Պակիստանի բանակը՝ Ասիմ Մունիրի Թեհրան կատարած այցի մասին. «Բանակցութիւնները շատ կառուցողական էին»

Պակիստանի բանակը յայտարարել է, որ ֆելդմարշալ Ասիմ Մունիրի՝ Թեհրան կատարած մէկօրեայ այցի ընթացքում Իրանի բարձրաստիճան պաշտօնատարների հետ քննարկումները եղել են «համապարփակ եւ կառուցողական»։
ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ Պակիստանի բանակի հասարակայնութեան հետ կապերի վարչութեան յայտարարութեան համաձայն՝ Մունիրը Թեհրանում հանդիպումներ է ունեցել նախագահ Մասուդ Փեզեշքիանի, խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի, Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Մոհսէն Ռեզայիի, արտգործնախարար Սէյէդ Աբբաս Արաղչիի եւ ներքին գործերի նախարար Մոմէնիի հետ։
Հանդիպումների հիմնական թեմաներն եղել են տարածաշրջանային խաղաղութիւնը, լարւածութեան հետագայ սրման կանխումը, բանակցութիւնների միջոցով տարաձայնութիւնների կարգաւորումը, Հորմոզի նեղուցի վերաբացումը եւ հակամարտութեան շուտափոյթ դադարեցումը։
Պակիստանի բանակի համաձայն՝ այցը եղել է Իսլամաբադի դիւանագիտական ջանքերի մաս՝ ուղղւած ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցային փակուղուց դուրս գալուն եւ տարածաշրջանում կայուն խաղաղութեան հասնելուն։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Մունիրի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ-ը պէտք է յարգի Իրանի հետ ստանձնած պարտաւորութիւնները եւ միջազգային իրաւունքի սկզբունքները՝ յաւելելով, որ ուժի եւ ճնշման կիրառումը միայն կը բարդացնի բանակցութիւնների ընթացքը։
Խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը եւս նշել է, որ Իրանը հետեւում է փոխըմբռնման յուշագրով նախատեսւած պայմանների իրականացմանը, իսկ պարտաւորութիւնները կատարելու հերթը ԱՄՆ-ինն է։



