Դեսպան Սոբհանի. «Ապաշրջափակումը պէտք է տեղի ունենայ Հայաստանի ինքնիշխանութեան ներքոյ»
«ԱԼԻՔ» – «Մենք կողմնակից ենք ապաշրջափակմանը, սակայն այդ ապաշրջափակումը պէտք է տեղի ունենայ Հայաստանի ինքնիշխանութեան ներքոյ»։ Այդ մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների՝ լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Բաքւի կողմից խաղաղութեան պայմանագրից հաղորդակցութեան ուղիների ապաշրջափակման կէտը հանելուն։
Հարցին՝ ապաշրջափակման հետաձգումն ի՞նչ հետեւանքներ կունենայ, Մեհդի Սոբանին արձագանգել է․ «Բնական է, եթէ տեղի է ունենում ապաշրջափակում, նաեւ դրա արդիւնքում երթեւեկութիւնն է մեծանում, բայց պէտք է փոխադարձ պայմանաւորւածութիւն եւ համաձայնութիւն լինի այդ մասով։ Եթէ պայմանաւորւածութիւն է լինում, դա նշանակում է՝ աւելի ենք մօտենում խաղաղութեանը։ Սա տարածաշրջանի օգտին է, տարածաշրջանի ժողովուրդների օգտին, եւ այն ինչ իրականացւում է կայուն խաղաղութեան հաստատման ուղղութեամբ, մենք դրա կողմնակիցն ենք»։
Մենք միշտ մեր թշնամիներին պատժել ենք
Անդրադառնալով Իսրայէլին Իրանի հնարաւոր հարւածին՝ դեսպանն ընդգծել է. «Մենք միշտ մեր թշնամիներին պատժել ենք, սակայն խելամտօրէն եւ ժամանակին, եւ այս անգամ էլ կը պատժենք՝ եւ այն կը լինի ժամանակին եւ հաշւարկւած»:
Յիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի յատուկ յանձնարարութիւնների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը յայտարարել էր, որ երբ խաղաղութեան պայմանագիրը ստորագրւի, երկու երկրները կարող են վերսկսել բանակցութիւնները՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցութիւնը վերականգնելու ընդունելի բանաձեւ գտնելու համար:
ՀՀ ԱԳՆ-ն էլ իր հերթին յայտարարել էր՝ այս համաձայնութեամբ հանդերձ, հաղորդակցութիւնների ապաշրջափակումը շարունակում է մնալ խաղաղութեան եւ տնտեսական զարգացման ՀՀ տեսլականի կարեւոր մաս` արտացոլւած «Խաղաղութեան խաչմերուկ» ծրագրում, հիմնւած ինքնիշխանութեան, իրաւազօրութեան, փոխադարձութեան ու հաւասարութեան վրայ: