Հայաստան - ԱրցախՔաղաքական

Դաւիթ Ջամալեան. «Իշխանութեան դէմ ուժայիններում կայ լուռ ընդվզում»

Ռազմական փորձագէտ Դաւիթ Ջամալեանի բնորոշմամբ՝ Հայաստանի օրւայ իշխանութիւնների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դէմ արշաւն ու գործողութիւնները համազգային ամօթ են։ Իրավիճակի լրջութիւնն ու ցաւի խորութիւնը, խայտառակութիւնը հաւանաբար հասարակութիւնը չի գիտակցում։

«Սա մեր պատմութեան ամօթի ու խայտառակութեան էջն է, որն իրականացրել են օրւայ իշխանութիւնները։ Սա ուղղակի կապ ունի թուրք-ադրբեջանական իմպերատիւ պահանջների հետ, որոնք նա ներկայացնում է ՀՀ ղեկավարութեանը։ Այսօր Առաքելական եկեղեցին այն միակ ինստիտուտն է, որը համակարգային ձեւով հակադրւում է իշխանութիւն կոչւածի պրո-թուրքական քաղաքականութեանը եւ պետականակենտրոն քաղաքականութիւն է վարում։

Մեր երկրում եկեղեցին աւանդաբար պետականութիւնը պահպանելու ֆունկցիան վերցրել է իր վրայ։ Յիշեցնեմ արտաքին քաղաքականութիւնում կարեւոր միջոցառումների ձեռնարկումը, որն իրականացրեց հէնց Առաքելական եկեղեցին։ Այս իշխանութիւնը խարխլել ու թուլացրել է հայոց պետականութիւնը, եւ դա տեսնում է  Առաքելական եկեղեցին։ Այստեղ մեր դարաւոր թշնամին տեսնում է, որ այդ պետականութիւնը վերջնականապէս ոչնչացնելու համար կայ դիմադրութեան օջախ՝ ի դէմս Առաքելական եկեղեցու։ Նկատենք, որ ամբողջ հիստերիան սկսւեց Շւէյցարիայում արցախահայերի խնդիրների, Բաքւում պահւող պատանդների մասին Հայոց Վեհափառի կողմից եղած յայտարարութիւններից յետոյ»,- 168.am-ի հետ զրոյցում նշել է Դաւիթ Ջամալեանը։

Փորձագէտի խօսքով՝ ՀՀ իշխանութիւններին թւում է, թէ Առաքելական եկեղեցու 2 սրբազաններին կալանաւորելով՝ հասնելու են իրենց նպատակներին՝ երբեք չեն հասնելու, սրբազանները, բացի հոգեւոր այրեր լինելուց, նաեւ պետական այրեր են, բարդ ճանապարհ անցած։ Վստահ է՝ 2-ամսեայ կալանքը որեւէ բան չի փոխելու Բագրատ եւ Միքայէլ սրբազանների սկզբունքներում։

«Իշխանութիւնը եւս մէկ անգամ ցոյց տւեց իր թուլութիւնը, աւելի ախմախ բան, քան սրբազանների կալանաւորումն էր, չեմ պատկերացնում, այն էլ՝ այդպիսի աբսուրդ մեղադրանքներով։ Այս իշխանութիւնը բազմաթիւ քայլերով, նաեւ այս քայլով ապացուցեց՝ չունի բարոյական որեւէ տաբու, հետեւաբար՝ ամենաանբարոյական քայլերը սրանցից պէտք է սպասենք։

Աւելին՝ ուժայինների գործողութիւնները տեսնելով՝ հասկացայ, որ նրանք Նիկոլ Փաշինեանի հրամանները դժկամութեամբ են կատարում։ Վստահ եմ՝ ԱԱԾ այդ էլիտար մի քանի ստորաբաժանումները կարող էին կոտրել Մայր Աթոռում հաւաքւած մարդկանց դիմադրութիւնը եւ ներխուժել Վեհարան, բայց չարեցին։ Ի տարբերութիւն իշխանութիւնների, իրենք գոնէ մի քիչ ողջախոհութիւն ունէին։ Հասկանալի է, որ ուժայիններում կայ լուռ ընդվզում, իշխանութեանը հլու-հնազանդ ծառայում են միայն քննչական կառոյցները, որովհետեւ «սեւ գործն» իրենց չի վերապահւած, իրենց գործը պատերի յետեւում «գործ սարքելն» է։ Հարկ է նկատել նաեւ, որ 2 սրբազանների եւ գործարար Սամուէլ Կարապետեանի կալանաւորմամբ իշխանութիւնը լուրջ մտահոգութիւններ ունի դատական համակարգի հնարաւոր բոյկոտից։ Ամբողջ դատական համակարգում սրանք փնտրել ու գտել են 2 կամակատարի, որոնք պէտք է կատարեն իրենց հրահանգները, այսինքն՝ վիթխարի համակարգում 2 դատաւոր կա՞յ միայն»,- շեշտել է նա։

Դիտարկելով այս ամէնը, Դաւիթ Ջամալեանը նշել է, որ բոլոր այս գործընթացները խօսում են այն մասին, որ իշխանութեան դիրքերը շատ խախուտ են։

«Բանն այնտեղ է հասել, որ մեր երկրի ղեկավարի փողոցային բառապաշարի պատճառով, նրան նաեւ արգելում է գրառումներ կատարել համացանցը, սա աբսուրդ է»,- ընդգծել է Դաւիթ Ջամալեանը։

168.am

Զրոյցը՝ ԶՒԱՐԹ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ

Related Articles

Back to top button