Զելենսկին Մեծ Բրիտանիայի վարչապետին խնդրել է թոյլ տալ մատակարարւած հրթիռներով հարւածել Ռուսաստանի ներսում գտնւող թիրախներին
«ԱԼԻՔ» – Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քէյր Սթարմերին խնդրել է ցուցաբերել «առաջնորդութիւն» եւ Ուկրաինային միանշանակ թոյլ տալ օգտագործել Մեծ Բրիտանիայի մատակարարած թեւաւոր հրթիռները՝ Ռուսաստանի ներսում թիրախները խոցելու համար: Հաղորդում է Daily Mail-ը:
Ուկրաինայի նախագահն այս մասին ասել է Լոնդոնում նորընտիր վարչապետի հետ հանդիպմանը:
Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի տարածքին հարւածելու համար արեւմտեան զէնք օգտագործելու կարողութիւնը կարեւոր է Մոսկւայի ագրեսիայից պաշտպանւելու գործում:
Աղբիւրը յաւելել է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանութեան նախարար Ջոն Հիլին Սթարմեր-Զելինսկի հանդիպման նախօրէին ասել է, որ Լոնդոնի մատակարարած Storm Shadow հրթիռների կիրառման կանոնները «չեն բացառում, որ դրանցով հարւածներ կը հասցւեն Ռուսաստանի տարածքում գտնւող թիրախներին»: Ըստ Հիլիի՝ դա կախւած է Ուկրաինայից:
«Մենք զենք ենք տրամադրում Ուկրաինային իրենց ինքնիշխան երկրի պաշտպանութեան համար: Եւ դա չի բացառում, որ նրանք խոցեն Ռուսաստանի թիրախները: Սակայն դա պէտք է անեն ուկրաինացիները, դա պէտք է արւի միջազգային մարդասիրական իրաւունքի պարամետրերի եւ սահմաններում»,- ասել է նա։