Նա դարձեալ ստում է
«ԱԼԻՔ» – Նիկոլ Փաշինեանն այսօր դարձեալ նենգաբար փորձել է մոլորեցնել հայ ժողովրդին, պնդելով թէ «1994 թւականից ի վեր, այսինքն հրադադարից յետոյ, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»: Այս պնդումը բացարձակ սուտ է։ Ինքը, Փաշինեանը, դեռեւս 2020 թւականի յունւարի 25-ին Կապանում կայացած իր «մեծ ասուլիսի ժամանակ» (տեւել է 5 ժամ 15 րոպէ) յղում է կատարում 2018 թւականի յունւարին հակամարտութեան կողմերին ներկայացւած մի փաստաթղթի վրայ, որն ընդունւած է կոչել «կրակովեան սեւագիր»։ Համաձայն այդ փաստաթղթի «Կողմերի միջեւ համաձայնեցւած ժամկէտներում ՄԱԿ կամ ԵԱՀԿ հովանու ներքոյ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչութեան ազատ կամարտայայտութիւնը հանդիսացող համընդհանուր քւէարկութեան անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակի որոշումը, որը կը լինի իրաւական առումով պարտադիր եւ կը համապատասխանի միջազգային իրաւունքի նորմերին եւ սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քւէարկութեանը դրւած հարցը կամ հարցերը չպէտք է սահմանափակւեն եւ կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները»: Ուշադրութիւն դարձրէք՝ կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները, ԲՈԼՈՐ։ Սա ինքն է կարդացել, ես չէ։ Իր խօսքերն են, իր մէջբերումն է իր ժառանգած բանակցային գործընթացի մասին, կարգաւորման առաջարկի մասին։ Հրաժարւեց, գնաց Ալիեւի հետ սեպարատ գաղտնի բանակցութիւնների ու ունենք, ինչ որ ունենք․․․․
Փաստաթղթից հեռանանք, դիմենք պարզ տրամաբանութեանը։ Եթէ Հայաստանի Հանրապետութիւնը եւ Արցախի Հանրապետութիւնը համաձայնւել էին, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, բա 1996-ից մինչեւ 2018 ի՞նչ էին բանակցում։ Ադրբեջանը, որտեղ նստում ու վեր էր կենում Արցախին առաջարկում էր «ինքնավարութեան բարձրագոյն աստիճան»։ Բա եթէ հայկական կողմերը դրան համաձայն էին, ինչո՞ւ խաղաղութեան համաձայնագիր չկնքւեց։ Հիմնաւորումը մէկն է, Փաշինեանը ստում է։ Լեւոն Տէր-Պետրոսեանի լիսաբոնեան տապալումից յետ, 1998-ին արդէն Ադրբեջանում հայկական ինքնավարութեան առաջարկ չի եղել։ 2001-ին Մեղրիով միջանցք/ճանապարհի դիմաց (որը չէր խոչնդոտելու Իրանի հետ հաղորդակցութիւնը, ի տարբերութիւն սրանց «խաղաղութեան խաչմերուկի») Լեռնային Ղարաբաղն ու Լաչինի շրջանն անցնում էին Հայաստանին։ Ու վերջապէս 2006-ին մշակւած Հիմնարար կամ «մադրիդեան» սկզբունքները ենթադրում էին, որ Արցախի ժողովուրդը ստանալու էր իր քաղաքական ճակատագիրը քւէարկութեամբ որոշելու իրաւունք։ Եւ այդ իրաւունքը ոչնչով սահմանափակւած չէր, վկան Փաշինեանի մէջբերած թուղթը։
Ինքը եկաւ, կործանեց ողջ բանակցային գործընթացը։ Նոյնիսկ Տէր-Պետրոսեանին պարտադրած կարգաւորումն աւելի լաւ էր, քան այն ինչ մենք ունենք այսօր։ Այսօր, Փաշինեանի օրօք, թուրքերն են Արցախում։ Դա է իր գործունէութեան հետեւանքը։ Ու թող չփորձի պատմութիւնը խեղաթիւրելով, հայրենիքի համար պայքարած մարդկանց մեղադրելով, արդարացնի այս յանցագործութիւնը․․․․․։