբողջութեամբ հայաթափւեց, իսկ անվտանգութեան բոլոր միջազգային երաշխիքները յօդս ցնդեցին։
Այս իրողութիւնները ստիպում են միանգամայն նոր լոյսի ներքոյ ընկալել այն ամէնը, ինչ տեղի է ունենում արցախեան հիմնախնդրի եւ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների շուրջ։ Ակնյայտ է, որ հակամարտութեան վերջին տարիների փուլը, որն այդքան յաջողութիւններ բերեց Ադրբեջանին, Ալիեւի վարչակազմին ու նրա հովանաւորներին ոգեւորել է աւելի հեռուն գնացող պահանջներ ներկայացնելու Հայաստանին՝ ընդհուպ յաւակնելով ՀՀ որոշ տարածքներ նւաճելուն կամ գոնէ այդ տարածքներով Նախիջեւանի ու Թուրքիայի հետ անխափան եւ չվերահսկւող կապ ստեղծելուն։ Բաքւի նման ծաւալապաշտութիւնը խնդիր է դարձել նոյնիսկ Փաշինեանի կառավարութեան համար։ Վերջինս, հասկանալով Հայաստանին պատուհասած ողբերգութեան ողջ ծաւալները, սկսել է յայտարարել այն մասին, որ «խաղաղութեան պայմանագիր»-ը դեռ չի նշանակում, որ դրա ստորագրումից յետոյ խաղաղութիւնը երաշխաւորւած է լինելու։ Մի կողմից՝ Փաշինեանը խօսում է «խաղաղութեան պայմանագրի» դրոյթները կեանքի կոչելու երաշխիքների մասին՝ շեշտելով, որ դրանք կարող են ապահովւել միայն միջազգային հանրութեան (առաւելապէս Արեւմուտքի – Հ.Մ.-Շ.) ջանքերով, միւս կողմից՝ համաձայնւում Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից մշակւած հայ-ադրբեջանական երկկողմ ուղիղ բանակցութիւնների գաղափարին։
Ակնյայտ է, որ բանակցային գործընթացի զարգացումները դուրս են հայկական կողմի վերահսկողութիւնից։ Այս հարցում պաշտօնական Երեւանը հանդէս է գալիս կա՛մ արձագանգողի, կա՛մ էլ ուրիշների թելանդրանքով առաջնորդւողի դերում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն իր անհետեւողական եւ հակասական քաղաքականութեամբ հէնց ինքն է զիջել Հայաստանի սուբիեկտայնութիւնը։ Ամէն ինչ սկսւեց այն բանից, երբ Փաշինեանի վարչակազմը միակողմանի կատարեց նոյեմբերի 9-ի եւ յունւարի 11-ի եռակողմ յայտարարութիւնների իր բաժին բոլոր պարտաւորութիւնները՝ չսպասելով ու չպահանջելով, որպէսզի նոյնը անեն նաեւ ադրբեջանական ու ռուսական կողմերը։ Սա Ալիեւին նոր պահանջներ ձեւակերպելու եւ դրանց հետամուտ լինելու հնարաւորութիւն տւեց։ Բանը հասաւ նրան, որ 2022 թ. հոկտեմբերին ադրբեջանական կողմը պարտադրեց Հայաստանին ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը՝ ներառեալ Արցախը։ Պրագայի այդ յայտարարութիւնից յետոյ բանակցային գործընթացի տրամաբանութիւնն ամբողջութեամբ փոխւեց։ Սակայն Ալիեւը դրանով էլ չբաւարարւեց եւ բոլոր այն հարցերը, որոնք արդէն կարող էր լուծել դիւանագիտական ճանապարհներով, արագ կարգով լուծեց զէնքի ուժով։
2023 թ. սեպտեմբերի 19-20-ի զարգացումներից յետոյ Արցախի հարցը փաստացի վերջնական դուրս է եկել հայ-ադրբեջանական բանակցութիւնների օրակարգից։ Երկու երկրների ներկայացուցիչներն այժմ միայն խօսում են սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների, տրանսպորտային միջանցքների, փախստականների իրաւունքների, անկլաւների եւ նման այլ հարցերի մասին։ Ըստ այդմ՝ բանակցային այդ գործընթացում Հայաստանի դիրքորոշումներն ու մօտեցումներն այլեւս ոչ մի հետաքրքրութիւն չեն ներկայացնում մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահ հետապնդող տէրութիւնների համար։ Մեծ հաշւով նրանց համար միեւնոյն է, թէ կոնկրետ քանի հազար քառակուսի կիլոմետր կը լինի ՀՀ տարածքը եւ որքան՝ Ադրբեջանինը։ Այս փուլում գերտէրութիւններին հետաքրքրում են միայն Հարաւային Կովկասի կոմունիկացիոն հնարաւորութիւններն ու տրանսպորտային այն ուղիները, որոնք մօտ ապագայում ամենայն հաւանականութեամբ կը գործարկւեն։ Սակայն այս հարցում էլ նրանք Երեւանի դիրքորոշմանը գրեթէ ուշադրութիւն չեն դարձնում՝ լաւ հասկանալով, որ իրենցից իւրաքանչիւրն առանձին վերցրած Հայաստանին կարող է հեշտութեամբ իր կամքը պարտադրել։ Իսկ եթէ այդ հարցում լինի նաեւ փոխադարձ համաձայնութիւն, այսինքն՝ գերտէրութիւնները կարողանան միմեանց հետ համագործակցելու որոշակի եզրեր գտնել, ապա ամէն ինչ շատ աւելի հեշտ եւ արդիւնաւէտ կը ստացւի նրանց համար։
Ինչ վերաբերում է ՀՀ կառավարութեան մշակած «Խաղաղութեան խաչմերուկ» ծրագրին, ապա այն կարճ կեանք ունի։ Քաղաքական ակտորները, ինչպէս նաեւ փորձագիտական շրջանակները շատ արագ են հասկացել, որ Փաշինեանի այս «գաղափարը» նոյնպէս պոպուլիզմի ոլորտից է։ Պատճառները պարզ են։ Նախ՝ որովհետեւ, այսպէս կոչւած, «Խաղաղութեան խաչմերուկ»-ը չի արտացոլում տարածաշրջանում տեղի ունեցող իրական քաղաքական զարգացումների տրամաբանութիւնը։ Երկրորդ՝ որովհետեւ Հայաստանն այսօր խաղաղութեան օրակարգ թելադրելու կարողութիւն չունի։
Սակայն այն փաստը, որ Արցախի հարցը դուրս է եկել հայ-ադրբեջանական բանակցութիւնների օրակարգից, ամենեւին չի նշանակում, որ Արցախի հարցը, որպէս այդպիսին, դադարել է գոյութիւն ունենալ։ Ճիշտ հակառակը։ Այն հիմա աւելի միջազգայնացել եւ համընդգրկուն նշանակութիւն է ստացել։ Անցնող տարւայ ամբողջ ընթացքում Արցախի խնդիրը եղել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եւրոպայի, Իրանի, Թուրքիայի առաջնորդների շուրթերին։ Ընդորում, նրանցից շատերը, մասնաւորապէս՝ Մոսկւան, Բրիւսէլն ու Վաշինգտոնը պնդում են, որ հայերը պէտք է վերադառնան Արցախ։ Այս հարցում նրանց դիրքորոշումները յստակ են։ Հակասութիւնները վերաբերում են միայն հայերի՝ Արցախ վերադառնալու մեխանիզմներին ու ապագայ անվտանգային երաշխիքներին։
Վերոնշեալը նշանակում է, որ գերտէրութիւնները Արցախն ընկալում են որպէս Հարաւային Կովկասում իրենց ներկայութեան եւ ազդեցութեան մեծացման հիմնական գործիք։ Սակայն, որպէսզի Արցախը կարողանայ այդ դերակատարումն ունենալ նրանց համար, անհրաժեշտ է կոնֆլիկտայնութեան որոշ աստիճան։ Այսպէս, օրինակ՝ ռուսական կողմը պէտք է կարողանայ բացատրել, թէ ի՞նչ գործ ունի իր խաղաղապահ զօրախումբն Արցախում, եթէ այնտեղ հայեր չեն բնակւում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը լաւ է հասկանում, որ հայերի վերադարձի հարցն ուշ թէ շուտ դրւելու է իր առջեւ։ Ներկայում նա փորձում է որոշակի նախապատրաստական աշխատանքներ տանել եւ հնարաւորինս ապահովագրել իրեն դժւար զարգացումներից։ Այդ խնդրի լուծմանն ուղղւած Ալիեւի քաղաքականութիւնը մի քանի պարզ քայլ է ենթադրում.
ա) Ադրբեջանի նախագահը փորձում է ամէն ինչ անել, որպէսզի արցախցիների մի մասը վերադառնայ Ստեփանակերտ, բայց նրանց թիւը չգերազանցի մի քանի հազարը։ Այսինքն՝ Արցախում այնքան հայեր բնակւեն, որ մի կողմից՝ նա կարողանայ յայտարարել, թէ հայերի վերադարձի հարցը լուծւած է, միւս կողմից էլ՝ վերադարձած հայերը խնդիր չդառնան Ադրբեջանի համար։ Ալիեւի վարչակազմն արդէն սկսել է ակտիւ աշխատել այս ուղղութեամբ։ Նրանք աջուձախ անվտանգութեան երաշխիքներ են շռայլում, խոստումներ տալիս հայերին, քարոզչական հոլովակներ նկարահանում եւ այլն։
բ) Հայերի՝ Արցախ վերադառնալու խնդրին զուգահեռ քաղաքական օրակարգ են բերում նաեւ ադրբեջանցիներին Հայաստանում վերաբնակեցնելու անհրաժեշտութիւնը։ Այս հարցում Ալիեւի հիմնական եւ կարեւորագոյն դաշնակիցը, որքան էլ տարօրինակ չհնչի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն է ու նրա քաղաքական թիմը։ Վերջիններս վաղուց են արդէն յայտարարում, որ Հայաստանում ադրբեջանցիների անվտանգութիւնն ու իրաւունքները երաշխաւորւած կը լինեն։
գ) Արտահերթ նախագահական ընտրութիւններ կազմակերպելով՝ Ալիեւը փորձում է նախապէս չէզոքացնել իր իշխանութեանը սպառնացող բոլոր այն խնդիրները, որոնք, անկասկած, կառաջանան հայերի՝ Արցախ վերադառնալուց յետոյ։ Ասել է, թէ Ալիեւը գիտի իր գլխին գալիքը եւ ուզում է մինչ գերտէրութիւնների առջեւ ստանձնած պարտաւորութիւնների կեանքի կոչելը լուծի իր իշխանութեան հարցը Արդբեջանում։
Այս ամէնը վկայում է այն մասին, որ գալիք 2024 թ. կարող է միանգամայն նոր զարգացումների տարի դառնալ արցախահայութեան համար։ Դրա մասին է խօսում նաեւ այն հանգամանքը, որ այլ տարածաշրջաններում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ընթացող աշխարհաքաղաքական մրցակցութիւնը հետզհետէ մօտենում է հանգուցալուծմանը։ Կասկածից վեր է, որ ուկրաինական ճակատում իր խնդիրները լուծելուց յետոյ Ռուսաստանն ակտիւացնելու է Հարաւային Կովկասում իր դիրքերը վերականգնելուն ուղղւած ջանքերը։
Հայկական կողմը պէտք է պատրաստ լինի այդ զարգացումներին։ Տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերափոխման, աւելի ճիշտ՝ կարգաւորման ժամանակները սարերի յետեւում չեն։ Եւ եթէ պաշտօնական Երեւանը ճիշտ կողմնորոշւի գալիք զարգացումներում եւ դաշնակիցների ընտրութեան հարցում, ապա կարելի է սպասել նաեւ, որ վերականգնման ու նաեւ Արցախում որոշակի հայանպաստ լուծումների հնարաւորութիւններ կը բացւեն։
ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
Քաղաքագէտ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար