Հայաստան - ԱրցախՄիջազգային

Տարասով. «Բանակցային գործընթացի իմիտացիա է, սահմանին հանդիպումը Խաղաղութեան համաձայնագրի բանակցութիւնների հետ որեւէ կապ չունի»

Օրերս Իջեւանի ու Ղազախի հատւածում տեղի ունեցաւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման յանձնաժողովների հանդիպումը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորեանի եւ Շահին Մուստաֆաեւի գլխաւորութեամբ:

Ըստ պաշտօնական հաղորդագրութիւնների՝ հանդիպմանը կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել կազմակերպչական եւ ընթացակարգային մի շարք հարցերի։

Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրութեան՝ նրանք նախնական համաձայնեցրել են յանձնաժողովների միջեւ նիստերի եւ համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման եւ անցկացման աշխատակարգի տեքստը, պայմանաւորւել են սկսել յանձնաժողովների համատեղ գործունէութեան վերաբերեալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, ինչպէս նաեւ համաձայնութեան են եկել ակտիւացնել յանձնաժողովների հանդիպումների անցկացումը: «Կողմերը պայմանաւորւել են նաեւ աշխատանքային կարգով նախանշել յանձնաժողովների յաջորդ հանդիպման անցկացման ամսաթիւն ու վայրը»,- նշել էր ԱԳՆ-ն:

168.am-ի հետ զրոյցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովն ասաց, որ սահմանազատման յանձնաժողովների աշխատանքը Հայաստան-Ադրբեջան Խաղաղութեան համաձայնագրի բանակցութիւնների հետ ուղիղ կապ չպէտք է ունենայ, դա պէտք է լինի անկախ գործընթաց, ինչպէս շատ երկրների դէպքում է։

Ըստ նրա՝ Հայաստանն ու Ադրբեջանը դա բերում են Խաղաղութեան համաձայնագրի շրջանակ, ինչը սխալ է։

«Այնուամենայնիւ, կարծում եմ, որ այս բանակցութիւնները երեւի թէ տեղի ունեցան, որովհետեւ կողմերը փորձում են խուսափել լարւածութիւնից, իսկ բանակցութիւնների բացակայութիւնը վտանգաւոր իրավիճակ կարող է ստեղծել, յատկապէս, երբ տեսնում ենք, որ կողմերն անընդհատ թիրախաւորում են միմեանց, չկայ վստահութեան մթնոլորտ, վստահութիւն չկայ նաեւ միջնորդների նկատմամբ, Բաքուն չի վստահում Արեւմուտքին, ՀՀ-ն՝ Ռուսաստանին, որով էլ տարօրինակ իրավիճակ է ստեղծւել բանակցային գործընթացում։ Ու սա ես իմ յօդւածում որակել էի՝ վազք փակ շրջանում։ Այսպէս շատ երկար կարող է շարունակւել։ Իրականում սա աւելի լուրջ գործընթացի իմիտացիա է, քանի որ, եթէ նոյնիսկ սա յաջող ընթանայ, ապա սրա հիման վրայ հնարաւոր չէ Խաղաղութեան համաձայնագիր կնքել։ Կարելի է նոյնիսկ Խաղաղութեան համաձայնագիր ստորագրել, ապա շարունակել այս հարցով բանակցել, որը կարող է տեւել տասնեակ տարիներ։ Այսինքն՝ Խաղաղութեան համաձայնագրի գլխաւոր հարցն ամենեւին սա չէ»,- ասաց Տարասովը։

Նրա խօսքով, այնուամենայնիւ, Ադրբեջանին յաջողւեց խանգարել արեւմտեան հարթակում ընթացող բանակցութիւններին եւ գործընթացը տեղափոխել ուղիղ բանակցութիւնների հարթակ։

«Թէ ինչ ապագայ կունենայ այս ձեւաչափը՝ դժւար է ասել, քանի որ, ինչպէս տեսնում ենք, Միացեալ Նահանգները դիւանագիտական խողովակներով փորձում է գործընթացը վերականգնել, առաջիկայում սպասւում են ԱՄՆ դիւանագիտական բարձրաստիճան այցեր, որպէսզի Ադրբեջանը վերականգնի իր վստահութիւնն ԱՄՆ միջնորդութեան եւ Պետդեպի նկատմամբ։ Ադրբեջանն իր հակաարեւմտեան ռեւերանսներով փորձում է նոր զիջումներ պարտադրել ե՛ւ Արեւմուտքին, ե՛ւ Արեւմուտքի միջոցով՝ Հայաստանին։ Իհարկէ, Հայաստանի շահերից բխում են ռեգիոնալ ձեւաչափերը, սակայն Հայաստանն այլ ճանապարհ է ընտրել, որը լի է մարտահրաւէրներով»,- ասաց Ստանիսլաւ Տարասովը։

Իսկ դեմարկացիա-դելիմիտացիայի գործընթացը, նրա կարծիքով, այս ամենում որեւէ էական դերակատարութիւն չունի կողմերի կողմից։

«Ինչպէս նաեւ հարկ է նշել, որ կողմերը Մոսկւայից այս գործընթացը տեղափոխեցին ուղիղ հարթակ, որում, իհարկէ, աւելի ուժեղ է Ադրբեջանը, եւ սա Ադրբեջանին ձեռնտու է այս հարցում իր նպատակները Հայաստանին պարտադրելու տեսանկիւնից»,- նկատեց Տարասովը։

Related Articles

Back to top button