Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ե՞րբ է Փաշինեանը «վերաբնակեցնելու» ադրբեջանցիներին Հայաստանում

(Վաշինգտոնի բանակցութիւնների մանրամասները, որոնց մասին պաշտօնական Երեւանը լռում է)

ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ

Քաղաքագէտ

 

Նիկոլ Փաշինեանը գոհ է։ Նա գոհ է օգոստոսի 8-ին ստորագրւած փաստաթղթից, որի համաձայն՝ Ադրբեջանը դարձաւ Հայաստանով անցնող հաղորդակցութեան «բաժնետէրը»։ Նիկոլ Փաշինեանը գոհ է նաեւ նրանից, որ, իր կարծիքով, Արցախի հարցը փակւած է, եւ յայտարարում է, որ «առանց ղարաբաղեան հարցի փակման մենք խաղաղութիւն չէինք ունենայ»։ Խաղաղութեան պայմանագիրը դեռեւս ստորագրւած չէ (չնայած հէնց իշխանութիւններն էին վերջին 5 տարիներին այս փաստաթուղթը ներկայացնում որպէս խաղաղութեան հիմնական երաշխիք), բայց Նիկոլ Փաշինեանն արդէն հասցրել է յայտարարել, որ «Երեւանի եւ Բաքւի միջեւ խաղաղութիւնը հաստատւել է»։

Աւելին, Բաքուն ոչ միայն չի ստորագրել խաղաղութեան պայմանագիրը, այլեւ չի հրաժարւել իր պահանջներից ոչ մէկից, որոնք ներառւած չեն այսպէս կոչւած խաղաղութեան պայմանագրում։ Մասնաւորապէս, խօսքը վերաբերում է Բաքւի պահանջին՝ Հայաստան տեղափոխել տասնեակ հազարաւոր ադրբեջանցիների։

««Արեւմտեան Ադրբեջանի համայնքը» ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը եւ աջակցում է այս ուղղութեամբ պարոն նախագահի (Իլհամ Ալիեւի-Խմբ.) ջանքերին։ Մենք յուսով ենք, որ խաղաղութեան օրակարգի առաջխաղացումը պայմաններ կը ստեղծի արեւմտեան ադրբեջանցիների հայրենի վայրեր վերադառնալու համար։ «Արեւմտեան Ադրբեջանի համայնքը» կը շարունակի իր գործունէութիւնն այս ոլորտում»,- այս մասին յայտարարել է այսպէս կոչւած «Արեւմտեան Ադրբեջանի համայնքի» նախագահ, պատգամաւոր Ազիզ Ալեքբերլին։

Այս յայտարարութիւնն ապացուցում է, որ օգոստոսի 8-ին Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարք են արել.

– Հայաստանի հաշւին Դոնալդ Թրամփին տւել են եւս մէկ «յաջողութեան պատմութիւն»՝ Խաղաղութեան Նոբէլեան մրցանակի համար նոմինացւելու համար։

– Հայաստանի հաշւին Նիկոլ Փաշինեանին տւել են պատկեր – Վաշինգտոնում, Թրամփի ներկայութեամբ, փաստաթղթի ստորագրումը։ Այս փաստաթղթի ստորագրումը Հայաստանում կը ներկայացւի որպէս խաղաղութեան իրական երաշխիք։ Հէնց դա էլ այսօր Փաշինեանն արել է իր ուղերձի շրջանակում։

Եւս մէկ կարեւոր նրբութիւն Ալեքբերլիի յայտարարութեան մասին. Հայաստանի իշխանութիւնները յաճախ իրենց ընդդիմախօսներին մեղադրում են, որ նրանք են «հայկական մեդիադաշտում տարածում ադրբեջանական նորութիւններն ու նարատիւները»։ Սակայն ուշագրաւ է, որ փաշինեանական քարոզչութեան հետ կապւած «Բաղրամեան 26» տելեգրամ-ալիքն առաջիններից էր, որ տարածել է այն ինֆորմացիոն ֆէյքը, թէ իբր Ադրբեջանում սկսել են լուծարել այսպէս կոչւած «Արեւմտեան Ադրբեջանի» հետ կապւած կազմակերպութիւնները, եւ որ դա իբր կապւած է օգոստոսի 8-ի պայմանաւորւածութիւնների հետ։

Բայց նոյնիսկ առանց այդ քարոզչական ալիքի հրապարակման վրայ կենտրոնանալու, դժւար է ասել, թէ արդեօք հնարաւոր է հայկական մեդիադաշտում գտնել մի ելոյթ, որն աւելի շատ յագեցած լինի ադրբեջանական նարատիւներով, քան Նիկոլ Փաշինեանի այսօրւայ ուղերձը։

Մտածէ՛ք այդ մասին…

AlphaNews.am

Related Articles

Back to top button