ՀՀ երկրորդ նախագահի գրասենեակի արձագանգը. «Տիկտոկեան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկէ, չի քննարկի»
«ԱԼԻՔ» – ՀՀ երկրորդ նախագահի գրասենեակի ղեկավար Բագրատ Միկոյեանի պատասխանը Նիկոլ Փաշինեանի՝ բանավէճի հրաւէրին:
«Նախագահ Քոչարեանը վաղուց չի կարդում վարչապետի ֆէյսբուքեան մարազմատիկ գրառումները։ Ես ստիպւած եմ ծանօթանալ դրանց՝ աշխատանքիս բերումով, եւ դա եղել է իմ արձագանգը։
Բանավէճի համար վիճելի թեմայի առկայութիւն է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի եւ Հայաստանի սուվերեն տարածքների յանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է ու ակնյայտ՝ բոլոր ադեկւատ մարդկանց համար։
2018-2024 թւականներին Հայաստանում մէկ մարդ է ունեցել ամբողջական իշխանութիւն, եւ այդ մէկ մարդն է կրում բոլոր իրադարձութիւնների ամբողջական պատասխանատւութիւնը։ Մէկ մարդ է յայտարարել, որ բանակցում է իր սեփական կէտից, ինչ որ պէտք է՝ այն էլ բանակցում է, եւ այդ մէկ մարդը գործող վարչապետն է։ Տիկտոկեան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկէ, չի քննարկի։
Հազարաւոր ոստիկանների եւ թիկնապահների յետեւում թաքնւած գոյատեւողի՝ թաքնւելու ակնարկի մասին կը ցանկանայի լռել, դրա մասին աւելի խօսուն կը պատմեն բունկեր-թաքստոցների բազմատանջ պատերը»։
Նշենք, որ այսօր Փաշինեանը յայտարարել էր, որ 1994 թւականից ի վեր, այսինքն` հրադադարից յետոյ, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Նա աւելի ուշ այս թեմայի շուրջ ուղիղ եթերում բանավէճի է հրաւիրել նախկին նախագահներին: