Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հրանտ Բագրատեան. «Ընդդիմութիւնը յաջողեց միասնաբար պաշտպանել Մայր Աթոռը, նոյնը պէտք է անել նաեւ ԱԺ ընտրութիւնների դէպքում»

Երբ բոլոր ուժերը նետւեցին պաշտպանելու Մայր Աթոռը, յաղթանակ տարան։ Նրանք հարիւրապատիկ աւելին էին, քան իշխանութեան ուժերը։ Սա, ի դէպ, պէտք է նկատի ունենալ առաջիկայ խորհրդարանական ընտրութիւնների առնչութեամբ։ Ոգեւորիչ էր կաթողիկոսի պահւածքը, նա հանգիստ իր գործն արեց եւ գնաց։ Այլ տարբերակներով էլ կը փորձեն գրոհել։ Ովքեր Արեւմուտքում են՝ Եւրոպայում, ԱՄՆ-ում, պաշտպանում են Հայ Առաքելական Եկեղեցու քայքայումը։ Տիրադաւ եպիսկոպոսներին պէտք է կարգալոյծ անել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք յայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատեանը։

«Հայ Առաքելական Եկեղեցու դէմ գրոհի հետեւում կանգնած են Թուրքիան, Ադրբեջանը եւ Եւրամիութիւնը։ Սրանք եկեղեցու վրայ յարձակւում են, իսկ Փաշինեանին ու Միրզոյեանին՝ Բրիւսէլում ընդունում, ասում են՝ ռեֆորմատորները եկան։ Փարիզի ո՞ր եկեղեցու վրայ Ֆրանսիայի դրօշ կայ։ Հայ Առաքելական Եկեղեցին դարձնում էք Հայաստանի Առաքելական Եկեղեցի, որ Թուրքիայում, Իրանում, ԱՄՆ-ում կամ Եւրոպայում գտնւող եկեղեցիները դառնան օրէնքից դո՞ւրս, վիճելի՞։ Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման հարցում առանձնակի հետաքրքրութիւն ունի նաեւ Իսրայէլը»,- ասաց քաղաքական գործիչը։

«Մենք Եւրամիութեանը պէտք չենք։ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն փորձում են Հայաստանին փրկել՝ լաւ հասկանալով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը պարզապէս կը խժռեն Հայաստանը։ ԵՄ-ն ասում է՝ Թուրա՛ն, դուք ուզում էք ջնջել հայերին, բայց հայերը կարող են Թուրանի մէջ ինտեգրւել։ Թուրքիան ԵՄ-ին ասում է՝ մտքներովդ չանցի, որ Հայաստանը Եւրամիութիւն կը գայ, Հայաստանն իմն է։ Եւրամիութիւնը մեր նկատմամբ շատ ագրեսիւ է, այն չի տեսնում հարիւրաւոր քաղբանտարկեալներին, հովանաւորում է պետական ահաբեկչութիւնը մի երկրում, որն անընդհատ ասում է՝ ես գալու եմ ձեր անդամը դառնալու»,- նշեց Բագրատեանը:

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ ընտրութեան ժամանակ պէտք է տեղի ունենայ իշխանափոխութիւն. «Պէտք է հաւատալ միայն այն ուժերին, որոնք անվերապահօրէն յայտարարում են, որ իրենք ՔՊ-ին դէմ են։ Այլապէս Արցախի օրն ենք ընկնելու, մեքենաների հերթը դէպի Վրաստան չի լինելու կանգնեցնել, իմացէ՛ք, խելքներդ գլուխներդ հաւաքէք։ Գնալու տեղ էլ չի լինելու։ Արցախը գոնէ գալու տեղ ունէր։ Թուրքերը մեզ ասում են՝ չնայած ձեր ամբողջ քաղաքականութիւնը պրօթուրքական է, բայց մենք ձեզ բանի տեղ չենք դնելու։ Հայ ժողովուրդն ինքն իր գլխին բերեց Փաշինեանին»:

«Եթէ Փաշինեանին պէտք լինի, սահմանին կրակոցներ կը լինեն։ Չնայած Փաշինեանը չի տարբերւում Ալիեւից, նրանց մարդն է, բայց վերարտադրւելու դէպքում արդէն սկսելու է անհանգստացնել, վախեցնել, սարսափի մէջ պահել, որպէսզի արագօրէն բերի 300 հազար ադրբեջանցիների՝ յատուկ կարգավիճակով։ Դրա համար էլ այսօր Ալիեւն անհանգիստ է։ Այսօր միակ խաղաքարտը, որը մնացել է ընդդիմութեան ու ժողովրդի ձեռքին, ընտրութիւններն են, ուրիշ ձեւ չունենք։ Դրանց պէտք է գնալ կազմակերպւած, խոշորացւած։ Հաւաքւէ՛ք, մի բեւեռ սարքէք, ժողովուրդը տեսնի։ Իշխանութեան հարցը լուծէք, երկիրը հետագայ կործանումից փրկենք»,- ասաց Հրանտ Բագրատեանը:

168.am

Related Articles

Back to top button