Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հրանտ Մելիք-Շահնազրեան. «Փաշինեանը հող չտւող երբեք չի դառնայ. երկիրը տալիս է՝ իշխանութիւնը պահելու համար»

Հայկական կողմը տեսնում է հնարաւորութիւն՝ համաձայնեցնելու Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագրի չհամաձայնեցւած կէտերը։ Այս մասին, հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրոյցում ասել է Նիկոլ Փաշինեանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Յարութիւնեանը՝ ընդգծելով՝ ցանկացած խաղաղութեան պայմանագիր կամ համաձայնագիր լաւ է, երբ կան փոխզիջումներ։

168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարը քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանից հետաքրքրւել է՝ ի՞նչ փոխզիջում պէտք է անի Հայաստանը խաղաղութեան պայմանագիր ստորագրելու համար։

Ի պատասխան՝ քաղաքագէտը նշել է՝ Հայաստանը որեւէ զիջում անելու տեղ այլեւս չունի, որովհետեւ իրական օրակարգում ոչ թէ Հայաստանի կողմից զիջում անել-չանելու հարցն է, այլ՝ Հայաստանի գոյութիւնն առհասարակ։

«Հայաստանն այլեւս զիջելու բան չունի, ունի կորուստներ եւ դրանք վերականգնելու խնդիր։ Հայաստանը ոչ միայն ինչ ունէր՝ զիջել է, այլ դրա հետեւանքով դարձել է մի երկիր, որը կորցրել է իր սուբիեկտայնութիւնը. Հայաստանի վերաբերեալ խնդիրները քննակւում են այլ հարթակներում՝ առանց Հայաստանի որոշման»,- ասել է Մելիք-Շահնազարեանը։

Վերջինիս դիտարկմամբ՝ այդ գիտակցումն ունի նաեւ Հայաստանի իշխանութիւնը, որը փորձում է տարատեսակ փառատօնների անւան տակ թուլացնել հասարակութեան պայքարի ոգին, զգօնութիւնը, ինչն իրենց պէտք է միայն մէկ նպատակի համար՝ իշխանութիւնը պահպանելու։

«Հայաստանի այս Կառավարութիւնն իրականում հայկական շահից բխող հարցերը բանակցելու ճանապարհով չի գնում, ընդհակառակը՝ ադրբեջանական շահերը փաթեթաւորում ու ներկայացնում է՝ որպէս Հայաստանի շահից բխող քայլ։ Ասում են՝ պէտք է յանձնենք, որ լաւ ապրենք, պէտք է գիւղերը տանք թշնամուն, դա նոյնպէս բխում է հայկական շահից։ Հասկացութիւնների իմաստի փոփոխութեան ճանապարհով է այս իշխանութիւնը գնում»,- ասել է քաղաքագէտը՝ ընդգծելով՝ խաղաղութեան մասին խօսում է մի իշխանութիւն, որի օրօք Ադրբեջանի ղեկավարի մակարդակով յայտարարւում է Արեւմտեան Ադրբեջան կոնցեպտի մասին, հայկական քաղաքներն էլ ադրբեջանական անւանումներով են նշւում։

«Հետեւապէս, խնդրի էութիւնը չի փոխւել. այն ժամանակ ադրբեջանցիների համար խնդիրն Արցախն էր, հիմա՝ Սիւնիքը, Սեւանի աւազանը։ Պատմական փորձառութիւնն ասում է՝ մենք խաղաղ չենք ապրել, հետեւաբար՝ հիմա ո՞վ ասաց, որ պէտք է հաւատանք, թէ 1000 տարի խաղաղ չենք ապրել, բայց հիմա սահմանագծում եւ սահմանազատում անեն, խաղաղ կապրենք։ Ի՞նչ խաղաղութեան խաչմերուկ, դա ծիծաղ է առաջացնում, որովհետեւ Հայաստանն իր անվտանգութիւնը չի կարողանում ապահովել, էլ ուր մնաց՝ տարածաշրջանի»,- ասել է Հրատ Մելիք-Շահնազարեանը՝ յաւելելով. «Փաշինեանը հող չտւող երբեք չի դառնայ. երկիրը տալիս է, իշխանութիւնը պահելու համար, կամ իշխանութիւնը գնում է՝ վճարելով երկրի հաշւին»։

Related Articles

Back to top button