ՀՀ երրորդ նախագահի գրասենեակ. «Եթէ նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների հետ»
«ԱԼԻՔ» – Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան մաս ճանաչելու մասին յայտարարութեան հեղինակ Նիկոլ Փաշինեանը պնդել է, թէ 1994 թւականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին ու բանավէճի հրաւիրել նախկին նախագահներին։ «Փաստինֆօ»-ն մեկնաբանութեան համար դիմել է ՀՀ երրորդ նախագահի գրասենեակ՝ խնդրելով յայտնել, թէ արդեօք քննարկւում է բանավէճի հրաւէրը.
«Ակնյայտի մասին բանավիճելն անիմաստ է, մանաւանդ որ ինչպէս մինչեւ իշխանազաւթումը, այնպէս էլ դրանից յետոյ հազար անգամ հրապարակային, հանգամանօրէն ներկայացւել է ԼՂ հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի ամբողջ պատմութիւնը: Առաւել եւս, երբ Հայաստանի կառավարիչն ամէն ինչ արեց բանակցային գործընթացը ձախողելու համար: Եթէ նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների հետ, ովքեր 2009-2013 թւականներին հինգ անգամ յայտարարել են բանակցային ձեւաչափի եւ այն սկզբունքների մասին, որոնց հիման վրայ պէտք է լուծւէր ԼՂ հիմնախնդիրը:
Չէր խանգարի, որ մէկ-մէկ էլ լսէր իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ ինչպէս 2016 թւականի, այնպէս էլ յետպատերազմեան խոստովանութիւնները»,-«Փաստինֆօ»-ին պատասխանեցին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի գրասենեակից: