Շոլցը մերժել է Զելենսկու կոչը՝ Ուկրաինայի օդային տարածքում հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր խոցելու վերաբերեալ

«ԱԼԻՔ» – Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կոչը արեւմտեան դաշնակիցներին՝ խոցել ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը Ուկրաինայի տարածքում։ Հաղորդում է Deutsche Welle-ն:
Գերմանիայի կանցլերը նաեւ ասել է, որ պատրաստ չէ վերացնել ռուսական տարածքում թիրախներին հարւածելու համար արեւմտեան զէնքի կիրառման սահմանափակումները։
Հարցին, թէ արդեօք ինքը համաձայն է ՆԱՏՕ-ի այլ երկրների հետ Զելենսկու կոչերի վերաբերեալ, Շոլցն ասել է. «Ես տեսնում եմ այնպիսի կոնսենսուս, որ նման քայլերի մասին խօսք լինել չի կարող, եւ ԱՄՆ-ն նոյնպես շատ պարզ է եղել այս հարցում»:
Նշենք, որ Զելենսկին Լոնդոնում արեւմտեան գործընկերներին կոչ է արել ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանութիւնը եւ վերացնել Ռուսաստանի թիրախներին արեւմտեան զէնքով հարւածելու սահմանափակումները։