ՄիջազգայինՔաղաքական

Բայդէնը՝ նախագահական մրցապայքարից դուրս գալու հաւանականութեան մասին. «Եթէ Տէրն իջնի եւ նման բան ասի, կարող եմ անել»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ գործող նախագահ, նախագհի թեկնածու Ջօ Բայդէնը չի պատրաստւում դուրս գալ նախագահական մրցապայքարից: Այս մասին ըստ News.am-ի՝ նա ասել է ABC News-ի հաղորդավար Ջորջ Ստեֆանոպուլոսին տւած հարցազրոյցում:

Բայդէնը խոստովանել է, որ իր մրցակից Դոնալդ Թրամփի հետ անցած շաբաթւայ հեռուստաբանավէճը «վատ դրւագ» էր, բայց ընդգծել է, որ ինքը շարունակում է ուժեղ լինել եւ որ մտաւոր եւ ֆիզիկական կարողութիւնները թոյլ են տալիս եւս չորս տարի ղեկավարել Միացեալ Նահանգները:

«Չէի առաջադրւի, եթէ չմտածէի, որ այդպէս է: Ես առաջադրւել եմ, քանի որ կարծում եմ, որ լաւագոյնս հասկանում եմ, թէ ինչ է պէտք անել այս ազգը բոլորովին նոր մակարդակի հասցնելու համար: Մենք մեր ճանապարհին ենք»,- ասել է Բայդէնը:

Հաղորդավարը հետաքրքրւել է՝ արդեօք նա կը լքի՞ մրցապայքարը, եթէ «համոզւի, որ չի կարող յաղթել Թրամփին»:

«Եթէ Ամենակարող Տէրն իջնի եւ ասի ինձ դա, կարող եմ անել դա»,- պատասխանել է Բայդէնը:

Յիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրութիւնները նշանակւած են նոյեմբերի 5-ին: ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բայդէնի եւ Թրամփի առաջին հեռուստաբանավէճից յետոյ ԱՄՆ-ում ակտիւացել են գործող նախագահին այլ թեկնածուով փոխարինելու քննարկումները. պատճառը Բայդէնի չափազանց անյաջող ելոյթն էր այդ բանավէճում:

Related Articles

Back to top button