ՀՀ առաջին նախագահի մամուլի խօսնակ. «Մեր պետութեան համար չափազանց օգտակար կը լինի, որ Նիկոլ Փաշինեանը նախեւառաջ բանավիճի Նիկոլ Փաշինեանի հետ»
«ԱԼԻՔ» – Մեր պետութեան ու հասարակութեան համար չափազանց օգտակար կը լինի, որ Նիկոլ Փաշինեանը նախեւառաջ բանավիճի Նիկոլ Փաշինեանի հետ: Այս մասին գրել է առաջին նախագահի մամուլի խօսնակ Արման Մուսինեանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինեանի՝ նախկին նախագահների հետ Արցախեան բանակցութիւնների թեմայով բանավիճելու առաջարկին:
«Արդիւնքում, վստահ եմ՝ բանավէճի երկու կողմն էլ արդարացիօրէն կը հիմնաւորի դիմացինի ստախօս լինելը: Ընդորում՝ Նիկոլ Փաշինեան բանավէճը չափազանց օգտակար կը լինի ոչ միայն Ղարաբաղեան հարցի շուրջ, այլեւ հասարակութեանը յուզող ցանկացած այլ թեմայով. Ամուլսար, բանկերի մենատիրութիւն, ԲՈՒՀ-երի կառավարման կուսակցականացում, դեսպանների նշանակման քաղաքականացում, պետական/քաղաքական պաշտօնեաների կողմից իրականացւող հովանաւորչութիւն եւ տարատեսակ տենդերների միջոցով պետական բիւջէի մսխում, պադաւատապետութիւն, դատական համակարգի անկախութեան ոչնչացում եւ SMS-ով դատական բարձրագոյն պաշտօնեաների ազատում, քաղաքական հակառակորդների դէմ իրաւապահ մարմիններին որպէս մահակ գործածում եւ այլն:
Արդիւնքը կրկին նոյնն է լինելու»,- գրել է նա:
Յիշեցնենք, որ Փաշինեանը իր էջում գրել էր. «1994 թւականից ի վեր, այսինքն հրադադարից յետոյ, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»: Աւելի ուշ նա նախկին նախագահներին հրաւիրել էր բանավիճելու արցախեան բանակցութիւնների թեմայով: